HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բոլորի եղբայրներն ու քույրերը սեփական կարծիքի իրավունք ունեն»․ դատախազներն առարկեցին Քոչարյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի դեմ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներն ու տուժող կողմն այսօրվա դատական նիստի ընթացքում առարկեցին նրա խափանման միջոցի գործը քննող դատավոր Լուսինե Աբգարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ։

Հիշեցնենք, որ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի պաշտպանները։ Վերջիններս միջնորդության հիմքում մի շարք հանգամանքներ էին դրել, օրինակ՝ մամուլի հրապարակումներն այն մասին, որ դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, մտերիմ է Մարտի 1-ի գործով տուժող կողմի նախկին փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, որն այժմ ՍԴ դատավոր է, և որ Դավիթ Աբգարյանը կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որում վերջինս գոհունակություն է հայտնում Քոչարյանի կալանավորվելու կապակցությամբ։ Պաշտպաններն ընդհուպ դատավորի ֆեյսբուքյան էջում առկա տեղեկատվությունից էին նրան ինքնաբացարկ հայտնելու հիմք հայտնաբերել։ Դատավոր Աբգարյանն, ըստ Արամ Վարդևանյանի, հավանել է Վահե Գրիգորյանի գրառումը եղբոր՝ Դավիթ Աբգարյանի աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած հաջողության վերաբերյալ։

Միջնորդության մեջ առկա էին նաև «ֆեյսբուքից» դուրս հիմքեր․ դատավոր Աբգարյանը պետք է դեկտեմբերի 17-ից արձակուրդ մեկներ՝ ըստ սահմանված ժամանակացույցի, սակայն չի մեկնել, իսկ դատական տեղեկատվական համակարգում առկա չէ տեղեկատվություն նրա արձակուրդի ժամանակացույցի փոփոխության վերաբերյալ։

Նիստի ընթացքում, թեև դատավորը պարզաբանեց, որ իր արձակուրդի ժամանակահատվածը փոխվել է, պաշտպանները շարունակեցին պնդել, որ դա հավաստիացնող տեղեկություն դատական տեղեկատվական համակարգի court.am կայքում առկա չէ։

Դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով դատավորի արձակուրդի թեմային, նշեց.

«Փորձ է արվում Ձեզ համոզել, որ Դուք վաղը արձակուրդ եք, ես վստահ եմ, որ պաշտպանության կողմի բոլոր ներկայացուցիչները տարվա սկզբում իրենց պլանավորածի պես չեն կարողանում արձակուրդ գնալ, ինչպես բոլորիս հետ է պատահում, և դա շատ նորմալ աշխատանքային պրոցես է, ուստի այն հանգամանքը, որ Ձեր արձակուրդ գնալը հետաձգվել է որևէ պատճառով, փորձ արվեց ներկայացնել, թե հետաձգվել է, որպեսզի բողոքը Ձեզ մակարգվի․ դա անտրամաբանական է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատախազությունը ինքնաբացարկի հիմք չի տեսնում նաև փաստաբանների հայտնած տեղեկության մեջ այն մասին, որ դատավորի եղբայրն ու Վահե Գրիգորյանը որոշակի աշխատանքային հարաբերություններ ունեն։ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ ինքը չի կարող ասել՝ իսկապես դա այդպես է, թե ոչ, բայց դա ևս, ըստ Բաղդասարյանի, դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք չէ։

«Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ կապ ունի դա Ձեզ հետ: Ես վստահ եմ, որ բոլորի եղբայրներն ու քույրերը իրավունք ունեն ունենալու սեփական կարծիք, կիսվելու դրանով կամ չկիսվելու, տխրելու ինչ-որ իրադարձությամբ կամ ուրախանալու, և դա չի կարող որևէ կերպ կապվել այդ անձի ազգակցական կապերի հետ»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։ Ինչ վերաբերում է փաստարկին, որ դատավորը հավանել է եղբոր աշխատանքային գործունեության մասին Վահե Գրիգորյանի գրառումը, ապա, ըստ Գևորգ Բաղդասարյանի, հավանումը կապված է եղել դատավորի եղբոր աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած հաջողությանը, որը որևէ կապ չունի դատարանում Լուսինե Աբգարյանի կողմից քննող գործի հետ։

«Իմ լսած փաստարկները ինձ հիմք չեն տալիս կասկածելու Ձեր անաչառության մեջ: Ըստ իս՝ դատավարական յուրաքանչյուր սուբյեկտ անձամբ պիտի որոշի՝ ինքը կաշկանդվա՞ծ է ինչ-որ բանով, թե ոչ, ներկայացված փաստարկները, համենայն դեպս, ինձ հիմք չեն տվել ենթադրելու, թե Դուք կաշկանդված եք, որովհետև Ձեր հետ կապվող որևէ գործողության մասին մենք այստեղ չլսեցինք»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Գևորգ Բաղդասարյանի առարկություններին։ Անդրադառնալով դատավորի եղբոր ֆեյսբուքյան էջում որոշակի գործողություներ կատարելու հանգամանքին, որը ներկայացվում է որպես դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք, Պետրոսյանը նշեց, որ դա փոքրիկ հնարք է «սլացիկ, հպանցիկ ցույց տալու, որ այդ գործողությունները կապվում են նաև դատավորի անձի հետ»։

Պաշտպան Արամ Վարդևանյանը նկատեց․ «սլացիկ, հպանցիկ» ձևով դատախազները ինքնաբացարկի հիմք էին դիտարկել Քոչարյանի խափանման միջոցի գործը մինչ այս քննող դատավոր Մխիթար Պապոյանի մասին մամուլի հրապարակումները։

Հիշեցնենք, որ Քոչարյանին նոյեմբերի 7-ին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ բողոքը, որն այժմ քննում է դատավոր Լուսինե Աբգարյանը, մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինիս ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել այն հիմքով, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ նա, ինչպես նաև վերաքննիչ դատարանի երկու այլ դատավոր են գրել Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը, և դատավոր Պապոյանը մամուլի հրապարակումից հետո հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել։

Արամ Վարդևանյանը նկատեց՝ ստացվում է, որ մամուլի այդ հրապարակումը դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք է եղել, իսկ մեկ այլ դատավորի ֆեյսբուքյան գործունեությունը, մամուլում նրա, եղբոր մասին հրապարակումները՝ ոչ։ Սրան հակադարձեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Իրենց ինքնաբացարկի հիմքում եղել է մամուլի հրապարակման հիման վրա դատավորի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter