HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանը հավանական է համարում Երևանի ավագանու «Լույս» դաշինքից Դավիթ Խաժակյանի հետկանչը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետ կանչվի ավագանու կազմից:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է կուսակցության կառավարման խորհրդում, և եթե որոշվի, որ Դավիթ Խաժակյանը ցած է դնում մանդատը, ապա «Լուսավոր Հայաստանը» ներկայացված չի լինի ավագանիում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության կազմում միայն Դավիթ Խաժակյանն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ընդդիմադիր խմբակցության մյուս 2 անդամները «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ են:

Էդմոն Մարուքյանն ասում է՝ նման մտադրություն առաջացել է քաղաքացիների արձագանքներից. «Երեկվա ելույթներից հետո պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք էդքան մեզ գրողներին, սա այդ արձագանքն է»,- ասաց էդմոն Մարուքյանը՝ խոսելով Երևանի ավագանու երեկվա նիստի մասին:

Մարուքյանի համոզմամբ՝ քաղաքապետ Մարությանը ծաղրել է ավագանու ընդդիմադիր խմբակցության 3 անդամներին, սակայն որևէ լրատվամիջոց չի արձանագրել այդ պատկերը:

Մարուքյանը բացառեց այն հարցը, որ կուսակցությունը Խաժակյանին հետ է կանչում քաղաքապետի գործունեությունը քննադատելու համար.

«Չի կարող նման բան լինել, մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելի քան գոհ ենք, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի, սակայն իրավիճակներ կան, որոնք նրա իրավասություններից դուրս են»,- ասաց նա:

Կուսակցության նախագահի խոսքով՝ իրենց մեղադրում են ավագանու ընդդիմադիր անդամների գործունեության համար, դա է պատճառը, որ իրենք մտածում են առհասարակ չմասնակցելու մասին:

«Դավիթ Խաժակյանը երեկ բացահայտել է պաշտոնեական կեղծիք, կարո՞ղ եք ասել՝ ուր է դրա լուսաբանումը, բայց կա այլ լուսաբանում քաղաքապետի ծիծաղի և այլ հարցերի վերաբերյալ, եթե հանրային ընկալումը դա է, որ պաշտոնական կեղծիքը չլուսաբանվի, ուրեմն ավելի լավ է չմասնակցենք»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա Մանե Թանդիլյանը ևս ընդգծեց՝ կուսակցությունը Դավիթ Խաժակյանի գործունեությունից գոհ է, ամբողջությամբ կիսում ու սատարում են վերջինիս գործունեությունը, սակայն խնդիրն այլ է.

«Հարցն այն է, որ բովանդակային քննադատությունը չի դառնում ուղղություն «Լույս» խմբակցության համար, մենք ավագանիում մի անդամ ունենք, և նրա ձայնը լսելի չի դառնում»,- ասաց Թանդիլյանը:

Էդմոն Մարուքյանը չցանկացավ գնահատել «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի գործունեությունը՝ ասելով, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է գնահատում իր ներկայացուցչի աշխատանքը:

«Եթե տեսնում ենք, որ դաշինքում մեր ազդեցությունը թույլ է, ավելի լավ է դուրս գանք, մենք մեր կուսակցության անդամի պատասխանատուն ենք, կառավարման խորհուրդը որոշում կկայացնի, և մենք կասենք այդ մասին»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե որոշում կայացվի, որ Խաժակյանը վայր է դնում մանդատը, ապա այդպես էլ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter