HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեն՝ այս տարի. որտեղից և ինչպես է հավաքվել փողը

Հայաստանի պետական բյուջեն մշտապես տնտեսագետների ու ոլորտով հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում է։ Այս թեման իր «գագաթնակետին» է հասնում, երբ Կառավարությունն ու Ազգային ժողովը պլանավորում, քննարկում ու ընդունում են գալիք տարվա բյուջեն։ Սակայն, պակաս կարևոր չէ նաև ընթացիկ տարվա բյուջեն՝ որքան հարկ է հավաքագրվել, որքան է ծախսվել կամ չի ծախսվել։ Այս տարի քննադատության թիրախում են հատկապես կապիտալ ծախսերը, որոնք զգալի թերակատարվում են։ Այդ մասին ինֆորմացիան, սակայն, հիմնականում ներկայացվում է կամ հատվածաբար, կամ առանց մեկնաբանությունների ու մանրամասների։ «Հետք»-ը փորձել է այս  հոդվածաշարով ներկայացնել այս տարվա բյուջեի կատարողականը՝ որքան գումար է հավաքվել, որ գերատեսչությունը որքան է ծախսել, որը՝ որքան և ինչու է թերացել ծախսերում և այլն։ Այս նպատակով ուսումնասիրել ենք բազմաթիվ հաշվետվություններ ու փաստաթղթեր, որոնց հիմնական աղբյուրը Ֆինանսների նախարարությունն է։

Հոդվածում ներկայացված է տարվա առաջին երեք եռամսյակների պատկերը (հունվար-սեպտեմբեր):

Բյուջե է մտել փոքր-ինչ ավելի շատ գումար, քան նախատեսված էր

Ամեն տարվա համար Կառավարությունն ու Ազգային ժողովը քննարկում ու հաստատում են երկրի պետական բյուջեն՝  եկամուտները, ծախսերն ու պակասուրդը։ Պակասուրդն առաջանում է, քանի որ մեզ մոտ ծախսերը մշտապես ավելի շատ են պլանավորվում, քան եկամուտները։ Եվ այդ պակասուրդը լրացվում է պարտքով՝ ներքին ու արտաքին աղբյուրներից։ Սովորաբար, տարվա ընթացքում թե՛ ծախսերի, թե՛ եկամուտների պլանը փոփոխվում է։ Դա կատարվում է Կառավարության որոշումների շրջանակում։

2019 թվականին, ըստ ճշտված պլանի, նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում հավաքագրել 1 տրլն 579.4 մլրդ դրամի եկամուտներ, որից՝ 1 տրլն 145.7 մլրդ դրամը միայն առաջին 9 ամիսներին։

Փաստացի, 9 ամիսների ընացքում՝ հունվար-սեպտեմբերին, փոքր-ինչ ավելի շատ եկամուտ է ստացվել, քան նախատեսված էր։ Այն կազմել է 1 տրլն 148.1 մլրդ դրամ։ Այդպիսով, նախատեսվածից 0.2 %-ով ավելի շատ եկամուտ է ստացվել։

Ինչպես տեսնում ենք, տարվա 9 ամիսների կտրվածքով բյուջեի եկամուտների գերակատարումն այնքան մեծ չէ, որքան մշտապես խոսվում է։ Այստեղ խնդիրն այն է, որ տարվա առաջին կիամյակում՝ հունվար-հունիսին, ավելի մեծ չափով է գերակատարվել բյուջեն՝ (ըստ Ֆիննախի հաշվետվության՝ 2019 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 758.5 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 6.6 %‑ով գերազանցելով Կառավարության կիսամյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշը), սակայն երրորդ եռամսյակում այդ տեմպերը չեն պահպանվել։

2018 թվականի 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.6 %-ով կամ 204.2 մլրդ դրամով: 

Բյուջեի եկամուտների մեծ մասը քաղաքացիներից ու կազմակերպություններից գանձված հարկերն են, ինչպես նաև՝ պետական տուրքերը, որոնք միասին կազմել են մոտ 1 տրլն 79.2 մլրդ դրամը։ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ հարկերի ծավալն աճել է 191.5 մլրդ դրամով կամ 21.6 %-ով։ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ այս աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի և ակցիզային հարկի գծով մուտքերի աճով: Տեսանելի է նաև տնտեսավարողների կողմից վճարված գերավճարների վերադարձն ու հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումների աճը։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ 9 ամիսների ընթացքում նշված գումարները կազմել են շուրջ 136.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 55.2 մլրդ դրամի դիմաց:

Բյուջեի ճշտված պլանով նախատեսված է եղել հավաքել 1 տրլն 061.5 մլրդ դրամի հարկեր, ինչը նշանակում է հարկերի պլանն 9 ամսում 17.6 մլրդ դրամով կամ 1.7 %-ով գերակատարվել է։

Բյուջեի եկամուտների մնացած մասը պաշտոնական դրամաշնորհներն են ու այլ եկամուտները։ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են ավելի քան 9.3 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ։ Պաշտոնական դրամաշնորհները պլանավորված են եղել 24.8 մլրդ դրամ։ Այսինքն՝ ծրագրով նախատեսված մուտքերի միայն 37.5 %‑ն է իրականացվել։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանում են, որ նշված ցուցանիշը պայմանավորված է նպատակային ծրագրերի ցածր կատարողականով, ինչը նշանակում է, որ նախատեսված ծրագրերի մեծ մասը չի իրականացվել։

Իսկ բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 59.7 մլրդ դրամ՝ 0.5 %-ով գերազանցելով 9 ամսվա ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտների գծով արձանագրվել է 21.4 % աճ, որը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներից, բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացված տոկոսավճարների մուտքերի աճով:

Պետական բյուջեի եկամուտների կառուցվածքն էական փոփոխություն չի կրել այս տարի։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի՝ հիմնական աղբյուրը հարկերն են։

Այսպիսով, այս տարվա առաջին 9 ամիսներին բյուջեի եկամուտների մասով խնդիրներ չեն առաջացել։ Կանխատեսված չափով գումար մուտքագրվել է բյուջե, և այն փոքր-ինչ գերակատարվել է՝ անգամ գերավճարների վերադարձման զգալի աճի պայմաններում։ Հաջորդիվ կներկայացնենք բյուջեի ծախսերը, որոնք, ի տարբերություն եկամուտների, բավականին շեղված են պլաններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter