HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական անտարբերության մանկամարդ զոհը

Ողբերգություն հայկական տարբերակով 

Արագածոտնի մարզի Դիան գյուղի անասնապահ Սասուն Ղազարյանը 20-ամյա նորատի կին ուներ` Անուշ Ղազարյանը, եւ մեկ ու կես տարեկան Սիրանուշ աղջնակ, որին իր մոր անունն է տվել: Երիտասարդ ընտանիքը երջանիկ էր, ինչպես սովորաբար լինում է սիրո եւ աշխատասիրության վրա հենված ավանդական օջախներում: Արդեն անհամբեր սպասում էին երկրորդ երեխային, որը պիտի լրացներ իրենց ուրախությունը: Չարժանացան այդ օրվան: 

Դիան գյուղի անվանումը թուրքերեն բառ է, նշանակում է ճանապարհից դուրս: Այդպես էլ ժամանակակից աշխարհի ու մարդու ընկալումներից դուրս է այն, ինչ կատարվեց հունիսի 26-ին Թալինի հիվանդանոցում, ուր տարել էին երկունքի ցավով բռնված Անուշին: (Դիանի նման բոլոր փոքր գյուղերի ծնունդներն ընդունվում են 35 կմ հեռավորության վրա գտնվող Թալինի ծննդատանը): Ծննդատնից Անուշն էլ տուն չվերադարձավ: 

Անուշի հուղարկավորությանն այնքան մարդ էր եկել, որ հարազատները մի քանի անասուն մորթեցին: Թաղման թափորի համր ու մռայլ շարանը ձգվում էր գյուղի համարյա մի ծայրից մյուսը: Ողբերգությունը ցնցել էր շրջակա բոլոր բնակավայրերի բնակիչներին: Ծնունդն ընդունող բժշկուհին տարիքն առած է եղել, չի հասկացել, որ ժամանակին օգնություն ցույց տա, փոխներարկվող արյուն չի եղել, ուշացրել են. հուղարկավորության ընթացքում ցածրաձայն ենթադրություններ էին անում դիանցիները: Խառը հանգամանքներից գլուխ չհանելով՝ գյուղացիների մի մասն էլ ճակատագրի վրա էր մեղքը գցում` իր բախտն էդպես էր: 

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Սիլվա Թադեւոսյանի վկայակոչմամբ, որը հետո հաստատվեց հանգուցյալի սկեսրոջ հետ մեր զրույցի ընթացքում, Անուշը կանոնավոր հաճախել է նախածննդյան կոնսուլտացիաների, եւ նրա առողջական վիճակի հետ կապված արտասովոր ոչինչ չի հայտնաբերվել: «Ուղղակի երեւի արագ պիտի արվեր ամեն ինչ, ճիշտ կողմնորոշվեին»,-ասում է Ս. Թադեւոսյանը: Սկեսրոջ ասելով՝ «Միայն Անուշի արյան տոկոսը ցածր է եղել մի քիչ, էն էլ հաբեր են նշանակել, խմել է»: Ըստ կարգի` եթե հղիության ընթացքում բարդություններ են հայտնաբերվում, ծնունդը նախատեսում են Երեւանում: Անուշը կանոնավոր հետազոտվել է բժշկուհի Ռուզան Մուրադյանի մոտ, որը շատ սրտացավ է վերաբերվել: «Երանի հիվանդանոցում ինքը լիներ այդ օրը, բայց ամեն ինչ հակառակ եղավ այդ գիշեր»,-լալիս էր տիկին Սիրանուշը:

Անսրտության ո՞ր օղակում կտրվեց Անուշի կյանքի թելը 

Անուշի սկեսուրը` Սիրանուշը, դեռ երկար դատապարտված է ամեն պահ հիշելու ու վերապրելու կատարվածը: Անուշի մեկ ու կես տարեկան աղջնակը քայլում է տան սենյակներով եւ մորը փնտրում: Սկեսուրը պատմում է կատարվածը, եւ նրա մեղադրանքի գլխավոր սլաքն ուղղված է ծննդաբերությունն ընդունած բժիշկներին: «Ես մասնագետ չեմ,- ասում է,- բայց 100 տոկոսով բժշկուհին էր մեղավոր»: 

Անուշին Թալինի հիվանդանոց են հասցրել գիշերվա ժամը 11.30-ին: Նորածին տղան աշխարհ է եկել առանց դժվարության, րոպեների ընթացքում: Մանկամարդ մայրն էլ լավ է զգացել, սկեսուրը հասցրել է աչքալուսանք տալ որդուն ու ամուսնուն. «Սասուն բալես, տղա երեխա ունեցանք, դե գրպանիդ փողերը տուր, բարձրանամ վերեւ»: Հետո հարսն անսպասելի վատացել է: Բարձրացել է եւ տեսել գինեկոլոգիական բազմոցի վրայից ցավից գլուխը պատին խփող կնոջը: Սկեսրոջ բարձրացրած տագնապին ծննդաբերությունն ընդունած բժշկուհի Նազելի Այնաջյանն այսպես է արձագանքել. «Ձեւեր է թափում, երեխան բերել է, ուզում է ցավերն էլ ես քաշեմ»: Կես ժամ անցել է, որեւէ օգնություն չի ցուցաբերվել Անուշին, որն այդ ընթացքում շարունակել է պաղատել, որ փրկեն իրեն: Սկեսուրը խնդրել է, որ կանչեն բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանին, բայց «Էդ անաստված բժշկուհին, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, տեղից չշարժվեց, ասաց՝ չէ, ես 46 տարվա ստաժ ունեմ, Ցոլակ Խաչատրյանին ինչի՞ ենք կանչում»: Իսկ այդ ընթացքում շարունակվել է արնահոսությունը: 73-ամյա Նազելի Այնաջյանին ուղղված գյուղացիների մեղադրանքների մեջ հնչում է ուշագրավ մի տող. «Վաղուց պիտի թոշակի գնացած լիներ, մանավանդ էդ օպտիմալացումից հետո, բայց զորավոր փեսա ունի Երեւանում»: 

Ցոլակ Խաչատրյանին հաջողվել է հիվանդանոց բերել, երբ Անուշի վիճակը ծայր աստիճանի է հասել` «աչքերը շուռ էին եկել, ճնշումն ընկել էր»: Նոր բժիշկը կարգադրել է անմիջապես արյուն հասցնել: «50 հազար տվեցինք, Անուշիկի հորեղբայրն ու քեռու տղան Երեւանից արյուն բերեցին, բայց արդեն ուշ էր, չհասցրին արյուն տալ երեխուն»: Բժիշկ Խաչատրյանն արգանդը հեռացնելու վիրահատություն է սկսել, Երեւանից հատուկ բրիգադ է կանչվել օգնության, բայց իզուր: 4.30-ին Անուշը մահացել է:

«Իրանց փողի խաթրին քանդեցին մեր տունը»,-որպես հարսի մահվան դրդապատճառ՝ իր վարկածն է ներկայացնում սկեսրայր Տոնականը: «Ախր, իրանք բան չարին, որ փող հանեի, տայի, բայց ասել եմ` Անուշիկին փրկեք, դուք ձեր բերանի թիվը կստանաք»,-ամուսնու միտքը շարունակում է տիկին Սիրանուշը: Գուցե երկրորդ բժշկի գալով այդ գումարը լրիվ չհասներ տիկին Նազելիին, կամ` գուցե նա իր 46 տարիների «փորձառության» վարկը չէր ուզում վտանգել երկրորդ բժշկին օգնության կանչելով: Սակայն այս բոլորն առայժմ ենթադրություններ են եւ բազմաթիվ հարցականների հետ` նախաքննության փուլում: 

Մահացած Անուշի հարազատներին ցնցել է մի հանգամանք եւս. «Երեխուն տեր չկանգնան, տվին ձեռներս, երկու օր էլ չպահեցին, չսպասեցին, մինչեւ Անուշին հողին հանձնենք»:

«Եթե ամեն ինչ ժամանակին արվեր...» 

Ծնունդն ընդունած տարեց բժշկուհու աչքերում սառած սարսափ կա, երեւի նա իսկապես չի գիտակցել տեղի ունեցածի հնարավոր հետեւանքները: «Ժամը 12-ից զբաղվել եմ բաժնի վարիչ Ցոլակ Խաչատրյանին կանչելով, բայց բջջայինը չի պատասխանել»: Իսկ ընդհանրապես շատ չի մտածել Ցոլակին կանչելու մասին, որովհետեւ այդ ընթացքում ինքն էլ ձեռքերը ծալած չի նստել, արյան մակարդունակությունն ու ճնշումը բարձրացնող, արգանդը կրճատող սրսկումներ է արել: Նազելի Այնաջյանի բացատրությամբ` աղջիկը մահացել է արնահոսությունից. «Հղիության ընթացքում անեմիա է ունեցել, իրեն բուժել են դրա համար»: 

Թալինի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիգոր Պետրոսյանը մեր այցելության օրը մարզպետարանի առողջապահության վարչության աշխատողների ժողովին չէր եկել, չնայած գլխավոր մասնագետը մեզ ասաց, որ հատուկ կանչել է նրան` այս դեպքի մասին զրուցելու: Դեպքը դեռեւս նախաքննության փուլում է, եւ բոլորը խուսափում են որեւէ բան ասել: Հետագայում, այնուամենայնիվ, Թալինի հիվանդանոցում մեզ հաջողվեց հանդիպել գլխավոր բժշկին: 

Սկզբում նա համոզում էր, որ կատարվածին թերթով անդրադառնալու հարկ չկա, քանի որ գրված ամեն տող կարող է տարբեր կերպ շահարկվել. «Եթե բժշկական սխալ կա, ովքեր մեղավոր են, կպատժվեն, իմ աշխատողներից ոչ մեկին պաշտպանելու ցանկություն չունեմ»: Նա ներկայացրեց իր կարծիքը, որն էական է ողբերգության պատճառները հետազոտելու հարցում. «Ծննդաբերող կինը հիվանդ չէ, եթե ծննդաբերել է, առողջ մարդ է, եթե մահացել է, ուրեմն ինչ-որ սխալ է եղել»:

Իսկ մի սխալը հաջորդն է ծնել: Բաժանմունքի վարիչ Ցոլակ Խաչատրյանի ուշ հայտնվելը դեպքի վայրում իր հերթին արյան ներարկման ճակատագրական ուշացման պատճառ դարձավ:

Ինչու՞ ուշացավ արյան փոխներարկումը

Մենք հանդիպեցինք նաեւ Արյունաբանական հանրապետական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին: Տեղեկացանք, որ հանրապետության մարզերում գոյություն ունեն արյան փոխներարկման 5 կայաններ` Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Արմավիրում եւ Հրազդանում: Այն մարզերում, որտեղ դրանք չկան, համաձայն Առողջապահության նախարարի տարեսկզբի թիվ 1381 հրամանի, այդ գործառույթը վերցնում են նախկին շրջանային հիվանդանոցները: Սրանք, որոնց թվում եւ Թալինի հիվանդանոցը, պիտի արյուն հավաքագրեն իրենց մարզի դոնորներից: Ըստ Դաղբաշյանի` Համաշխարհային բանկի ֆինանսավորման շնորհիվ մարզային կենտրոններում եւս արյան ստուգումներ կատարելու հնարավորություն կա: Այժմ փորձ է արվում բացառել նաեւ նախկինում ընդունված կարգը, երբ պահանջագիրը տրվում է հիվանդի հարազատի ձեռքը եւ ուղարկվում արյուն բերելու: Այժմ արյան փոխադրողն ու տերը պիտի լինի հիվանդանոցը, ոչ թե հիվանդի հարազատը: Տեղափոխման ժամանակ խաթարվում են պահպանման պայմանները, եւ մինչեւ հիվանդին հասնելը արյունը կարող է ոչ պիտանի դառնալ ներարկման համար: 

Համաձայն նախարարի հրամանի` եթե բուժհիմնարկն ունի վիրաբուժական, մանկաբարձ-գինեկոլոգիական ու վերակենդանացման բաժանմունքներ, ապա յուրաքանչյուր 10 մահճակալի հաշվարկով պետք է ապահովված լինի 2 պարկ պահեստավորված արյունով: «Եթե որեւէ ծննդաբերական բաժանմունք պահեստավորված արյուն չունի, ապա այնտեղ անթույլատրելի է ծննդաբերական բուժօգնություն իրականացնել»,-գրված է նախարարի հրամանում: Այն դեպքերի համար, երբ հիվանդը հարազատներ կամ ֆինանսներ չունի, հիվանդանոցը պետք է ունենա պահեստավորված արյան որոշակի պաշար: 

Նախարարի հրամանը, ինչպես երեւում է, արձակվել է այլ իրականության համար, քանի որ Թալինի գլխավոր բժշկի ասելով` «այսօր ինչպես մենք, այնպես էլ որեւէ շրջանային հիվանդանոց պահեստավորված արյուն չունի, քանի որ արյուն պահելը պրոբլեմ է»: Այդ օրը հիվանդանոցում 2-3 պարկ արյուն միայն պատահաբար է եղել, իսկ ընդհանրապես չի լինում: Ընդամենը 1 ամիս անց պահեստավորված արյան կիրառելիության ժամկետը սպառվում է, իսկ 1 պարկի գինը 15-20 հազար դրամ է: Եթե պետք է լինում, հարազատները կամ հիվանդանոցի աշխատակիցները Երեւան են գնում, բերում: 4 խմբի, 8 տեսակի արյուն կա, ամեն մեկից 2 պարկը 16 ծրար է անում, 15 հազար դրամով հաշված` 200 հազար դրամ: «Այնպես որ, եթե չօգտագործվի, իմաստ չունի 1 ամիս անց թափել, այդ արյունը կարող է պետք գալ մեկ այլ հիվանդի, մեկ այլ տեղում»,-ասում է գլխավոր բժիշկը: Կարիքի դեպքում միայն ստուգված արյուն է բերվում մայրաքաղաքից: Թալինից Երեւան ճանապարհը մեկ ու կես ժամ է: Այդ ընթացքում իրենք կարողանում են ժամանակավոր հատուցել հիվանդի արյան ծավալային կորուստը, մինչեւ արյունը տեղ հասնի: 

Գուցե մեր տասնյակ օրենքների ու որոշումների նման նախարարի այս հրամանն իսկապես լրամշակման կարիք ունի, որը գիտակցվել է միայն դրա գործնական կիրառման ընթացքում, բայց որի մասին ոչ ոք չի մտահոգվել: Եվ հետեւանքներից մեկն այս ողբերգությունն է: 

Մեր զրույցի ավարտին գլխավոր բժիշկն այսպիսի եզրահանգում արեց. «Մինչեւ արյան փոխներարկումը կազմակերպելը մերոնք արդեն հիվանդի հերն անիծել էին: Անուշը մահացել է ներքին սուր արնահոսությունից, եթե ամեն ինչ արվեր ժամանակին, եթե ժամանակին ախտորոշվեր ու վիրահատվեր` 3 ժամ շուտ, գուցե Անուշը հիմա կենդանի լիներ»: 

Անցած տարի առաջին անգամ պետբյուջեում 150 մլն դրամ նախատեսվեց արյան փոխներարկման ու անվտանգության խնդիրները լուծելու համար: Այս տարի հատկացվելու է 170 մլն դրամ: Սակայն այդ հատկացումներն ու դրանց քանակի ավելացումը փոխներարկվող արյան կարիք զգացող հիվանդների անվտանգության խնդիրը չեն լուծում: Անհրաժեշտ են արմատական միջոցառումներ: 

Անուշի մահվան հանգամանքներն այժմ քննում է մարզային դատախազությունը: Արագածոտնի մարզային դատախազության քննիչ Արմեն Շահազիզյանը, ինչպես որ օրենքն է պահանջում, ձեռնպահ մնաց նախաքննության ընթացքում որեւէ տեղեկություն տրամադրելուց կամ կարծիք արտահայտելուց:

Կարինե Դանիելյան 

Մայրական մահացության դեպքերի թիվը` ըստ մարզերի մարզեր          

                              2001թ.          2002թ.            2003թ.            2004թ.            2005թ.

Արարատ                                                                                    1         

Արագածոտն                                                                               1 (տանը)      

Արմավիր                     1                  1տ                    1                 1                   1

Գեղարքունիք              2 տ.                                                                               1տ.

Վայոց ձոր                                                    

Տավուշ                                            1                                                              2

Լոռի                            2                                          2                  1                  1

Շիրակ                                                                                         1         

Սյունիք                                                                                        1         

Կոտայք                    1տ.                   3                                          1                   2

Երեւան                     2                     1                           4              7                  3

Ընդամենը                 8                      6                           7              14              10 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter