HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Մոտ 1 մլրդ դրամ անշարժ գույքի գրավ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու համար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, սկսվեց Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանը նիստին չէր ներկայացվել, ուստի նիստը կես ժամով ընդմիջվեց։ Ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվեց։ Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկացրել են՝ Գրիգորյանի ինքնազգացողությունը դատարան բերելուց առաջ վատացել է, և նա անցել է բուժզննում, տվյալ պահին նրա տեղափոխումը հնարավոր չէ իրականացնել։

Մինչև նիստի հետաձգումը, դատավորը նշեց, որ գրություն են ուղարկել «Նաիրի» ԲԿ և Քրեակատարողական ծառայություն, որպեսզի ապահովեն Գրիգորյանի՝ որպես շաքարային դիաբետով հիվանդի սննդակարգը։

Նիստին դատարանը հրապարակեց գրության պատասխանը։ Համաձայն Քրեակատարողական ծառայությունից ուղարկված գրության՝ շաքարային դիաբետով հիվանդ ազատազրկվածներին ՔԿՀ-ում տրամադրվում է հատուկ սնունդ, որը տրամադրվում է նաև բժշկական կենտրոնում գտնվող Գրիգորյանին, սակայն վերջինս հրաժարվում է տրամադրվող սնունդից և ուտում է ստացած հանձնուքը։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկացրել էին, որ ապահովում են Գրիգորյանի սննդակարգը և նա 24 ժամ հսկվում է իրավապահների կողմից։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, այս հարցին անդրադառնալով, նշեց, որ Գրիգորյանը սննդից հրաժարվում է որակի պատճառով, որի մասին բազմիցս տարբեր ատյաններում բարձրաձայնվել է։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ դատարան է դիմել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը՝ խնդրելով թույլատրել Գրիգորյանին հարցաքննել՝ մեկ այլ գործի շրջանակում: Կողմերը չառարկեցին:

Գրիգորյանի պաշտպանները ներկայացրին նաև խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություններ։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ պատրաստ են որպես գրավ ներկայացնել 25 միավոր անշարժ գույք, որի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 մլրդ 670 միլիոն դրամ, իսկ լիկվիդացիոն արժեքը՝ 1 մլրդ 330 միլիոն դրամ։ Փաստաբանը հավելեց նաև, որ տվյալ գույքը չի պատկանում Գրիգորյանին և չի գտնվում արգելանքի տակ։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանը 17 ամիս գտնվել է կալանքի տակ, 1 ամիս կալանքը փոխարինվել է գրավով, 6 ամիս գտնվում է բժշկական կենտրոնում։ Սակայն գրանցվել է հիվանդությունների վատթարացում, որը շարունակվում է։

Խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մեղադրող Վահե Դոմլազյանը դիրքորոշում հայտնելու համար խնդրեց ժամանակ տրամադրել։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին։

Մեկնաբանություններ (1)

Robert Davidian
ONLY $3.5M!?!? This criminal might have stolen MANY MILLION$$, AND, he's a major flight risk! Bail is a get-out-of-jail card! He deserves life in jail. Why the trial delays for over 18 months!?!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter