HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բիզնեսը տրոհել են հարկերից խուսափելու համար. ինչ խախտումներ է հայտնաբերել ՊԵԿ-ը

Այս տարվա 11 ամիսների (հունվար-նոյեմբեր) ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հետաքննչական և քննչական մարմիններում հարուցվել է 409 քրեական գործ, որոնց գծով պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Քրեական գործերի շարքում ամենամեծ մասնաբաժինը հարկեր վճարելուց խուսափելու դեպքերն են՝ 151 դեպք։ Իսկ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքով հարուցվել է 128 քրեական գործ։ Մնացած գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշների ստեղծման՝ կանխամտածված սնանկության հատկանիշներով և ապօրինի ձեռնարկատիրության։

Ընդհանուր առմամբ ՊԵԿ-ի իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից այս տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46.8 մլրդ դրամ հարկի գումարներ՝ առանց տուգանքների։ Համեմատության համար՝ ամբողջ նախորդ տարվա ընթացքում այդ գումարները կազմել են 24.5 մլրդ դրամ։

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ բացահայտվել են դեպքեր, երբ հարկ վճարողները գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված: Խոսքը 96 հարկ վճարողների մասին է, որոնց գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ իրականում խոսքը 39 գործող բիզնեսի մասին է։ Դրանք տրոհվել են 96 հարկ վճարողների միջև։ Նպատակը շրջանառության ծավալները բաշխելու միջոցով փոքրացնելը և ավելացված արժեքի հարկի դաշտ չտեղափոխվելն է եղել։ Դա հնարավորություն է տվել այդ բիզնեսներին ավելի քիչ հարկ վճարել, քանի որ շրջանառության հարկի դաշտից հայտնվելով ավելացված արժեքի հարկի դաշտում՝ նրանց հարկային բեռն ավելանալու էր։

Ուսումնասիրության են ենթարկվել նաև իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող մի քանի տասնյակ սուբյեկտների կողմից շրջանառության հնարավոր թերհայտարարագրման ռիսկերը։ «Կրկին կարևորելով առողջ համագործակցության գաղափարը, արդյունքների մասին տեղեկություններ են տրամադրվել տվյալ հարկ վճարողներին, ովքեր կամ ընդունել են վերհանված ռիսկերը և ներկայացրել են ճշգրտված հաշվարկներ՝ վճարելով հարկերը կամ տվել են համապատասխան պարզաբանումներ, որոնց արժանահավատությունը մեր կողմից ստուգվում է։ Ամեն դեպքում, այս ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը։

Ուսումնասիրության շրջանակներում են հայտնվել նաև հասարակական սննդի խոշոր օբյեկտները։ Հայտնաբերվել են դրանց շրջանառության ծավալների թերհայտարարագրման դեպքեր, ինչպես նաև՝ ուսումնասիրվել է աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափը։

Պարզվել է, որ մի շարք սրճարաններ և ռեստորաններ թաքցրել են առևտրի իրական ծավալները, աշխատակիցների աշխատավարձի իրական չափերը չեն արտացոլվել հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում և պակաս հարկային պարտավորություններ են հաշվարկել։ «Բազմաթիվ դեպքերով հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ և պետական բյուջե են վճարվել թաքցված հարկերի գումարները։ Աշխատավարձերից չհաշվարկված և չվճարված հարկերը կազմել են շուրջ 40 միլիոն դրամ, որոնց վերաբերյալ հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր»,- տեղեկացրեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ petekamutner.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter