HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անի Խաչատրյան. «Եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ, դա իրենց ներկուսակցական հարցն է»

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներ Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի համոզմամբ՝ ավագանու երեկվա նիստից հետո խմբակցության բոլոր անդամները քաղաքապետարանից հեռացել են իրենց ելույթներից ու պահվածքներից գոհ:

Այս մասին «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում՝ լրագրողների հետ զրույցում ասացին վերջիններս: Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չէր բացառել, որ ավագանու իրենց անդամ Դավիթ Խաժակյանը վայր դնի մանդատը, քանի որ որոշ իրավիճակներ դուրս են վերջինիս իրավասության դաշտից:

«Խմբակցությունից բաժանվել ենք բոլորս գոհ մեր ելույթներից, թե հետո ինչ է փոխվել, չգիտեմ»,- ասում է Անի Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ քննարկում չեն ունեցել և նպատակահարմար էլ չեն համարում նման հանդիպում ունենալ.

«Որովհետև մենք «Լույս» խմբակցությունն ենք և քննարկում կարող ենք ունենալ խմբակցության շրջանակներում, իսկ եթե երկու ուժերի ղեկավարները քաղաքական խնդիր տեսնեն և որոշեն երկու ներկայացուցիչներով և ավագանու իրենց անդամների հետ հանդիպում կազմակերպել և դիտողություններ անել, դա այլ է, բայց մենք մեր կուսակցությունից դիտողություններ չունենք: Եթե Էդմոն Մարուքյանը խնդիր է տեսնում Դավիթ Խաժակյանի հետ, դա իրենց ներկուսակցական խնդիրն է»,- ասաց Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ըստ Էդմոն Մարուքյանի՝ ոչ բովանդակային ելույթները ստվերում են Դավիթ Խաժակյանի բացահայտումները, արդյոք իրենք համակարծի՞ք են այդ հարցում, Անի Խաչատրյանն արձագանքեց.

«Իսկ Դավիթ Խաժակյանն ու Էդմոն Մարուքյանը համարո՞ւմ են, որ իր ելույթները ստվերում են մեր գործունեությունը, եթե իր (նկատի ունի Դավիթ Խաժակյանին,- հեղ․) ելույթները ստվերում են մեր գործունեությունը, ուրեմն մեր ելույթներն էլ ստվերում են իր գործունեությունը»:

Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունները անակնկալ են եղել իրենց համար:

«Մենք մեզ թույլ չենք տալիս խառնվել իրենց ներկուսակցական քննարկումներին, դա իրենց որոշելիքն է՝ նաև պարոն Խաժակյանի մանդատ դնել-չդնելու հետ կապված: Ինչ վերաբերում է ելույթներին, անձնավորված որևէ բան չկա, չեմ հասկանում՝ ինչու է աղմուկ բարձրացել, ես վերաբերվում եմ որպես նորմալ աշխատանքային պրոցեսի»,- ասաց նա:

Անի Խաչատրյանը կոչ արեց չքաղաքականացնել Երևանի ավագանու հարթակը՝ հատկապես այն պարագայում, որ դաշինքը ներկայացնում է երկու քաղաքական ուժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter