
Նոր առաջարկ՝ եկամուտների հայտարարագիր լրացնեն նաև հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների գործադիր մարմինները
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանն առաջարկում են փոփոխություններ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում՝ ընդլայնելով եկամուտների հայտարարատու անձանց շրջանակը:
Քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են, որ հանրային ծառայությունները կարգավորվող ոլորտի բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձինք ևս եկամուտների հայտարարագիր լրացնեն:
Առաջարկվող նախագծի շրջանակում հանրային ծառայությունների ոլորտը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը, ջրային ոլորտը, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության), փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի բնագավառները, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը:
Ըստ առաջարկվող նախագծի՝ հայտարարագրում նշվում են հայտարարատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, զբաղեցրած պաշտոնը, պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրը, ամիսը, տարին, ընկերության անվանումը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
- Հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ նշելով գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքի նկատմամբ իրավունքը, մակերեսը
- հայտարարատու անձին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը՝ նշելով գույքի տեսակը, մակնիշը, գույքի նկատմամբ իրավունքը, թողարկման տարեթիվը
- եկամուտները, նշելով եկամտի տեսակը, աղբյուրը, չափը արժույթի տեսակը
- հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները՝ նշելով արժույթի տեսակը և չափը
- արժեթղթերը և այլ ներդրումներ՝ նշելով ընկերության անվանումը, ներդրման տեսակը, արժեքը կամ չափը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունները որոշ չափով դուրս են մրցակցային միջավայրից, ինչի արդյունքում նրանց գործունեությունը կանոնակարգվում է ոչ այնքան շուկայական կանոններով, որքան հատուկ օրենսդրական կարգավորումներով: Նշվածի համատեքստում հանրային ծառայությունների հաշվետվողականությունից է կախված հանրային վստահությունը սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ:
«Այդ ընկերությունների մատուցած ծառայություններն ունեն կենսական նշանակության, քանի որ դրա շահառուն ողջ հասարակությունն է, ուստի կարևոր է դրանց հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրումը, որոնցից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների հայտարարագրումը: Տվյալ մեխանիզմը կարող է նպաստել համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է օրինակ՝ դրանց հետագա բաժնետիրացման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Տեղեկացնենք, որ նախագիծը դեռևս չի ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:
Մեկնաբանել