
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու երրորդ միջնորդությունը նույնպես մերժվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):
Նշենք, որ ՀՔԾ-ի միջնորդությունը քննում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը: Գործով որոշում կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ դեկտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով, և երրորդ անգամ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն, սակայն, չի եղել, նա շարունակում է մեղադրվել «Մարտի 1-ի գործով» ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
ՀՔԾ-ն վերջին մեկ տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնում: Կալանքի վերաբերյալ նախորդ երկու միջնորդությունների վերաբերյալ արդեն առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր այն մասին, որ Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքեր չկան:
Մեկնաբանել