HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Կյանքի ծաղիկը

Երևի թե սխալ է սահմանել, թե ինչ է արվեստը, բայց առանձին մարդկանց գոյությունն ինձ գայթակղում է օգտվել սխալվելու հնարավորությունից: Պատմվածքը ևս գրվում է սխալվելու մեծ հավանականությամբ: Այդ պահին գրողը քայլում է եզրով: Նա շատ նման է անդունդի վրայով շարժվող լարախաղացի, ով ամեն պահ կարող է վայր ընկնել: Ես միշտ պատրաստ եմ նման հանդգնության, միայն թե գլխիս մեջ միտք ծագի: Կարևորը մտքի թռիչքն է, որը միշտ չէ, որ քեզնից է կախված… Մնացածը սոսկ տառապանք է, որ միայն և միայն քեզնից է կախված: Մտահղացումը քմահաճ է, նման գյուտի, էվրիկայի, որ կարող է լինել կամ չլինել: Ամեն դեպքում, խնդիր առաջադրելն ավելի դժվար է, քան լուծելը… Մի ակնթարթը, մի բառը, մեկ տողն անգամ բավական է, որ բռնկվեմ: Այս պատմվածքը սկիզբ առավ ֆեյսբուքյան գրառումից.   Սամվել Սևադայի մասին մեկնաբանություն էի արել և բռնկվել: Կայծը բոց էր տվել.

«Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար…,- գրել էի,- ընդամենը Սամվելի նման ընկեր ունենալ… Իսկական արվեստը, ո՛չ կտավի վրա է, ոչ քանդակի մեջ, ո՛չ լուսանկարչական ապարատի, ո՛չ երաժշտության և ո՛չ էլ գրի մեջ… Իսկական արվեստը ակունքի մեջ է: Դու ապրել և ապրում ես ստեղծագործորեն: Աստծո տված կյանքն էլ վերստեղծում ես՝ հոգով, սրտով, միս ու արյունով: Եվ կարևոր չէ, թե վրձնիդ ծայրին ինչ է եղել, կարևոր է, թե սրտիդ մեջ ինչ կա… Էդ մի կտոր հացը կիսել ես շատ շատերի հետ՝ Վոլդեմարի և ուրիշների հետ: Եվ ուրիշը լավ է զգացել, ավելի քան դու ես լավ զգացել: Էդ լավը հենց արվեստն է: Սերն արվեստ է, և առավել քան արվեստ է, երբ գեղեցկության մեջ է: Սերն է քեզ արարել և դու դա հատուցում ես միևնույն սիրով…

Էս մի առավոտդ էլ թող էսպես բացվի…»:

Եվ ինչու՞ չբացվի…, երբ մարդն արժանի է ոչ միայն մեկ լուսաբացի…

Ամեն օր եմ սպասում առավոտի գալուն: Սիրում եմ տարին, երբ սկսվում է դեկտեմբերի 22-ից, երբ ոչ միայն օրն է բացվում. լույսը խոցում է մթին՝ կամաց, կամաց լույսն է շռայլ առաջ գնում… Անլույս առավոտներ չեն լինում: Լույսի հետ բացվում է հույսը: Ինձ երբեք չի լքել հույսը, քանզի միշտ այն շաղախվել է առավոտյան շաղերով: Բայց եղել են օրեր, երբ թվացել է, թե մութը հաղթում է լույսին: Սովետի փլվելու տարիներն էին: Ազգովի հայտնվել էինք վիթխարի երկրի փլատակերում: Ղարաբաղյան պատերազմն էլ մի կողմից… Մեր կերածը վերմիշել էր ու մի սև հաց, որ կնոջս ու երկու երեխաների հետ չորս մասի էինք բաժանում ու սուրբ նշխարի պես նայում նկանակի երեսին: Աստծուց կրակ չէինք ուզում, հաց էինք ուզում, հա՛ց, որ Աստծո պատվիրանները կատարեինք: Լույսը թե բացվեր՝ վերևից պիտի բացվեր: Բանկիր ընկերս՝ Ստեփանյան Գագոն, դեմքիս գույնից հասկացել էր դրության լրջությունը: Ամեն տեսնելիս ինձ իր մոտ էր կանչում: Մի օր էլ ասի՝ գամ ի՞նչ անեմ… Ասաց, ուզում եմ քեզ օգնեմ: Ձեռքիս ոչ ծանրոց կար, ոչ էլ մեջքիս բեռ, մտածում էի, թե ինչը պիտի օգնի: Համենայն դեպս՝ գնացի: Կաբինետ մտնելուն պես դիպլոմատը բացեց: Մատները խաղացնելով՝ մեջը քուջուջ էր անում: Ասես, ծածուկ, դաշնամուր նվագեր…Մեկ էլ գործիքը փակեց ու որտեղից որտեղ՝ սովետի կարմիր տասանոցների մի տրցակ ձեռքին՝ դեպի ինձ եկավ: Երեսիս թե գույն կար՝ եղածն էլ փախավ: Տասանոցները զոռով ծոցագրպանս էր խոթում: Ասի.

-Էս ի՞նչ ես անում...

Ասաց.

-Կագեբեն կտենա՛, կագեբեն կտենա՛,- ու տասանոցների տրցակն ապահով պարտակեց ծոցումս:

Դուրս եկա: Առավոտ էր, Արարատյան դաշտի պայծառ առավոտներից մեկը: Սիրտս խլվլում էր, ասես ծոցումս աղավնի թպրտար: Ու չգիտեի՝ աղունիկը սիրտս էր, թե՞ սրտիս վրայի կարմիր տասանոցների տրցակը…

Էդ օրից երեսուն տարի է անցել: Գրողի ծոցը գնացին փլուզման, պատերազմի ու քաղցի տարիները: Կազդուրվեցի՝ թե նյութապես և թե հոգեպես: Երկնքից մանանա ընկավ, գրական վաստակս նշանավորվեց նախագահական մեդալով և մրցանակով: Մանանան էլ ո՞նց է լինում, եթե ոչ տաս հազարի դոլարներ, որ թրթռալեն իջան սակավամազ գլխիս: Կարծում էի վերջ, էլ ինձ բռնել չկա՝ այսուհետև երկինքն է լինելու իմ բնակավայրը…Ցտեսություն Վերնիսաժ, ցտեսություն՝ սառույցով, ձյունով, անձրևով, կարկուտով, տապով ու տոթով օծված դառն ու լեղի  օրեր… Այնինչ, ոչինչ չփոխվեց… Դեռևս կանգնած  եմ Վերնիսաժում, անձրևի, ձյան տակ ցրտից կծկված ու մարմինս բաճկոնիս տակ պատսպարելով՝ թումանյանական չարչու պես էլի նույն երգն եմ երգում՝ մատնիք, ուլունք, ապարանջան… Բա ո՞նց է լինում, երբ որոշ մտավորականներ թռնում ու իրենց տեղն էին գտնում իշխանական թարեքին… ինչու՞ իմ հարթակը չի փոխվում… Մտածում եմ, մտածում ու մի կերպ հասկանում, որ ամեն ինչ իր գինն ունի: Հենց այնպես ոչինչ չի լինում: Պիտի տրվես, որ ստանաս, պիտի ծառայություն մատուցես… Երկու երնեկը մի տեղում չի լինում՝ կամ ոռաբնակ պիտի լինես, կամ երկնաբնակ: Նրանք արդեն իսկ իրենց տեղը գտել են՝ ետնամուտքում, տաքուկ ու ապահով վայրերում… Ես տալու բան չունեմ: Տվողին են անում՝ փող, փառք, դիրք, պաշտոն… Չտվողին անտեսում են՝ ինչ մեդալ ու մրցանակ էլ ունենա…  Եվ վերջապես՝ ո՞վ է ուզել, որ չի ստացել… Էս վերջերս ըմբոստ պոետ անցավ մոտովս: Ասաց, գնում եմ Ծառուկյանից 5000 դոլար ստանամ: Ասի, բա էլ ու՞ր մնացին քննադատական ելույթներդ… Ասաց՝ մի տարով, երգեցիկ ձայնով ասաց՝ մի տարո՜վ… Այսինքն թե՝ Ծառուկյանի գծով իր լաբառոշ բերանը մի տարով տարկետում է գնում, մեկ տարի ժողովրդի սիրելի օլիգարխը կարող է ազատ շունչ քաշել… Ինչու՞, ուզվորը միայն նա՞ է… Հանճարներն անգամ չեն կարողացել խուսափել նենգ թակարդներից: Ասում են՝ Հովհաննես Թումանյանի մահից հետո նրա կնոջ՝ Օլգայի առջև են դրել շուրջ 69 տեղից պարտքացուցակ, մեծամասամբ՝ բանկերից: Մեծերը պարտքի տակ են մնացել, փոքրերը՝ մուննաթի…  Տաղանդի չափանիշն ամենևին էլ աղքատությունը չէ: Աղքատությունը բարդույթ է: Ես լորդ Բայրոնի, Յոհան Ֆոն Գյոթեի, գրաֆ Տոլստոյի կողմնակիցն եմ: Սա է ճշմարտությունը: Քսանհինգ տարի է՝ առևտրի մեջ եմ, բայց էդպես էլ սակարկելու գինը չիմացա… Ինչքան պիտի կանգնեմ Վերնիսաժում, որ 5000 դոլար ունենամ… Երբ երկու տարվա վաստակը կարելի է մի ակնթարթում ստանալ: Դրամով և բարոյականության անկումով շատ բաների կարելի է հասնել, բայց ոչ ամեն ինչի: Ամենակարևորը չի գնվում: Ստեղծագործողներ կան, որոնք հանուն իրենց ստեղծածի պատրաստ են կարելի և անկարելի միջոցների՝  քծնանքի, շողոքորթության, սադրանքի, պոռոտախոսության, ագրեսիայի… միայն թե հասնեն իրենց նպատակին: Ինչպե՞ս կարելի ստորության գնով իր իսկ ստեղծածը ավելին դասել սեփական անձից: Մարդուց ելածը չի կարող ավելին լինել քան մարդն է: Արժանապատվություն կորուստը կյանքի պակասություն է:

Այսպիսին է կյանքը. երկու երնեկ իրար հետ չի լինում: Բայց կա մի երնեկ, որն անփոխարինելի է: Ամիսը մեկ ժպտալով ինձ է մոտենում աշխարհի ամենաանժպիտ մարդը՝ Կտրիճ Սարդարյանը: Ասում է, պատմվածքներդ կարդալիս այնքա՜ն եմ ծիծաղել…  Հպարտությամբ, ցանկանում էի շրջապատիս  ներկայացնել՝ երբեմնի փոխվարչապետին, երևելի քաղաքական գործիչին, Հռչակագրի հեղինակին, ով հասկացել էր, որ չի կարելի Հայոց հարցերը միջազգայնացնել, ով դեմ էր եղել աշխարհի տերությունները թշնամիների ու բարեկամների բաժանելուն, ով կողմ էր մեր հարցերը մեր իսկ միջոցներով լուծելուն առանց միջնորդ պապաների… Վերջ ի վերջո, մինչև ե՞րբ պիտի գնանք Տիզբոն… Մեր բոլոր  ճանապարհները մաշվել են այդ ճանապարհին…  Տիզբոնը միֆ է, ֆիկցիա, ուղեղի մորմոք… ,- կասեր մեծերի մեծը: Ախր, ե՞րբ պիտի գտնենք մեր ճամփան… Այդպես էի ուզում ներկայացնել Կտրիճ Սարդարյանին, իսկ նա դժկամությամբ գլուխը թեքում էր: Նա քաղաքական ասպարեզը լքել էր խռովքով և այդ մասին չէր էլ ուզում հիշել.

-Մոռացվել, մոռացվել, ապրել մոռացված, ամեն ինչից հեռու և անտեսված՝ ահա իմ փափագը…,- ասում էր:

Իսկ ինձ իր գաղափարները հետաքրքրում էին, կուզեի դրանք կյանքի կոչել, կուզեի նաև, որ կյանքի հանդեպ հավատով լցվեր այդ մարդը՝  վիրավորանքները, ֆիզիկական տկարությունը, ծանր վիրահատությունները, հասարակական ու քաղաքական տառապանքները դեմքին դրոշմած Կտրիճ Սարդարյանը… Իսկ նա ուզում էր մոռացվել… Բայց և ինքն իրեն մոռացության տալով՝ իմ մեջ հարազատ բան էր գտել: Դրանով էր հյուսվում մեր բարեկամությունը: Ինձ ճաշի էր հրավիրել: Ես խմեցի իր կենացը, ինքը չխմեց… Արդեն խմել էր.

-Որ դու Նախագահի մրցանակ ստացար,- ասաց,- կնոջս ասեցի մի բաժակ օղի բեր՝ կենաց պիտի ասեմ: Կինս ասաց, քեզ չի կարելի, քո անկանոն ճնշման պայմաներում օղին հակացուցված է: Ասի, բե՛ր, բե՛ր… Եվ գիտե՞ս ինչ ասեցի… Ասի, խմում եմ Լևոն Ջավախյանի կենացը… այն, ինչ քաղաքականության մեջ ես չկարողացա անել, կարողացավ դա անել Լևոնը գրականության մեջ… Դու ճեղքեցիր…,- ասաց:

Այսքանից հետո, արդյոք, ի՞նչ գին կարող են ունենալ դոլարները…Իսկ ո՞վ պիտի ասի ոգևորիչ, զորավոր խոսքեր՝ օլիգա՞րխը, թե՞  իշխանական կամ էլ քաղաքական ինչ-որ թշվառական…

Ոչինչ չի մոռացվում…

Բայց, արդյոք, իմ բողոքը ձգտում ունի՞… Վերնիսաժում ես ինձ լավ եմ զգում: ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԴՈՒ ԳՐՈՂ ՉԵՍ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԱՐԴ ԵՍ, ԻՍԿ ԵԹԵ ԱՅԴՏԵՂ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ՝  ԻԲՐԵՎ ԳՐՈՂ ԵՍ, ՈՒՐԵՄՆ, ՈՉ ՄԻ ԲԱՆ ԵՍ…Այստեղից տեղափոխվելու խնդիր չունեմ: Նույնիսկ աշխարհի վրա «Ա» կետից «Բ» կետ տեղափոխվելն իմ համար խնդիր է: Ճանապարհորդել չեմ սիրում: Կյանքն ինձ համար զբոսանք չէ: Բայց հասկանում եմ, որ շարժումը կյանք է: Լավ գրող լինելու համար կամ աշխարհը պիտի շրջես, կամ էլ աշխարհը պիտի շրջվի քո կողմը: Առայժմ աշխարհն է պտտվում իմ շուրջը: Ես եմ առանցքն իմ Երկրի: Գրեթե ամեն օր առջևովս անցնում են սպիտակամորթներ, սևամորթներ, դեղնամորթներ, կարմրամորթներ… Շուրջս մի ողջ աշխարհ է պտտվում: Վերնիսաժը մի փանջարա է, որտեղից երևում է՝ լավն ու վատը, չարն ու բարին, լույսն ու մութը, տեսանելին ու անտեսանելին… Իմ գիրն ուրիշ գիր է, որ իհարկե, չի հասնի Սայաթ-Նովին, բայց, անկեղծ փորձ է հասնել անհասանելիին: Կյա՛նքը, որի մեջ ապրում, շնչում, արտաշնչում և արարում եմ… Աշխարհում կա՞ մի արվեստ, որն ավելին է քան ապրելը: Հրաշք է կյանքը, նման երազի: Կարո՞ղ է, չէ՞, ծնված չլինեինք: Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազում: Այսքանից հետո երջանկություն ենք փնտրում, փոխանակ կախարդական առէջի նեկտարը վայելենք: Պատմվածքս ֆեյսբուքյան գրառումով սկսեցի, երևի նույնպիսի գրառումով էլ ավարտեմ: Մտավորական ընկերս՝ Լևոն Գալստյանը, իմ էջում մեկնություն էր թողել. «Լևոն ջան,- գրել էր,- Դոստոևսկին ասես քո գրականության մասին է գրել սա. «Պետք է, կյանքն ավելի սիրել, քան կյանքի իմաստը»:  Չնայած կա նաև քո՛ բանաձևը. «Կյանքի իմաստը կյանքն է»: Բոլոր դեպքերում պետք է ճշտել՝ Դոստոևսկին եղե՞լ է Լոռիում»: Համոզված եմ, որ չի եղել,- պատասխանեցի,- քանզի եթե եղած լիներ, ավելի հանճարեղ կլիներ: Մի բան պարզից էլ պարզ է, որ մենք նույն առվի ջուրն ենք խմել: Թե ինչպե՞ս՝ դա էլ թող գրականագետները մեկնեն: Ամեն դեպքում, ես գրքեր եմ գրել, որոնք բարձր են գնահատվել ընթերցողների կողմից: Բայց կարևորն ամենևին էլ դա չէ… Ես կգերադասեի ոտնատակ տալ բոլոր գրքերս ու աստիճանասանդուխտի պես գիրք առ գիրք ոտք դնել դրանց վրա՝ միայն թե, հասնեի կյանքի ծաղկին…  

15.12.19թ.

Մեկնաբանություններ (1)

Սեդրակ
Լևոն ջան, իրավացի ես. «Իսկական արվեստը ակունքի մեջ է», իսկ դու եզակի գրողներից ես, որ կարողանում են ակունքի մաքրությանը հավատարիմ մնալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter