HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ջրօգտագործող ընկերություններին չի հաջողվել խուսափել նոր պարտքեր կուտակելուց

Ջրային կոմիտեում պաշտոնանկություններ են սպասվում

Դեկտեմբերի 12-ին, ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) տնօրենները տարածքային կառավարման եւ զարգացման (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին զեկուցել են տարեկան հավաքագրումների ցուցանիշը։ Ըստ ներկայացված տվյալների` 2019 թ դեկտեմբերի 11-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։

Լրատվությունը չի մեկնաբանում, թե ավել հավաքագրված 796 մլն դրամն ինչ է նշանակում եւ ընդհանրապես, այս տարի ՋՕԸ-երը քանի տոկոսով են կատարել հավաքագրումը: Հայտնի է, որ նախորդ տարին, ՋՕԸ-ի գործունեության ողջ ժամանակահատվածի ընթացքում հավաքագրումների ամենացածր ցուցանիշն է գրանցվել եւ նախորդ տարվա հետ համեմատությունը դրական դինամիկա չի կարող համարվել: 

Հիշեցնենք, որ 2018-ին, ըստ ՋՕԸ-ից ստացված ամփոփ տվյալների, մատակարարված ոռոգման ջրի դիմաց պետք է գանձվեր շուրջ 65 մլրդ դրամ, սակայն գանձվել էր ընդամենը 33 մլրդ դրամ։ ՋՕԸ-երի միայն էլեկտրաէներգիայի ծախսը կազմել էր 6.51 մլրդ դրամ: 2017 թ.-ին ՋՕԸ-երից հինգը վարկ էին վերցրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ կուտակված պարտքերից 6,941 մլրդ դրամը մարելու համար: Մասնավորապես. 

«Արարատ» ՋՕԸ-ն վերցրել էր 409 մլն 297 հազար դրամ վարկ,

«Արտաշատ» ՋՕԸ-ն վերցրել էր 493 մլն 296 հազար դրամ վարկ,

«Գեղարքունիք» ՋՕԸ-ն վերցրել էր ավելի քան 256 մլն 519 հազար դրամ վարկ,

«Կոտայք» ՋՕԸ-ն վերցրել էր ավելի քան 121 մլն դրամ վարկ,

«Թալին» ՋՕԸ-ն վերցրել էր ավելի քան 186 մլն դրամ վարկ:

«2017 թ.-ին առեւտրային բանկից վարկ է տրամադրվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ ընկերությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով եւ ՋՕԸ-երը վարկային գումարները ծախսել են էլեկտրաէներգիայի դիմաց կրեդիտորական պարտքերը մարելու համար»,- մեր գրությանը պատասխանել է Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը: 

Որքան էլ զարմանալի է, բայց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նշված ընկերություններին վարկը տրամադրել է առանց բանկում գույք գրավադրելու, սակայն հետագայում կալանք էր դրվել ՋՕԸ-երի բանկային հաշիվների վրա, քանի որ նրանք չէին մարել վարկը։ Վարկի վերադարձը, ըստ կնքված պայմանագրերի, սահմանվել էր մինչեւ 2018 թ.-ի ապրիլի 1-ը: 

Կառավարությունն այս տարվա հուլիսի 4-ի 854-Ա որոշումով 4 մլրդ 87 մլն 871 հազար դրամ հատկացրեց Ջրօգտագործողների ընկերությունների կրեդիտորական պարտավորությունների մարմանը աջակցելու նպատակով։ Կառավարությունում հիմնավորեցին, որ ՋՕԸ-երը նախորդ տարիներից կուտակել են մեծաքանակ պարտքեր՝ մասնավորապես, վերջին տարիների սակավաջուր եւ չորային եղանակի հետ կապված ոռոգման համակարգում իրականացված մեխանիկական ջրարտադրությունից առաջացած էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: 

Մեր երկրում ոռոգման համակարգի պահպանումն ու շահագործումն իրականացվում է 15 ջրօգտագործող ընկերությունների եւ «Ջրառ» ՓԲԸ-ի միջոցով։ Պարզվում է, որ 15 ՋՕԸ-ից սակավաջրության հետեւանքները հենց այդ 5 ՋՕԸ-երն են կրել կամ նրանք են վարկային միջոցներ ներգրավել:

Հարցն այն է, որ ՋՕԸ-երի աշխատանքն այս տարի էլ արդյունավետ չի եղել, նրանք շարունակում են պարտքեր կուտակել եւ չի բացառվում, որ հաջորդ տարվա գարնանը կառավարությունը կրկին ստանձնի ՋՕԸ-երի պարտքերի մարումը: Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հոկտեմբերի 23-ին ՋՕԸ ներկայացուցիչների հետ  անցկացրած խորհրդակցության ժամանակ  հորդորել էր մարել ունեցած պարտքերը եւ ամեն ինչ անել, որպեսզի 2020 թ մտնեն առանց աշխատավարձերի ու էլեկտրաէներգիայի վճարի պարտքերի։ «Խնդիր է դրված հասնել մինչեւ 90% հավաքագրման եւ սա հնարավոր կլինի միայն ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Ջրային կոմիտեի ղեկավարը: 

Ավելի ուշ, ՋԿ նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ։ «Ընկերությունների տնօրեններին ուղղված իմ խոսքում մտահոգություն եմ հայտնել Ջրօգտագործողների ընկերությունների կողմից գանձումների փաստացի ցուցանիշների առնչությամբ եւ ընդգծել, որ պետք է վերջ դնել այն գործելաոճին, երբ կառավարությունը ստիպված է լինում բյուջեից ամեն տարի փոխհատուցել ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքների հետեւանքով տարիներ շարունակ գոյացած պարտքերը»,- գրել է Հարություն Գուլյանը։

Վերջինս հիշեցրել է, որ ՋՕԸ-երը դեռեւս պարտք ունեն «Ջրառ» ՓԲԸ-ին եւ պետք է մինչեւ 2019 թ.-ի ավարտը մարեն պարտքը: «Ջրառ» ընկերության ղեկավար Կարեն Եփրեմյանը  հայտնել է, որ դեռեւս հուլիսի 1-ի դրությամբ ձեւավորված շուրջ 620 մլն դրամի պարտքից ՋՕԸ-երը չնչին մասն են մարել: Նա ՋՕԸ-երին հորդորել էր ժամանակին փոխանցումներ կատարել, որպեսզի իրենք էլ հարկային պարտավորություններ չկուտակեն: 

Խոսվում է նաեւ էներգոցանցին ունեցած պարտքերի մասին, սակայն հստակ թվեր չեն նշվում:

ՋՕԸ-երում անցած տարվանից ստուգումներ էին իրականացնում Պետական վերահսկողական ծառայությունը եւ Հաշվեքննիչ պալատը: Երկուսն էլ այս տարի հրապարակեցին ուսումնասիության արդյունքները, որում բացատրություն են տալիս նաեւ այն հարցին, թե ինչպես են ՋՕԸ-երը կուտակել էլեկտրաէերգիայի մեծ պարտքերը:  Նշված ուսումնասիրությունների արդյունքները փաստում են, որ ոռոգման համակարգի համար առողջացման ծրագիր մշակելն անհրաժեշտություն է: 

Երբ ամռանը Կառավարությունը որոշում էր կայացնում մարել ՋՕԸ-ի նախորդ տարիների պարտքերը, ներկայացված փաստաթղթային հիմնավորումներով Ջրային կոմիտեն հավաստիացնում էր, որ միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման եւ դրանց մարման կարգի վերաբերյալ տարբեր ուղղություններով միաժամանակ իրականացվում են տարբեր միջոցառումներ։ «Արդյունքում կներկայացվի միջնաժամկետ ժամանակահատվածի համար կրեդիտորական պարտքերի հիմնավորվածության, կանխարգելման եւ դրանց մարման կարգի վերաբերյալ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզ»,- նշված էր փաստաթղթում։

Պետական վերահսկողական ծառայությունն այս ամռանը հրապարակեց «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» եւ «Արարատ» ՋՕԸ-երում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ շուրջ 3,6 մլրդ դրամի խախտում էր արձանագրել։ Միայն «Արտաշատ» եւ «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։ 

2019 թ. մարտին Ջրային կոմիտեում կատարված ուսումնասիրության արդյունքները հրապարակեց նաեւ Հաշվեքննիչ պալատը: Հայտնաբերել է մի շարք խախտումներ. մասնավորապես

  1. բացակայում է ջրի ծավալների իրական հաշվառումը, թեեւ 2013 թ.-ին 500 հազ. եվրո արժեքով ձեռք են բերվել չափիչ սարքեր, որոնք սահմանված վայրերում անհասկանալի պատճառներով տեղադրված չեն: Համադրելով որոշ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ծավալը դրանց տեխնիկական ցուցանիշների (արտադրողականության) հետ՝ պարզվել է, որ «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017 թ.-ին եւ 2018 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պակաս է հաշվարկվել 6,528.86 եւ 6,798.74 հազար խմ մեխանիկական եղանակով ստացված ջուր, համապատասխանաբար՝  76.2 մլն դրամ եւ 78.3 մլն դրամ արժեքով:
  2. ՋՕԸ-ները չեն պահպանել «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացված ոռոգման ջրի տրամադրման պլան-ժամանակացույցները, ինչն ազդեցություն է ունենում Սեւանա լճից բաց թողնվող ջրի, Մխչյանի եւ Ռանչպարի դոտացիոն պոմպային կայաններով մղվող ջրի ծավալների եւ, հետեւաբար, ծախսված էլեկտրաէներգիայի ծավալների վրա:
  3. Շարունակվել է ՋՕԸ-ների կողմից ջրի դիմաց կանխիկ գանձման գործառույթի իրականացումը: 

«Ոռոգման ոլորտի վերջին տարիների ցուցանիշները վկայում են համակարգի հրատապ բարեփոխման ու արդիականացման անհրաժեշտության մասին։ Ըստ այդմ, աճում են ծախսերը, նվազում՝ արդյունավետությունը»,- տեղեկացնում է Ջրային կոմիտեն։ 

ՋԿ-ն նշում է, որ 2006 թ.-ից մինչեւ 2018 թ.-ի օգոստոսի 1-ը, փաստացի ոռոգվող հեկտարները միջինը նվազել են 2.4%-ով, սակայն ոռոգման համակարգի կազմակերպություններին (ՋՕԸ-ներ եւ «Ջրառ» ՓԲԸ) պետական բյուջեից տրամադրված սուբսիդիան աճել է մոտ 23.2%-ով, որից միջինը 3.5%-ով աճել են ՋՕԸ-ներին տրամադրվող սուբսիդիաները, իսկ 43%-ով «Ջրառ» ՓԲԸ-ի սուբսիդիաները: Փաստացի ոռոգվող հեկտարների՝ 2.4%-ով նվազման ֆոնին մեկ հեկտարին բաժին ընկնող շահագործման ծախսերն աճել են միջինը 4.4%-ով, 2006 թ. նկատմամբ փաստացի աճը 2017թ․ կազմել է 35%: 

Միայն այն հանգամանքը, որ տարին ավարտվում է, իսկ Ջրային կոմիտեն խուսափում է հստակ թվեր ներկայացնել տարեկան հավաքագրումների եւ ՋՕԸ-ի կուտակած նոր պարտքերի մասին, հաստատում է, որ ՋԿ-ին չի հաջողվել իրականացնել խոստացված կրեդիտորական պարտքերը կանխարգելելու եւ դրանք մարելու վերաբերյալ միջոցառումների «ճանապարհային քարտեզը»։

Մեկնաբանություններ (1)

սամվել
Ընդրանրապես չի կատարվել ջրաչափման եվ գույքագրան աշխատանքներ,որի հետեվանքով առաջացել է նշված անհամապատասխանությունները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter