էս սարի գլխին՝ աշխարհքից կտրված, շատ դժվար է
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ
Ձորագյուղում լռություն էր, զուր էինք փորձում մեր աղմուկով որեւէ մեկին դուրս բերել տնից, արձագանքող չկար: Տներին մոտենալիս նույնիսկ շները չէին հաչում, զարմացական հայացքներով նայում էին եկվորներիս ու շարունակում շրջել բակերում: Որեւէ մեկին գտնելու հուսահատ փորձերից հետո որոշել էինք վերադառնալ, երբ գյուղի մուտքի մոտ հանդիպեցինք ամռան տապից ծարավը հագեցնող մի կնոջ: Կինը նույնպես տեղացի չէր, հարեւան գյուղից էր, ոտքով երկար ճանապարհ կտրելով՝ կարճատեւ դադար էր առնում Ձորագյուղում եւ մեզ օգտակար լինելու համար փորձեց գտնել որեւէ մեկին: Տներից մեկի բակում հանդիպեցինք երկու տղամարդու, որոնք, միմյանց օգնելով, ջանում էին կենդանություն տալ խոտհնձիչ մեքենային:
Փոխադարձ զարմանքը հաղթահարելուց հետո նրանց առաջին հարցն այն էր, թե ինչպես ենք հայտնվել «աշխարհից մոռացված այդ անկյունում», որտեղ ընդամենը 4 տուն է բնակեցված: Նրանք չէին հավատում, որ իրենց գյուղը քարտեզի վրա նշված է: «Ձորագյուղում ապրում են չորս բիձա, երեք պառավ, մի պառավը երեք ամիս առաջ մահացավ: Միակ երիտասարդ ընտանիքը իմ տղայինն է, որ ապրում է այստեղ կնոջ ու երեք երեխաների հետ,- ասում է Արեւհատ Հեբոյանը,- փոքրը ես եմ, տեգեր կինս ութսունն անց է, մյուսն էլ' նույնը»:
Ձորագյուղը Թալինի վարչատարածքի այն լեռնային գյուղերից է, որոնց անցյալ դարի 70-ականներին պարտադրում էին լքել ու տեղափոխվել առավել ստորոտային մասեր, պետությունը նույնիսկ տներ էր կառուցում նրանց վերաբնակեցումն արագացնելու համար, բայց ոմանք ոչ մի պայմանով չլքեցին իրենց տունը: Գյուղը ժամանակին հիմնվել է Արեւմտյան Հայաստանից ներգաղթածներով եւ առանձին վարչական միավոր է եղել, սակայն կյանքի դժվարին պայմանները բնակիչներին 1968-70թթ. հարկադրել են կրկին լքել սեփական տները ու հաց որոնել այլ բնակավայրերում: Մնացել են միայն այս չորս ընտանիքները, որոնք համառորեն կառչել են իրենց հող ու ջրին: «Ոչինչ չունենք, միայն՝ լույս եւ ջուր»,- ասում է տիկին Արեւհատը:
«Հարցնում եք՝ մեր երեխաները որտե՞ղ են դպրոց գնալու: Շատ դժվար հարց եք տալիս: Ո՛չ դպրոց կա, ո՛չ ապագա կա, ոչ էլ հեռանկար»,- ասում է տիկին Արեւհատը: Հիմա զղջացել են, որ մնացել են, բայց շատ ուշ է: «Բոլորը գնացել են եւ ձեզ շատ հող է բաժին հասել, դրա՞ համար եք մնացել»,- կատակում ենք մենք: «5 հա հող եմ ստացել սեփականաշնորհման ժամանակ, 2 կով, այս տրակտորն էլ հետը կտամ, կգնամ: Բոլորն իրենց լինի»,- պոռթկում է երիտասարդ մեխանիզատորը: Հո~ղ ունեմ..., բայց խոտը պիտի առնեմ»: Այս տարվա գարնանային հեղեղումները, կարկուտն ու հաջորդած երաշտն ամբողջովին ոչնչացրել են նրանց հացահատիկն ու խոտհարքը:
Գյուղացիները հայտնեցին, որ հողերը խիստ անբարեբեր են, 30 սմ ներքեւ տուֆի հանքաքարի շերտերն են արդեն: «Մի քանի տարի առաջ եկել հողերի գնահատում էին արել եւ 3-րդ կարգ տվել, հարկերն էլ նորմալ էին, այս տարի դարձրել են 2-րդ կարգ: Այս մի քանի տարվա մեջ այս հողերի ի՞նչն է փոխվել, ի՞նչ արեցին, որ դարձավ երկրորդ: Դառը դատում, դատարկ նստում ենք, թե անձրեւ եկավ, մի բան կլինի, իսկ թե մի տասը օր ուշացավ՝ ուրեմն երաշտը կչորացնի ամեն ինչ»,- զայրացած ասում է Սեյրանը եւ կրկին անցնում երգիծանքի ժանրին. «Ճանապարհների վիճակն էլ տեսաք, չէ՞, ինչ լավ էր, մենակ սամալյոտ է գալիս էստեղ: Ի՞նչ դպրոց գնալ, ի՞նչ մանկապարտեզ: Մենք կամավոր բանտարկյալ ենք, այս գյուղի տեղը մարդ չգիտի»:
Մեր հարցին, թե որեւէ կարգավիճակ կամ ղեկավար ունի՞ գյուղը, Սեյրան Հեբոյանը հումորով պատասխանում է. «Առավոտը ով շուտ աչքերը բացեց, էնիկ գյուղապետ է», ապա պարզաբանում, որ գյուղը կցված է Մաստարային, որից 3կմ հեռավորության վրա է գտնվում:
Համառ ձգտում դեպի «լույսը»
Եթե կրթություն ստանալու հեռանկարն անորոշ է Ձորագյուղում բնակվող ընդամենը 3 երեխաների համար, ապա նրանից ավելի վերեւ գտնվող, 150 բնակիչ ունեցող Ծաղկասարի համար այն անլուծելի խնդիր է եղել մշտապես: Գյուղը երբեւէ կանոնավոր դպրոց չի ունեցել, միայն մի կարճ ժամանակահատված տարրական դասարաններ են գործել: Այս գյուղի երեխաներն ուսում են ստացել կա՛մ Մաստարայում, կա՛մ Թալինում՝ հարազատների, ծանոթ-բարեկամների տանը մնալով: Լավագույն դեպքում, եթե ծնողը հնարավորություն է ունեցել, տուն է վարձել, որպեսզի երեխան դպրոց հաճախի: Եղել է նաեւ, որ հնարավորությունների իսպառ բացակայության պայմաններում որոշ երեխաներ մնացել են անգրագետ կամ հարկադրված են եղել բավարարվել տարրական կրթությամբ: «Ես երեք երեխա ունեմ, մեծ տղաս ծառայում է հայոց բանակում: Մի քանի տարի առաջ որոշել էի, որ չպիտի թույլ տամ իմ տղաները ծառայեն բանակում, որովհետեւ էս պետությունը նրանց համար ոչինչ չի արել: Մեծ տղաս, էստեղ-էնտեղ մնալով, մի կերպ մինչեւ 6-րդ դասարան սովորեց, նույնն էլ՝ փոքրս: Միայն աղջիկս է, որ ուղարկել եմ Տավուշի մարզ՝ տատիկի մոտ, որ գոնե կարողանա դպրոցն ավարտել»,- վրդովված ասում է ծաղկասարցի Ռադիկ Գասպարյանը: Նա կարծում է, որ իր երեխային սնելը, հագցնելը եւ մնացած պահանջները բավարարելը իր հոգսն են, բայց որ պետությունն իրենց երեխաներին զրկում է անգամ կրթություն ստանալու իրավունքից, ուրեմն իրենցից ոչինչ պահանջելու իրավունք չունի:
Ծաղկասարի համայնքապետ Արեւշատ Մկրտչյանը եւս հավաստում էր, որ գյուղի հիմնադրման օրից դպրոցի խնդիրը եղել է իրենց ամենացավոտ հարցը, բայց այսքան տարի ոչ մի լուծում չի տրվել դրան: Ծնողները, սակայն, ամեն ջանք գործադրել են, որ երեխաները կրթություն ստանան, ծայրահեղ դեպքում՝ տարրական գրագիտություն ձեռք բերեն: Խորհրդային ժամանակներից ի վեր գյուղում տրանսպորտ չի աշխատել: Երեխաներն այն ժամանակ էլ կամ ոտքով Թալին էին հասնում, կամ էլ 7-8 տարեկան երեխան կտրվում էր ծնողներից, խորթանում հասակակից քույր ու եղբորից ու ապրում հարազատների, ծանոթ-բարեկամների տանը: Այսօր, սակայն, դրա հնարավորությունն էլ չկա, քանզի սոցիալ-տնտեսական դժվարին պայմանները ծնողին թույլ չեն տալիս հարազատին կամ բարեկամին դիմել: Նա այլեւս ի վիճակի չէ այնքան վաստակել, որ եւ՛ իրեն պահի, եւ՛ մի քանի տեղ բաժանի, իսկ որպես ավելորդ հացակեր՝ իր երեխային այդ ընտանիքի վրա բեռ դարձնել չի կարող՝ քաջ գիտակցելով նաեւ ուրիշների վիճակը:
Համայնքապետը նշեց, որ նյութական վատթար պայմանների բերումով այսօր էլ գյուղում կան երեխաներ, որոնք չեն կարողացել դպրոց հաճախել, 9 տարեկան մի երեխա էլ անցյալ տարի է առաջին դասարան հաճախել Թալինում: Նման ընտանիքներ էլի կային գյուղում, որոնք, նյութական վատ վիճակից ելնելով, չէին կարողացել երեխային որեւէ տեղ դպրոց ուղարկել: «Արդեն երկրորդ տարին է, որ տղաս հետ է ընկնում, բայց ի՞նչ անեմ, ուրիշ տեղ ուղարկելու հնարավորություն չունեմ: Հույսով սպասում ենք, որ մեր գյուղի դպրոցը, որի շենքը այս տարի վերջապես կառուցվել է, երեւի կբացվի, եւ փոքրիս հետ միասին կուղարկեմ: Նա էլ այս տարի 6 տարեկան է դառնում»,- ասում է 8-ամյա Կորյունի մայրը՝ Ամալյա Գալստյանը:
Պրն Մկրտչյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ բազմաթիվ դռներ բախելու արդյունքում իրեն վերջապես հաջողվել է դպրոց կառուցել գյուղում, որը վերջերս է շահագործման հանձնվել: Սակայն իրենք չեն ուզում անցյալի սխալը կրկնել ու բավարարվել տարրական դասարաններով. «Դիմել եմ մարզպետարանի կրթության վարչությանը, Կրթության ու գիտության նախարարությանը, որ գոնե ութամյա դպրոցի կարգավիճակ տան: Այդ դեպքում երեւի մասնագետներ էլ կգան գյուղ աշխատելու, նրանց համար ապրելու պայմաններ կստեղծենք, միայն թե դպրոցը գործի»,- ասում է պրն Մկրտչյանը հույսով ու սպասումով:
Դժվարությունը կրում եմ, որ ինձ մարդ զգամ
Ծաղկասարի բնակչության ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է, կարտոֆիլի, հացահատիկի մշակությունը: Գյուղն ապրում է աշխարհից անտեղյակ, աշխարհն էլ՝ իրենցից: Ճանապարհին հանդիպած զառիվերը բարձրացող կինը, պարզվեց, աշխատանքից էր վերադառնում: «Թալինի հիվանդանոցում եմ աշխատում, երեք օրը մեկ հերթապահում եմ, ոտքով եմ 7 կմ գնում ու վերադառնում, այս դժվարությունը կրում եմ, որ տնից դուրս գամ ու ինքս ինձ մարդ զգամ: Էս սարի գլխին՝ աշխարհքից կտրված, շատ դժվար է»,- ասում է Թալինի հիվանդանոցի բուժքույր Ռոզան: Նա պատմեց, որ գործի բերումով նաեւ գյուղի բուժքույրն է, եւ քանի որ միակն է, որ մշտապես երթեւեկի մեջ է, դրանով էլ է աշխատում օգտակար լինել համագյուղացիներին՝ մեկի համար դեղատուն է մտնում, մյուսի համար' սոցապ եւ այլն: «Արդեն երեք տարի է՝ մեզ մոտ ոչինչ չի աճում, բերք չենք հավաքում: Անբերրի հողեր են, կարկտահարություն է լինում, ժամանակին անձրեւ չի գալիս, ցուրտն է տանում: Նույնիսկ հացահատիկի սերմացուն է ժողովրդի ձեռքից կտրվել»,- գյուղի ծայրահեղ աղքատ վիճակն է պատճառաբանում նա:
Հունիսի 19-ի վերջին կարկտահարությունից հետո Ծաղկասարը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, կարելի է ասել, գրեթե ոչնչացվել է, ասֆալտից տեղ-տեղ միայն պատառիկներ են մնացել եւ որեւէ տրանսպորտային միջոցի գյուղ հասնելը դարձրել գրեթե անհնարին: «Այս տարի մեքենա էլ չի բարձրանում գյուղ, որ գոնե պանրով կամ կաթնամթերքով փոխանակում անենք, մի հոգս հոգանք: Եթե, իհարկե, շուկայում ձմերուկը չդառնա յոթ դրամ կամ մնա փչանա, էդ ժամանակ գուցե թե մեկը իր փչացած ապրանքը բերի ու սաղացնի մեր վրա, թե չէ էս սարը բարձրացողն ո՞վ է»,- ասում է Ռադիկը: Համայնքապետը կարծում է, որ, առանց պետական աջակցության, իրենք չեն կարող դուրս գալ այդ վիճակից, սակայն, եթե ցածր տոկոսով եւ երկարաժամկետ վարկեր տրամադրեն, գյուղացին կկարողանա մեջքը շտկել, քանի որ գյուղում անասնապահությունը լավ է զարգանում, առվույտն էլ բարձ բերքատվություն ունի:
Համայնքապետի կնոջ ասելով' շուրջ վեց տարի գյուղում ոչ մի ծնունդ չի եղել, եւ հիմնական պատճառը մարդկանց նյութական ծանր վիճակն ու տարվա մեծ մասը ճանապարհի աներթեւեկելիությունն է: «Էդ հարսներն էլ են ամաչում, 92-96թթ. դժվարին տարիներին ծննդաբերության ժամանակը որ մոտենում էր, խեղճերին ստիպված դնում էին սայլակի վրա ու տղամարդիկ, գյուղի փողոցներով քաշելով, էս սարից իջեցնում էին մինչեւ հիմնական ճանապարհը, որ էնտեղից էլ մի կերպ հասցնեին Թալինի հիվանդանոց: Հիմա էլ բան չի փոխվել, դրա համար էլ չեն ունենում»,- ասում է տիկին Արեւը:
Արեւշատ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ճանապարհը վերականգնելու խնդրով արդեն դիմել են մարզպետարան, որտեղից գրավոր պատասխանել են. «Համայնքային նշանակության ճանապարհներն ընդգրկված են համայնքների զարգացման ծրագրում: Ֆինանսների առկայության դեպքում հիշյալ ճանապարհները կվերանորոգվեն»: Գյուղը չունի ո՛չ ոռոգման ջուր, ո՛չ գազաֆիկացում, ո՛չ հեռախոս: Հողերը չեն կարողանում լիարժեք օգտագործել: Շնչին 4 հա հող է հասնում, բայց, ինչպես իրենք են ասում, ու՞մ է պետք, եթե ջուր չկա: Համայնքապետը տեղին համարեց հիշեցնել ՀՀ նախագահի խոստումը, որ մինչեւ 2006թ. Հայաստանի եւ ոչ մի անկյուն առանց գազաֆիկացման չպետք է մնա, բայց «կապույտ վառելիքը ոչ թե իրենց գյուղ, այլեւ իրենց կողմերում ընդհանրապես չի երեւացել»:
Կաքավաձորում կյանք կառուցել հնարավոր չէ
Եթե սխալվես ու ձմռանը հասնես Կաքավաձոր, ստիպված կլինես գարունն այնտեղ դիմավորել, քանի որ բուքն ու առատ ձյունը փակում են ճանապարհը: Օրը մեկ անգամ Զովասարին սպասարկող ավտոբուսն այստեղ էլ է այցելում, սակայն անգործության մատնված երիտասարդությունը գերադասում է տեղափոխվել Երեւան եւ շինարարության մեջ աշխատանք գտնել: Եթե հաջողվում է, դրանով վարձի եւ առօրյա սննդի պահանջները մի կերպ բավարարում են, գյուղում մնացած ընտանիքը սպասելիք չի կարող ունենալ: Կաքավաձորում բարեբախտություն են համարում, եթե մի ընտանիքում թոշակառուներ կան, քանի որ մյուսների տուն ընդհանրապես դրամ չի մտնում:
Կաքավաձորի բնակչությունն իր ապրուստի, կենցաղի ու կյանքի դժվարություններով չի տարբերվում Թալինի վարչատարածքի մյուս լեռնային գյուղերից: Հիմնական զբաղվածությունը դարձյալ անասնապահությունն ու հողագործությունն է: Կենսական կարիքները հոգում են հիմնականում գյուղ եկած վաճառականների հետ փոխանակում անելով: Շուկայի հետ կապն այնքան էլ հաճախ չէ: «Մենք չենք կարողանում մեր ապրանքը Երեւանում իրացնել: 1 կգ կարտոֆիլն անցյալ տարի 180 դրամ էր, իսկ մեզնից 50 դրամով էին վերցնում: Ստիպված՝ 500 կգ կարտոֆիլը լցրեցի կովը կերավ: Պանիր ենք բերում վաճառելու՝ 100 դրամից ավել չեն տալիս»,- իրենց տնտեսական ծանր վիճակի մասին պարզաբանումներ է տալիս գյուղի բնակչուհի Ալվարդ Ալեքսանյանը: Արդյունքում, ոչ մի տեղաշարժ չեն կարողանում անել, նույնիսկ հարկերն ի վիճակի չեն վճարել, մի կերպ միայն լույսի վարձն են վճարում:
Կաքավաձորցիներն իրենց գյուղը բնութագրում են հետեւյալ կերպ. «Չափազանց խեղճ, անտեր գյուղ է»: Շուրջ 100 տնտեսություն ունեցող գյուղն ունի միայն միջնակարգ դպրոց, վաղուց արդեն քայքայված ու խարխլված մի մշակույթի տուն եւ 7-րդ դարի վեհաշուք եկեղեցի՝ Սուրբ Գեւորգը: Վերջինս, սակայն, գտնվում էր ոչ այնքան բարեկարգ վիճակում: Մի քանի տարի առաջ հովանավորների օգնությամբ վերականգնվել էր եկեղեցու տանիքը, սակայն ներսում անմխիթար վիճակ էր, իսկ դռների փոխարեն ինչ-որ տախտակի կտորներ էին հարմարեցված, որոնք ուղղակի հենված էին մուտքին: Վագոն-տնակում հարմարեցված բուժկետը, բնակիչների հավաստմամբ, ոչ աշխատում է, ոչ էլ դեղ կա: «Մի ժամանակ նույնիսկ փող հավաքեցինք, որ դեղորայք լինի, բայց ամեն մարդ աշխատում է ինքն իր տանն ունենալ առաջին անհրաժեշտության դեղերը, ո՞վ է հասնում էդ աշխարհի ծայրը»,- ասում է Ալվարդ Ալեքսանյանը:
Մշակույթի տունը վաղուց արդեն չի գործում, քայքայված ու խարխլված մի խլյակ է հիշեցնում, որտեղ գտնվող գրադարանը խոնավությունից ամբողջովին քայքայվել ու ոչնչացվել է: Գյուղացիների ասելով' միայն թոշակների բաժանման օրերին են մարդիկ հավաքվում այդ շինության առջեւ, ստանում են ու ցրվում: Ոռոգման ջուր չունեն, գյուղամիջում գտնվող խմելաջրի միակ աղբյուրն ուղղակի հակասանիտարական վիճակում է, բաց խողովակներով հոսող ջրում մանրէներ ու որդեր են լողում: Հարկադրված օգտագործում են' եռացնելով կամ քամելով:
Կաքավաձորցիներն ասում են, որ նախկինում էլ իրենց վիճակը մի բան չէր, քանի որ գյուղի նախկին իշխանավորներն էլ միայն իրենց սեփական բարեկեցության մասին էին մտածում: Գյուղում անգամ չէին ապրում, միայն տեղի միջոցներն օգտագործում էին Երեւանում բնակարաններ գնելու համար, եղածը թալանում, քանդում, տանում էին: Այսօր էլ մի բան չէ, չնայած համայնքապետը գյուղից է:
«Մի փաստաթուղթ պետք լինելու դեպքում ամսով պետք է հետեւից ընկնես: Համայնքապետարանն էլ իր տանն է, եթե ուզում ես գնալ բողոքդ հայտնել՝ կինն ու մայրն են դիմավորում: Մի բաժակ սուրճ էլ որ հյուրասիրում են, ասելիքդ բերնումդ վեր ես կենում ու խելոք հետ վերադառնում»,- համայնքապետի աշխատաոճն ու իրենց փոխհարաբերություններն է ներկայացնում տիկին Ալվարդը:
Նա երկու երեխաների մայր է: Ավագ որդին այժմ ծառայում է բանակում, կրտսերն ավարտել է դպրոցն ու անգործ տանը նստած' ծառայության մեկնելու իր հերթին է սպասում: «Ամբողջ օրը կռվում է մեզ հետ, մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն ունի, բայց ի՞նչ անեմ, ոչ մի բանի չեմ կարողանում ուղարկել: Մեր երեխաներն ամեն ինչից զրկված են, էս սարի գլխին ոչ մի բան չեն տեսնում: Ամաչում ես, թե քաղաք տանես, բերանները բաց, զարմանքով նայում են ամեն ինչին, նրանք էլ ասում են՝ էս սարեցիներն ով են: Տանելն էլ ուրիշ դժվարություն է, միայն 2000 դրամ պետք է տրանսպորտին տաս, եթե մի կարուսել ու պաղպաղակ էլ գումարվի, ուրեմն՝ 5000 դրամը գնաց, իսկ դա արդեն չափազանց մեծ գումար է մեզ համար»,- իրենց ընչազուրկ վիճակից ու երեխաների անապագա կյանքից դժգոհում է հուսալքված կինը:
Մնացել են երկու քարի արանքում. ուզում են հեռանալ գյուղից, բայց գիտեն, որ իրենց բացակայության դեպքում տնից ոչինչ չի մնա, ինչպես մյուս համագյուղացիների հեռանալու դեպքում է եղել, երբ «լքված տները գյուղացիների համար դառնում են ձմռան վառելանյութ, շինանյութ: «Գոնե մի կոպեկ տվող լիներ՝ վաճառեի, նոր հեռանայի»,- իր ստեղծածին ափսոսանքով նայում է տիկին Ալվարդը:
Մետաքսե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել