HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնադարյան մարդու բնակավայր Ղարաբաղում

Անցած դարի 70-ական թվականներին ադրբեջանցի գիտնականները ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Ֆիզուլու շրջանի Ազըխ գյուղում հայտնաբերել են նախնադարյան մարդու բնակավայր եւ հնագույն մարդու ոսկոր: Հայտնաբերված իրերը, ոսկորները տեղափոխվեցին Բաքու եւ առայսօր պահվում են Բաքվի թանգարանում: Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավի մասին էր: Պեղումների ժամանակ ադրբեջանցի գիտնականներն օգտագործել էին նաեւ պայթուցիկ նյութեր, եւ առայսօր քարանձավի մուտքի մոտ պայթյունների հետեւանքներն առկա են:

Հայ պատմագրության մեջ Ազոխը հիշատակվել է տարբեր ժամանակներում: Պատերազմների ժամանակ հարեւան գյուղերի բնակիչները պատսպարվում էին քարանձավում: Այդ պատմությունները սերնդեսերունդ փոխանցվել են, եւ գյուղի տարեցները այսօր էլ պատմում են քարանձավի մասին իրենց պապերից լսածները:

Արդեն հինգերորդ տարին է Ազոխի քարանձավում պեղումներ է իրականացնում միջազգային գիտական արշավախումբը: Այն ղեկավարում է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Տանյա Քինգ-Հովսեփյանը: Արշավախումբն աշխատում է ամռանը մեկ ամիս տեւողությամբ:

«Սա Կովկասում կարեւոր տեղանք է, կարեւոր է հնէագիտության եւ հնէաբանության համար: Հ ույս ունենք այստեղ գտնել նախնադարյան մարդու ոսկորները, քանի որ արդեն հայտնաբերել ենք նրա գոյության հետքերը, աշխատանքի գործիքները եւ ուրիշ վկայություններ»,- ասում է Տանյա Քինգ-Հովսեփյանը:

Հինգ տարվա պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են բազում նմուշներ, որոնք հաստատել են քարանձավի՝ նախնադարյան մարդու բնակավայր լինելու փաստը: Արշավախմբի հայկական կողմի ղեկավարը մարդաբան, գիտությունների դոկտոր Լեւոն Եպիսկոպոսյանն է:

«Հայտնաբերած մեծ թվով նմուշները վկայում են հնագույն մարդու՝ նեանդերտալցու այստեղ ապրելու մասին: Հայտնաբերել ենք նմուշներ՝ սկսած ամենափոքր տեսակներից մինչեւ մոտավորապես 5մ երկարություն ունեցող քարանձավի արջի մասին, որի հնությունը, պատկերացրեք, ասենք՝ 250 հազար տարի է»,- պատմում է Լեւոն Եպիսկոպոսյանը:

Արշավախմբի մեջ ընգրկված են հայտնի գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Հայաստանից եւ ուսանողներ՝ Ղարաբաղից:

Մեր այցելության ժամանակ քարանձավի ներսում եւ դրսում եռուզեռ էր: Մի խումբը հող էր փորում, մյուսը այն հանում էր, երրորդը՝ չափումներ կատարում, իսկ խմբերից մեկն էլ Ազոխում լաբորատոր ուսումնասիրություն էր կատարում:

«Երբ մարդկությունը դուրս եկավ Աֆրիկայից եւ հասավ Կովկաս, այստեղից բաժանվեց՝ տարածվելով երկու ուղղությամբ՝ դեպի Ասիա եւ Եվրոպա: Կովկասի այս տեղանքը շատ կարեւոր է՝ հասկանալու համար մարդկության պատմության այդ ժամանակաշրջանը: Ազոխի քարանձավն ուսումնասիրելով՝ մենք կարող ենք տեղեկություններ քաղել մարդկության պատմության այն հատվածի մասին, որն առավել անհայտ է»,- ասում է իսպանացի գիտնական Պատրիցիո Դոմինգեսը:

Արշավախմբի մեջ ընդգրկված են Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի երկու ուսանողներ: «4-րդ տարին է, որ ես մասնակցում եմ այս ծրագրին եւ արշավախմբի անդամ եմ: Ինձ համար սա շատ մեծ փորձ է եւ հնարավորություն՝ ձեռք բերելու համապատասխան գիտելիքներ»,- ասում է ուսանող Լենա Ասրյանը: Լենան որոշել է շարունակել ուսումը, նրան հատկապես հոգեհարազատ են քարե գործիքները, եւ այդ ուղղությամբ կշարունակի մասնագիտացումը:

Քարանձավում հայտնաբերված բոլոր իրերն ու ոսկորները պարկերով հանում են, նախնական ուսումնասիրությունից հետո ավազը լվացվում է գետում եւ տարվում լաբորատորիա:

«Գտածոների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան մուտքագրվում է համակարգիչ եւ ստեղծվում տվյալների բազա»,- ասում Է Պատրիցիո Դոմինգեսը : Գտածոները տեղափոխվում են Լոնդոն, ուսումնասիրվում են, այնուհետեւ մշակվում, որպեսզի չքայքայվեն: Հետո գտածոները վերադարձվում են Ղարաբաղ եւ հանձնվում Ստեփանակերտի թանգարան:

Պեղումների աշխատանքներում ներգրավված են նաեւ Ազոխի երկու տասնյակ երիտասարդներ: «5 տարվա ընթացքում գյուղում ձեռք ենք բերել մեծ թվով բարեկամներ, գյուղն աջակցում է մեզ: Շատ մարդիկ ունենք գյուղից, ովքեր աշխատում են մեզ հետ, օգնում են մեր գործում, ներգրավված են պեղումներում»,- ասում է Տանյա Քինգ Հովսեփյանը:

Գիտնականները համոզված են, որ մեծ է լինելու գիտության մեջ Ազոխի քարանձավի դերը:

«Ազոխը եզակի քարանձավներից է, որն իր մեջ պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Պատկերավոր ասած՝ այն կարելի է բավականին հաստ գրքի հետ համեմատել, որի էջերը շատ դժվար է բացել, քանի որ դժվար են կարդացվում այդ էջերը, պետք է որոշակի հմտություններ, գիտելիքներ ունենաս, բայց, այնուամենայնիվ, թույլ է տալիս պարզաբանել, բացահայտել այն պատմությունը, որի տեւողությունը 100 հազարավոր տարիներ են»,-ոգեւորված ներկայացնում է Լեւոն Եպիսկոպոսյանը:

Արշավախմբի անդամները տարվա մյուս ժամանակահատվածում նաեւ փնտրում են հովանավորների, որպեսզի հաջորդ տարի նորից վերադառնան: Երբեմն դժվարությունների առջեւ են կանգնում՝ պեղումները կատարվում են աշխարհի կողմից չճանաչված Ղարաբաղի հանրապետությունում: Պատճառներից մեկն էլ այն է, որ ադրբեջանցիները պարբերաբար բողոքում են, որ արշավախումբը առանց Բաքվի թույլտվության պեղումներ է կատարում Ղարաբաղում:

«Որքա՞ն կտեւեն պեղումները»,- հարցին հայկական կողմի ղեկավարը պատասխանում է. «Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ քանի՞ սերունդ կաշխատի այստեղ: Բազմաթիվ սերունդներ»,-ասում է Լեւոն Եպիսկոպոսյ անը:

Իսկ արշավախումբը անհամբեր սպասում է, թե երբ են հայտնաբերելու բաղձալի նմուշը՝ նախնադարյան մարդու ոսկորը:

«Այդ նմուշը մեծ ուշադրություն կգրավի ոչ միայն մասնագետների կողմից, այլ նաեւ ամբողջ աշխարհի»,-համոզված ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը:

Գիտնականները համոզված են, որ դրանից հետո նաեւ հնարավոր կլինի այստեղ զարգացնել գիտական տուրիզմը: Նրանք հենց Ազոխում թանգարան կառուցելու մտահղացում ունեն: Մարդիկ տարբեր երկրներից կգան Ղարաբաղ՝ տեսնելու նախնադարյան մարդու բնակավայրը եւ նրա պատմության բոլոր էջերը, որոնք ամփոփված են Ազոխի քարանձավում:

Տիգրան Բաղդասարյան
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter