HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի զարգացման գրավականը կանանց իրավունքների պաշտպանությունն է

Ադրբեջանում առաջին եւ առայժմ միակ Կանանց ճգնաժամային կենտրոնը (ԿՃԿ) բացվել է Բաքվում 2001 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այստեղ դիմել են 9 հազարից ավելի քաղաքացիներ: Այսօր ԿՃԿ-ն նաեւ կանանց համար տարբեր կրթական, նրանց իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված ծրագրերի մշակման կենտրոն է: Խնդիրները, որոնց հետ բախվում են կանայք ժամանակակից Ադրբեջանում, ներկայացնում է կենտրոնի աշխատակից Մաթանաթ Ազիզովան:

- Ի՞նչ հարցերով են ավելի հաճախ դիմում Ձեր կենտրոն:

- Հարցերն ու խնդիրները շատ են, բայց ամենից հաճախ' ընտանեկան բռնություններով: Մինչ օրս Ադրբեջանում չկա հատուկ օրենք ընտանեկան բռնությունների մասին: Քրեական օրենսգրքում կան մի քանի հոդվածներ (126-133 հոդվածները), որոնք կապված են վնասվածքներ հասցնելու համար քրեական հետապնդումների հետ, բայց, կրկնում եմ, ընտանեկան բռնություններին վերաբերող հատուկ օրենք չկա: Ավանդաբար ընտանիքներում աղջիկներին ասում են, որ հայրական տանը նա հյուր է, եւ միայն ամուսնու տունն է, որ պետք է լինի նրա մշտական հանգրվանը: Ի սկզբանե նրան սովորեցնում են այն մտքին, որ ամուսնանալով պետք է ընդմիշտ հրաժեշտ տա իր հայրական տանը: Աղջիկներին սովորեցնում են լինել համբերատար, բացատրում, որ հենց ինքն է պատասխանատվություն կրելու ընտանիքի, երեխաների համար: Ենթարկվելով ընտանեկան բռնության' մեր կանայք, որպես օրենք, չեն գնում ոստիկանություն բողոքելու: Ամենից հաճախ նրանք լռում են, դիմանում որքան հնարավոր է: Բայց եւ մեր երկրում չկա մի տեղ, որտեղ նրանք կարող են դիմել: Մեզ մոտ չկան հատուկ հանգրվաններ, որտեղ կարող են պատսպարվել իրենց ամուսիններից փախած կանայք: Մեր կենտրոնն ու էլի մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները, ցուցաբերում են իրավաբանական, հոգեբանական օգնություն, բայց սա ակնհայտորեն բավարար չէ:

Միայն 2005թ. նոյեմբերին Լենկորանի շրջանում եղավ երեք ինքնահրկիզում: Այս կանայք միանման խնդիրներ ունեին, ամուսնու տանը նրանք բռնությունների էին ենթարկվում: Մի քանի անգամ նրանք հեռացել են իրենց ծնողների տուն, բայց այնտեղ նրանց թույլ են տվել մնալ միայն մի քանի օր: Հետագայում, համայնքի ավագանին նրանց համառորեն համոզում էր վերադառնալ ամուսինների տուն: Կանայք վերադարձել էին եւ նորից ենթարկվել բռնությունների: Այս պատմություններից ոչ մեկի ընթացքում ո՛չ բարեկամները, ո՛չ ավագները չեն փորձել խոսել կանանց ամուսինների հետ: Կանանց մահից հետո քրեական գործեր չեն հարուցվել: Եթե Ադրբեջանում լիներ ընտանեկան բռնությունների մասին օրենք (գլխավորն այն է, որ այն նաեւ աշխատի), ապա այդ կանայք կունենային կացարան, կամ եթե աշխատանք ունենային եւ կարողանային վարձել իրենց համար բնակարան, հնարավոր է, որ ինքնահրկիզում չկատարվեր: Ցավոք, սրանք շատ տիպիկ պատմություններ են: Եթե երկրում հատուկ հանգրվաններ լինեին ընտանեկան բռնությունների ենթարկվող կանանց համար, ապա ինքնասպանությունների թիվը կկրճատվեր:

Իրավապաշտպան մարմիններում եւ դատարաններում կոռուպցիան հավելյալ խոչընդոտներ է առաջացնում կանանց իրավունքների պաշտպանության համար: Կանայք հաճախ փող չեն ունենում դատավորին վճարելու համար, երբ ծագում են ունեցվածքը կիսելու եւ այլ հարցեր: Մեր կենտրոն դիմում են կանայք, ովքեր ստիպված են եղել փախչել ամուսինների տնից իրենց երեխաների հետ: Շատ հազվադեպ է հաջողվում դատարանի միջոցով ամուսնուն ստիպել նախկին բնակտարածքը փոխանակել կամ նախկին կնոջ համար բնակարան գնել:

- Եթե դասակարգենք այն խնդիրները, որոնցով կանայք ամենից հաճախ են դիմում ԿՃԿ, ապա ո՞ր խնդիրները կգրավեն առաջին երեք տեղերը:

- Նախ' ընտանեկան բռնություն, հետո' աշխատանք փնտրելու, գործատուների հետ կապված խնդիրները, եւ երրորդ տեղում' ամուսնալուծությունները եւ ունեցվածքի բաժանման խնդիրները: Կանայք ավելի ու ավելի հաճախ են դառնում քրեորեն պատժելի հանցագործությունների զոհ: Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն' 2005թ. կանանց դեմ կատարվել է 4397 հանցագործություն, ինչը կազմում է երկրում գրանցված հանցագործությունների 27,3 %-ը: Սրանց 28,4 % -ը կենցաղային հանցագործություններ են: 2001-2005թթ. ընթացքում սպանվել է 246 կին, այդ թվում' 84 կին սպանվել է ընտանեկան կոնֆլիկտի ընթացքում: Հարուցվել է 2291 քրեական գործ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, 100 գործ' սպանության փորձի, եւ 8833' կանանց ծեծի ենթարկելու համար:

Այս թվերը չեն ներկայացնում ընտանեկան բռնությունների ամբողջ ծավալը, բայց հնարավորություն են տալիս հասկանալու, թե որքան հրատապ է դառնում խնդրի լուծումը:

- Ինչպե՞ս եք գնահատում կանանց դերը Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում:

- Կանանց ճգնաժամային կենտրոնի անցկացրած սեմինարների եւ գենդերային կրթությանն ուղղված թրեյնինգների ընթացքում մենք հաճախ հարց ենք տալիս. «Պե՞տք է, արդյոք, կինը զբաղվի քաղաքականությամբ»: Մասնակիցների կարծիքները միշտ կիսվում են, բուռն քննարկումների տեղիք տալիս: Ոմանք դրական են պատասխանում' պնդելով, որ կինն իր էությամբ մայր է, հետեւաբար նրան շատ մոտ են հասարակության խնդիրները, մյուսները չեն ընդունում այս դիրքորոշումը եւ կարծում են, որ եթե կինը սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ապա խնդիրներ է ունենում անձնական կյանքում: Ցավոք, այսօր գերակայում է նրանց կարծիքը, ովքեր բացասաբար են վերաբերվում քաղաքական կյանքում կնոջ դերի բարձրացմանը: Այն ստերեոտիպը, որ կնոջ ճակատագիրը տան եւ ընտանիքի խնդիրների լուծումն է, խանգարում է կանանց իրենց հասարակական-քաղաքական գործունեության մեջ, փաստորեն զրոյի է հավասարեցնում քաղաքականության մեջ կնոջ դերը: Երբեմն հասարակական գործունեությամբ զբաղվող կանայք նույնպես կողմ չեն քաղաքական գործունեությանը' դա բացատրելով մեր մենթալիտետով: Հասարակության մեջ կարելի է նաեւ այսպիսի կարծիք լսել. «Նույնիսկ կանայք չունեն կին-քաղաքական գործչի կարիք, նրանք ավելի շատ վստահում են տղամարդ գործիչներին»:

Անկասկած, մտավոր զգալի պոտենցիալ, փայլուն կրթություն ունեցող մեր կանայք կարող էին էականորեն փոխել երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտը, եթե լայնորեն ներկայացված լինեին կառավարությունում, խորհրդարանում, քաղաքական կուսակցություններում: Ցավոք, մենք առայժմ կարդում ենք միայն սկանդինավյան երկրների կին նախագահների, նախարարների մասին:

- Պահպանո՞ւմ են, արդյոք, երկրի քաղաքական կազմակերպությունները գենդերային հավասարակշռություն:

- Այժմ խորհրդարանի 125 պատգամավորներից 15-ը կանայք են, ինչը 13,4% է կազմում: Գործադիր իշխանության կառույցներում կանայք ավելի քիչ են: Օրենսդիր մարմնում կանանց այսպիսի փոքր տոկոսը բացատրվում է նաեւ նրանով, որ համեմատաբար քիչ թվով կանայք են առաջադրել իրենց թեկնածությունը ընտրությունների ժամանակ: Իհարկե, Ադրբեջանում ընտրություններն արդար, ազատ, ժողովրդավարական չէին, որոնց արդյունքում խորհրդարան կարող էին մտնել ժողովրդի վստահությունը ստացած թեկնածուները: Ընտրությունների արդյունքները հերթական անգամ խեղաթյուրվեցին: Սակայն նույնիսկ այդ ընտրությունները, ընտրարշավը, կին թեկնածուների ընտրազանգվածի հետ հանդիպումները վերլուծելիս մենք կարող ենք տեսնել, որ կանայք զգալիորեն զիջում էին ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր չափանիշներով:

Քաղաքական կազմակերպություններում, կուսակցություններում գենդերային հավասարակշռությունը չի պահպանվում: Եթե ուսումնասիրենք քաղաքական կուսակցությունների ընտրացուցակները, ապա ակնհայտ է դառնում տղամարդկանց գերակշռությունը: Երկրում գործող 40 կուսակցությունների շարքում միայն մեկի ղեկավարն է կին:

Քաղաքական կյանքում տղամարդկանց նման գերակշռությունը գործնականում բնորոշ է արեւելյան բոլոր երկրներին: Բացառությամբ սկանդինավյան երկրների, աշխարհի երկրների մեծ մասում կանայք դեռ պիտի պայքարեն քաղաքական Օլիմպոսում իրենց տեղի համար:

Ադրբեջանում դեռ շատ բան կա անելու: Այս տարի խորհրդարանում արդեն քննարկվել եւ երկու ընթերցում է անցել «Գենդերային իրավահավասարության մասին» օրենքը: Թե ինչպե՞ս այն կաշխատի, կախված է ոչ միայն իշխանություններից ( թեեւ նրանցից առաջին հերթին է կախված ) , այլեւ հասարակության պահանջներից:

- Սակայն ոչ պետական, իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասն Ադրբեջանում գլխավորում են կանայք: Ինչպիսի՞ն է նրանց դերը գենդերային իրավահավասարության հաստատման գործում:

- Դուք ճիշտ եք: Գրեթե բոլոր հայտնի իրավապաշտպանները, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունների ղեկավարները կանայք են: Եվ ես լսելով չէ, որ գիտեմ, թե ինչ դժվարին, ամենօրյա վտանգներով, բարոյական եւ հաճախ ֆիզիկական ճնշումներով լի ճանապարհ են անցել այդ կանայք: Նրանք վտանգել են ոչ միայն իրենց սեփական առողջությունը, այլեւ հարազատների բարեկեցությունը: Չէ՞ որ իշխանությունները ճնշել, հետապնդել, աշխատանքից ազատել են նաեւ նրանց ընտանիքների անդամներին, մոտ բարեկամներին: Սակայն պետք է նշել, որ, ի տարբերություն շատ տղամարդկանց, այդ կանանցից ոչ մեկը չի շեղվել իր ընտրած ուղուց: Միայն նրանք եւ նրանց հարազատները գիտեն, թե ինչ փորձությունների միջով են ստիպված եղել անցնել, որպեսզի այսօր ստանան այնպիսի նամակներ, ինչպիսիք ստանում է, օրինակ, Լեյլա Յունուսը. ծրարի վրա գրվում է՝ Բաքու, Լեյլա Յունուսին: Ոչ փողոցի անուն, ոչ տան համար, եւ փոստատարները հասցնում են նամակը հասցեատիրոջը:

Ուշադրություն դարձրեք, որ այս կանայք սկսել են զբաղվել հասարակական գործունեությամբ դեռեւս խորհրդային ժամանակներից կամ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Նրանք բոլորն ունեն բարձրագույն կրթություն, գիտական կոչումներ, նրանք պրոֆեսիոնալ են, գիտակցաբար են սկսել զբաղվել մարդու իրավունքներով, ժողովրդավարական ազատություններով, քաղաքացիական հասարակության շինարարությամբ: Սակայն այսօր դեռ նրանց փոխարինող սերունդ՝ երիտասարդ, լավ կրթություն ստացած աղջիկների, մենք չենք տեսնում: Ադրբեջանում անկախ հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելը կապված է մեծ դժվարությունների եւ փորձությունների հետ: Բացի այդ, քիչ հայրեր կամ ամուսիններ կհամաձայնվեն, որ իրենց աղջիկը կամ կինը նման ակտիվություն դրսեւորի, եւ իրենց՝ նոր հերթափոխի ներկայացուցիչները պետք է մեծ խիզախություն ունենան ոչ ժողովրդավարական Ադրբեջանում անկախ հասարակական գործունեություն ծավալելու համար: Այդ պատճառով է, որ խնդիրները փոխկապված են՝ օրենքի գերակայությամբ ժողովրդավարական, իրավական հասարակության կառուցումը եւ գենդերային հավասարությունը, երկրի կառավարման մեջ կանանց ներգրավումը:

Հարցազրույցը՝ Ռ. Վելիեւի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter