HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը սկսվել է

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկվել է դատարան։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, դեկտեմբերի 17-ին սկսվեց Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը։

Դավիթ Գրիգորյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու, իսկ մայիսի 20-ին՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումներ կայացրած դատավորն է։

Մինչ այս որոշումները կայացնելը դատավորի վերաբերյալ նրա վարույթում քննվող գործերից մեկով անցնող անձը բողոք է ներկայացրել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մասին։ Մասնավորապես՝ խոսքը դատական նիստի կեղծ ծանուցագրեր պատրաստելու մասին է։ Նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Քոչարյանի գործով որոշումները կայացնելուց օրեր անց գլխավոր դատախազը հաղորդում ներկայացրած անձի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ բողոք բերող անձը առավել հիմնավոր փաստարկներ է ներկայացրել, որոնք արդեն բավարար են եղել քրեական գործ հարուցելու համար։

2019-ի հուլիսին դատավորի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել, դուռը՝ կնքվել։ Ապա ԲԴԽ-ի համաձայնությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, դատավորը մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով, և նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։

Բողոքի վերաբերյալ դատական նիստի սկսվելուն պես գործով դատախազ Վահե Դոլմազյանը միջնորդեց նիստը դռնփակ քննել՝ պատճառաբանելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նախաքննություն է ընթանում։ Դատախազը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը, հանգամանքը, թե ում վերաբերյալ է քննվող գործը՝ ըստ էության նկատի ունենալով, որ մեղադրյալը դատական իշխանության ներկայացուցիչ է։

Փաստաբան Գեորգի Մելիքյանը առարկեց միջնորդության դեմ՝  նշելով, որ կարծես թե մեղադրողը իրենց կողմի շահերի պաշտպանության հարց է առաջ քաշում, մինչդեռ դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքներն այս ընթացքում այնքան են ոտնահարվել, որ հենց իրենք են շահագրգիռ, որ գործը հրապարակային քննվի։

Դատավոր Ֆարխոյանը մերժեց դատախազի միջնորդությունն, ու նիստը շարունակվեց դռնբաց։

Այսօրվա նիստի ընթացքում իր բողոքը ներկայացրեց Գեորգի Մելիքյանը։ Վերջինս նշեց, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ առկա են ձևակերպումներ, որոնք ուղղակի մատնանշում են, որ որոշմամբ արձանագրված հանցագործությունը կատարել է դատավոր Դավիթ Գրիգորյանը։

«Բողոքի վերաբերյալ դատարանում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողից կատարվել է պաշտոնեական կեղծիք», «նյութերի նախապատրաստման ընթացքում Սերգո Փանոսյանը բացատրություն է տվել, պնդել է, որ Դավիթ Գրիգորյանը կեղծ ծանուցում է կցել գործի նյութերին, որպիսի պայմաններում նրա արարքում առկա են պաշտոնեական կեղծիքի հատկանիշներ», «բողոքաբերը նշել է, որ դատավորի կողմից ներկայացված պատճառաբանությունը, թե ծանուցագիր չուղարկելը պայմանավորված է եղել աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, հերքվել է հենց դատական նիստի թղթային արձանագրությամբ», «բողոքաբերի խոսքով՝ կեղծ ծանուցագրեր են պատրաստվել նաեւ դատախազին և քննիչին ծանուցելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը, սակայն, նյութերի նախապատրաստմամբ չի պարզվել», «նկատի ունենալով, որ դատավորի աշխատասենյակում կարող են պահվել քրեական օրենքով արգելված այլ իրեր և  առարկաներ...»։ Ահա այն ձևակերպումները, որոնք օգտագործվել են որոշման մեջ։

Ըստ Գեորգի Մելիքյանի՝ այս փաստաթուղթը, հավասարազոր է մեղադրանք առաջադրելու որոշման, այն պահից, երբ իրավասու մարմինը նշել է Դավիթ Գրիգորյանի անունը, նա, փաստացի մեղադրյալի կարգավիճակ է ստացել։

«Իրավունքի տեսանկյունից անձը մեղադրյալի դատավարական կարգավիճակ է ձեռք բերում իր կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ յուրաքանչյուր պաշտոնեական հայտարարություն անելու պահից»,- ասաց Գեորգի Մելիքյանը՝ նշելով, որ այդ պահից սկսած նա կարող է օգտվել մեղադրալի դատավարական  իրավունքներից։

Փաստաբանը  նշեց, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ, մինչդեռ դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում մինչև ԲԴԽ-ի՝ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալը խուզարկություն է իրականացվել։

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են նրա աշխատասենյակում խուզարկություն թույլ տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, և Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը, բեկանել դատարանի այդ որոշումը։ Գեորգի Մելիքյանի խոսքով՝ դատավոր Արսեն Նիկողոսյանն, ով քննել է պաշտպանների բողոքը, ևս իրավական դիրքորոշում է հայտնել, որ դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելիս նրա նկատմամբ, փաստացի, քրեական հետապնդում է իրականացվել։ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկության թույլտվության մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ։

Մելիքյանը նշեց, որ իրենք մինչ օրս սպասում են, որ վարույթն իրականացնող մարմինը սեփական նախաձեռնությամբ կվերացնի այդ ոչ իրավաչափ որոշման արդյունքում Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտումը, որը հանգեցնում է ոչ միայն ապացույցների անթույլատրելիության, այլ քրեական հետապնդման դադարեցման։

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter