HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Վրույր Գալստյան

․․․նրանք իրենց դեմքով և նմանությամբ՝ գեղագիտորեն կերտել են Երևանի ոչ վաղ անցյալի պատմությունը և հիմա պատմություն են՝ մեզնից աննկատ ու մեզ անհայտ․․․  չգիտես ինչու, գուցե Աստծո ներշնչումով, երբ առաջին անգամ հանդիպեցի Վրույր Գալստյանին՝  «Չորրորդ խանութ» մտավորականների հավաքատեղի սրճարանում՝ 80-ական թվականներն էին, կարծեցի ․․․ Պոլ Գոգենն է։ Չգիտեի, որ գեղանկարիչ է սրճարանի մի անկյունում միայնակ, լայնեզր գլխարկով վերարկուի մեջ կծկված՝ ամփոփ, պատուհանից դուրս կարծես ինչ որ բան էր փնտրում; Դիմանկա՞ր, թե՞ կենդանի դիմաքանդակ ինձ համար տարակուսելի էր, և ցայժմ այդպես էլ մնաց երևանյան այն օրերի հիշողություններիս գուներանգային շղթայում, իբրև ամենաաներկրային կերպարներից ինձ երբևէ հանդիպած։

Վրույր Գալստյանի տեսողական և զգայական գեղանկարչական ուժը մեր կերպարվեստում անկրկնելի է․․․ առաջին իսկ տպավորությունս ճշմարիտ-իրական էր, որ հետագայում պարզվեց երբ նրան հաճախ էի տեսնում Սեյրան Խաթլամաճյանի հետ՝ սրճարաններում և Մաշտոցի պողոտան ի վեր, ի վար քայլելիս։ Ու միշտ մտածում էի, որ իր լռությունը ժամանակին չհամակրեպվելով էր խոսուն, գուցե ինքնապաշտպանվում էր սոցռեալիզմի այդ օրերի տիրական իրականությունից; Եւ երբ բարեբախտություն ունեցա Ժամանակակից արվեստի թանգարանում տեսնել նրա գեղանկարչական աշխատանքները՝ համոզվեցի, որ իր լռությունը այլաշխարհային իմաստ և նշանակություն է ունեցել գրեթե ողջ կյանքի ընթացքում, որովհետև ժամանակի ժամանակավրեպ հմայքներով ապրող մտավորականը չէր կարող և ի զորու չէր ստեղծել այն արվեստը, որը թերևս ամենաչգնահատվածներից է հայ գեղանկարչության պատմության մեջ։

1.jpg (398 KB)

Հիշում եմ Հենրիկ Իգիթյանի անթաքույց սերն ու գնահատանքը նրա կենդանության օրոք, երբ գեղանկարչության սոցռեալիզմի ուրվականը ջանասիրաբար թևածում էր կերպարվեստի ոլորտում և նույնիսկ «ուղեղի մթագնում» էին համարվում մեզանում սակավ այն գեղանկարիչների կտավները, որտեղ սրբորեն չէր պատկերված մայր բնությունն ու հարակից սովետական այլ տիրական, գաղափարաշունչ «արժեքներ»։ Գծված ուղենշից դուրս քայլ անելն առնվազն հանդգնություն էր, եթե ոչ այլախոհական նկրտումների արգասիք՝ բնականաբար հետապնդումների ենթակա․․․ Եւ Իգիթյանի հրատարակած «Վրույրը» ալբոմը /2006թ/ հազվագյուտ բացառություններից էր գեղանկարչի արվեստի նկատմամբ ուշադրության «թույլ կրակոցներից»։ Իսկ իրականում այն վերարժևորելու համար մի՞թե ժամանակ է պետք, արդյոք այդ ժամանակը մի օր հայտնվելու՞ է, և ու՞մ բարի կամեցողությամբ․․․

VruirEraz.jpg (369 KB)

Տարիներ առաջ  ծանոթներիցս մեկի և իր բարեկամի «բանավեճին» ականատես եղա վերջինս Տրետյակովյան պատկերասրահում Վրույր Գալստյանի կտավներից տպավորված համոզված ասում էր, որ գեղանկարիչը ողջ կյանքում ապրել է Մոսկվայում ու Պետերբուրգում՝ Հայաստանում այդպես էլ նրան չճանաչեցին։ Քիչ է ասել, որ մի պահ վարանեցի որևէ խոսք ասել, միևնույն է՝ չէր հավատա։ Բայց դիմելով նրան կես լուրջ, կես կատակ, իրականում գուցե չափազանց լուրջ ասացի «Վրույր Գալստյանը ծնվել, ապրել և մահացել է Երևանում, եթե ձեզ տարիներ առաջ հանդիպեր, անպայման իբրև բնորդ կցանկանար նկարել․․․»։ Մտովի իր հայտնի «Խեղկատակախաղք» նկարաշարի կերպարներից վերացարկվեցի հասկացվե՞ց, թե չհասկացվեց իմ խոսքը, որ ոչ այնքան  նրան էր ուղղված, որքան՝ ինձ համոզելու, որ իրականում նրա վրձնած խեղկատակներն ու ծաղրածուները գունային երևակայության արդյունք էին՝ իրականության մեջ իր փնտրածը չգտած տեսնելու ցանկության արտահայտություն իհարկե, ոչ այն մտայնությամբ, երբ կերտում էր չարենցյան անկրկնելի պատկերաշարքը, ինքնադիմանկարները կամ Երվանդ Քոչարի, Վահրամ Փափազյանի, Վիլյամ Սարոյանի գուցեև անճանաչելի թվացող դիմանկարները։ Եւ դեմքերի ու դիմակների միախառն մտազուգորդումներով էսթետիկ  կերտվածքներում ինքը աներևութաբար միշտ առկա էր՝ կերպարներին ձուլված ու նրանց հետ մենախոսող։

Սակավադեպ են հանդիպում այնպիսի ներհուն մտավորականներ, որոնք լռախոհաբար  կարծես թե ինչ որ բան են թաքցնում՝ մտավախություն ունենալով, որ ահա, ուր որ է «կհայտնաբերեն», «կգաղտնազերծեն» այն, ինչ միայն իրենցն է՝ հանրության համար անըմբռնելի խնդրո առարկա երևի նրանք այդ պահին նույնպես այսկերպ են խորհել։ 

VruirSero.jpg (271 KB)

Ես Վրույր Գալստյանին հանդիպելիս, ի ցավ ինձ, չկարողացա ոչ մի բառ փոխանակել, որովհետև ինքը միշտ իմ պատկերացմամբ, ավելին՝ համոզմամբ այլ աշխարհում էր, ես․․․ այդ օրերի Երևանում։ Այս ամենն ինձ մշտաբար տեսիլքի պես է հայտնվում՝ գորշագույն վերարկուով, լայնեզր գլխարկով, խուսափուկ հայացքով իմ տպավորությամբ ինքն իրեն  լռելյայն ինչ որ տեղ էր առաջնորդում, ուր վստահ էր, որ իրեն սպասող․․․ բնավ չկա՝ բացի մենության իր ուրվականներից, որոնց հետ արդեն տարիներ առաջ հանդիպել էր․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter