
Հայաստանում կանայք չեն կարող հարուստ լինել
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով' Հայաստանում գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերն ընդամենը տուրք են միջազգային տեսակետներին կամ էլ հապճեպ ցուցաբերված պատրաստակամություն' պատասխանելու Հայաստանին ուղղված հարցադրումներին: «Պարզ չէ, թե որտե՞ղ ենք մենք հավասարակշռություն ուզում, ի՞նչ տեսքով եւ ինչպիսի՞ ուղիներով ենք դրան ձգտում: Եվ այս անորոշությունը երկար կտեւի»:
- Ինչու՞ Հայաստանում բնակվող կանայք հարուստ չեն:
- Հայաստանում հարուստ կանայք ընդհանրապես չկան: Այսինքն՝ կան կանայք, որոնց ընտանիքները հարուստ են: Այս դեպքը ես անվանում եմ հարուստների կանայք: Ես նախընտրում եմ այս արտահայտությունը, որովհետեւ կանայք այդ հարստության կուտակման եւ տնօրինման մեջ որեւէ դերակատարում չունեն: Իմ գնահատմամբ' նրանք չունեն նաեւ հասարակական, տնտեսական եւ քաղաքական դերակատարում: Իհարկե, կան կանայք, ովքեր ունեն որոշակի եկամուտներ, բայց դրանք բացարձակ որեւէ համեմատության մեջ չեն կարող դրվել հարուստ տղամարդկանց եկամուտների ծավալների հետ: Մենք չենք կարող մի կնոջ անուն տալ, որն իր հարստությամբ կարող է ազդել երկրի տնտեսական կամ քաղաքական իրավիճակի վրա, մինչդեռ տղամարդկանց անուններ կարող ենք նշել:
- Բայց ինչու՞ է այդպես:
- Ասել, որ տղամարդիկ գիտակցված ներս չեն թողնում կանանց այդ դաշտը, ես չեմ ուզում, չունեմ նման նյութ եւ չեմ էլ կարծում, որ այսպիսի հայտարարությունն արդարացի կլինի: Հարստության կուտակման միջոցները եւ ձեւերը ի սկզբանե ավելի մատչելի էին տղամարդկանց համար, սակայն չեմ էլ ուզում ասել, որ դրանք խորթ էին կանանց էությանը: Շատ հաճախ ասում են, որ կանայք չեն կարող արմունկներով հրելով հարստություն կուտակել, բայց կարծում եմ' կարող են: Պարզապես մեր երկրի անցումային վաղ փուլում, երբ հարստության կուտակման խոչընդոտները քիչ էին, կանայք հեռու էին այդ ռեսուրսների տնօրինման հնարավորությունից: Այն ժամանակ, երբ կանայք սկսեցին մտածել եւ փորձեր ձեռնարկել սեփականաշնորհման գործընթացներին միանալու համար, այդ հնարավորությունն արդեն սպառված էր. երկրում արդեն որոշ չափով հաստատվել էին օրինական հարաբերություններ եւ , վերջապես, այդ դաշտն արդեն գտնվում էր տղամարդկանց ձեռքում: Իհարկե, կան կանայք, ովքեր ունեն իրենց բիզնեսը, բայց նրանք գործում են հիմնականում սպասարկման եւ փոքր արտադրական ոլորտներում եւ վճռական դեր գրեթե չեն խաղում: Այսպիսով, իմ գնահատմամբ, այսօրվա տնտեսական կյանքում կանանց մասնակցությունը սահմանափակվում է սպասարկողի, ծառայողի եւ կատարողի դերերով:
- Կարելի՞ է ասել, որ այս հարցում ազդեցություն ունեն նաեւ որոշակի կենսաբանական կամ մշակութային գործոններ:
- Կենսաբանական գործոնների մասին չեմ կարող միանշանակ ասել: Բայց պետք է ասեմ, որ պատճառներից մեկն էլ մշակութային նախատրամադրվածությունն էր: 20-րդ դարը բոլորովին այլ որակի հարաբերություններ էր թելադրում: Մի դեպք պատմեմ. երեւի մոտ երկու ամիս առաջ փախստականների մի գյուղում գյուղապետի տեղ կար: Երկու թեկնածուներից մեկը կին էր: Կնոջ դեմ գործածվող հիմնական փաստարկն այն էր, թե նա ի՞նչ կին է, որ թողել է տունը եւ ուզում է գյուղապետի պաշտոն ստանձնել: Մեր հասարակությունը մշակել է այսպիսի բառամթերք եւ տալիս է հստակ գնահատականներ: Նույնիսկ ամենաակտիվ կանայք փորձում են հարմարվել հասարակական նորմերին, որպեսզի քիչ թե շատ ավելի պաշտպանված լինեն նմանատիպ պիտակավորումներից: Տնտեսական հնարավորությունները 99 % սոցիալական կապիտալ են, եւ հակառակը' սոցիալական կապիտալը լրացուցիչ տնտեսական հնարավորություն է: Իսկ կնոջ սոցիալական կապիտալն է լինել համեստ, զուսպ, բարեկիրթ, համբերատար, հանդուրժող եւ հաշտարար: Շատ կարեւոր որակներ են, բայց, իմ կարծիքով, այս որակներն ընդհանրապես պետք է մարդուն բնորոշ լինեն, այլ ոչ թե մասնավորապես կնոջը: Այնուամենայնիվ, այս տարբերակումը կա:
- Իսկ գուցե հենց կանա՞յք են ստեղծել այս նախատրամադրվածությունը:
- Այո, ամենից առաջ հենց կանայք էլ ձեւավորում են այս հարաբերությունները: Որպես ազգագրագետ' ասեմ, որ գործնական կանայք այդպես չեն մտածում, նրանք միայն այդպես ասում են: Այստեղ կա հասարակական երկերեսանիություն: Քիչ չեն կանայք, ովքեր իրենց բառապաշարում գործածում են ստերեոտիպային բնորոշումներ որպես ինքնապաշտպանական մեխանիզմ: Այդ կանայք նույնիսկ իրենց աղջիկներին են նման բառապաշարով դաստիարակում: Վերջերս հասարակական ղեկավարների եւ քաղաքական ակտիվություն ունեցող կանանց մեջ մի հարցում էր անցկացվել: Բազմաթիվ հարցերից մեկն էլ այն էր, թե ի՞նչ են նրանք ցանկանում իրենց աղջիկներին' բարձր աշխատավարձով աշխատա՞նք, հաջող ամուսնությո՞ւն, կարիե՞րա, թե՞ փողով ամուսնություն: 60 %-ից ավելին ընտրել էր փողով ամուսնությունը: Կարծում եմ այստեղ որոշակի տրամաբանություն կա: Բարձր աշխատավարձը կնոջ ընկալմամբ կարող է պատահական լինել եւ ոչ տեւական, երեխա մեծացնելու շրջանում նա կարող է կորցնել այդ աշխատանքը, իսկ ապահովված ամուսինը կնոջ աչքերում դիտվում է որպես լուրջ պաշտպանություն: Եթե այսպիսին է հասարակական ակտիվություն ցուցաբերած կամ հավակնություններ ունեցող կանանց ընտրությունը, ապա նշանակում է, որ մեր հասարակական մշակույթը դեռ շատ հեռու է հավասար հնարավորությունների մասին խոսելու համար: Կարող ենք երկար զրուցել պետական ծրագրերի, գենդերային հավասարության, օրենքների եւ այլնի մասին, բայց իրական կյանքն այսպիսին է:
- Իսկ քաղաքականության մեջ կանայք ի՞նչ կարգավիճակ ունեն:
- Քաղաքականության մեջ ես կնոջ դերակատարություն այսօր առհասարակ չեմ տեսնում: Կանայք կարող են կուսակցությունների անդամ լինել, բայց նրանք ընտրվում են միայն հարաբերականորեն պասիվ լինելու պայմանով: Հնարավոր է ավելացնել կանանց թիվն Ազգային ժողովում, բայց միեւնույն է, կինը քաղաքական մասնակցություն չի ունենա: Կարծում եմ' ինչ- որ բան կփոխվի, եթե Հայաստանում տնտեսվարող կանանց քանակը մեծանա: Ոչ թե մեկ կամ երկու հարուստ կին լինի, այլ հարուստ կանանց խումբ, ովքեր իրենց տնտեսական շահի համար ստիպված կլինեն քաղաքական կռվի մեջ մտնել: Առայժմ տնտեսվարող կանայք տանիք եւ հովանավորություն փնտրում են միայն տղամարդկանց, այլ ոչ թե կանանց մոտ: Շատ քիչ կանայք են փորձում ինքնուրույն փնտրել խնդիրների լուծման ճանապարհներ: Քանի դեռ Հայաստանում քաղաքական դաշտ մտնելը պայմանավորված է տնտեսական հնարավորություններով, կանայք այնտեղ իրականում դեր չեն ունենա եւ, իմ գնահատմամբ, դրությունն այդպիսին կլինի առաջիկա 20-30 տարիների ընթացքում:
- Ինչպիսի՞ տեղ է գրավում կինն ընտանիքում:
- Ընտանիքներում, չնայած դրան հասարակական հնչեղություն չի տրվում, ընդհանուր առմամբ կնոջ դերակատարումը շատ ավելի մեծ է, քան իրականում մենք ասում ենք: Նույնիսկ այն ոչ առաջադիմական ընտանիքներում, որտեղ դեռեւս ծնողներն են որոշում, թե տղան եւ աղջիկն ում հետ պետք է ամուսնանան, այդ ծնողներից առաջինը մայրն է: Շատ ցավալի է, որ այս երեւույթը գործող հասարակական մշակույթին հակադիր է, բայց գործնականում հենց այդպես է: Ավանդական մշակույթում հասարակական կյանքը տղամարդունն է, իսկ ընտանեկան կյանքի կարգավորումը կնոջ ձեռքում է: Այստեղ թատրոնի որոշակի տարր կա: Երբեմն ամուսինները հասարակության առջեւ ներկայանում են որոշակի վարքի կանոններով, քանի որ միայն այդ դեպքում նրանք կարող են բարեհաճ լինել հասարակությանը: Եվ այսօրվա մեր կյանքում կա այս դերակատարումների փոփոխություններ. կնոջ պատյանից դուրս գալու ընթացքը եւ տղամարդու անկարողությունները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում: Տղամարդը, զիջելով իր դիրքերը, սկսում է վրեժ լուծել կնոջից, կինը' ամուսնուց: Վիճակագրության համաձայն' ընդհանրապես հանցագործ կանանց թիվը շատ ավելի քիչ է, քան տղամարդկանց: Հայաստանում էլ է այդպես, սակայն, համեմատած աշխարհի շատ երկրների հետ, հայ կին հանցագործներն ավելի շատ մեղադրվում են ամուսնու կամ սկեսուրի սպանության մեջ: Ենթադրվում է, որ սրանք այն դեպքերն են, երբ կինն արդեն հասել է նյարդային տրամադրվածության գագաթնակետին:
- Ի՞նչ լուծումներ կարող են լինել:
- Համոզված եմ, որ լուծում կա, եւ նույնիսկ վստահ եմ, որ այն ֆինանսապես իրագործելի է: Կնոջ եւ տղամարդու հարաբերություններն ազնվացնելու, կեղծիքից եւ մի քիչ էլ մշակութային ճնշվածությունից դուրս բերելու համար կա մի ճանապարհ. երեխա մեծացնող կինը պետք է 10-11 տարիների ընթացքում պետության կողմից նպաստ ստանա: Այսինքն՝ վճարվի որպես պետության եւ հասարակության ամենակարեւոր առաքելությունն իրականացնող անձ: Կինը պետք է վստահ լինի, որ կարող է այդ նպաստով ապահովել իր երեխաների հանապազօրյա հացը, երեխային մեծացնել եւ դաստիարակել համեմատաբար խաղաղ պայմաններում եւ հանգիստ նյարդերով: Ես վստահ եմ, որ այդ կերպ մեր հասարակության մեջ կտրուկ կնվազեն բազմաթիվ խնդիրներ: Սակայն այսօր նման խոսակցություններ եւ առաջարկներ չկան նույնիսկ հասարակության մեջ:
Մեկնաբանել