HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աբովյանի համայնքապետարանը 4 մլն դրամով կրճատել է բնակիչներին տրվող դրամական օգնությունը

Աբովյանի համայնքապետարանն այս տարի խիստ կրճատել է բնակիչներին տրվող սոցիալական աջակցության գումարը: 2019 թ. բյուջեով նախատեսված 5 մլն դրամից առ այսօր կարիքավոր ճանաչված ընտանիքներին տրամադրվել է 855 000 դրամ: Ավելի քան 4 մլն դրամը խնայվել է կարիքավորության գնահատման չափորոշիչներ ներմուծելու արդյունքում:

Տարեսկզբին համայնքի ավագանին կարիքավորության չափորոշիչներ էր սահմանել, որի կիրառումը կտրուկ փոփոխել է կարիքավորության ընկալումը եւ դրամական օժանդակություն չափերը: Համայնքապետարանների գործունեության ողջ ժամանակահատվածում առաջին անգամն է, երբ բնակչությանը սոցիալական օգնության անվան տակ բաշխվող գումարների չափը համապատասխանեցվել է կարիքավորության իրական վիճակին:

Աբովյանի համայնքապետարանը վերջին հինգ տարիներին սոցիալական օգնությունների համար տարեկան 5 մլն դրամ է հատկացրել: Անգամ այն տարիներին, երբ բյուջեով տարեսկզբին պլանավորել են 2 մլն դրամ, տարեվերջին փաստացի դրամական հատկացումները հասցրել են 5 մլն դրամի: Համայնքապետարանը 2018 եւ 2019 թթ.-ին, սոցիալական օգնություններին հատկացվող գումարը բյուջեում նախատեսել էր փաստացի ծախսի հիման վրա՝ 5 մլն դրամ: Սակայն, 2018 թ.-ից փաստացի հատկացումները նվազել են, նախատեսված 5 մլն դրամից բաշխվել է մոտ 2 մլն դրամ, իսկ 2019 թ.-ի տարեսկզբից մինչ օրս տրամադրվել է  855 000 դրամ:

Վերջին 5 տարիներին Աբովյան համայնքի բյուջով նախատեսված եւ փաստացի հատկացված սոցիալական օգնության գումարները.

Տարեթիվ Նախատեսվել է Հատկացվել է
2019 5 մլն դրամ 855 000 դրամ
2018 5 մլն դրամ 1 937 000 դրամ
2017 2 մլն դրամ 5 000 000 դրամ
2016 2 մլն դրամ 4 670 000 դրամ
2015 4 մլն դրամ 4 300 000 դրամ

2019 թ. փետրվարին Աբովյան համայնքի ավագանին մի շարք կարեւոր որոշումներ է ընդունել, որոնցով իրավական հիմքեր է սահմանել բնակչությանը սոցիալական օգնություններ տրամադրելու համար: 2019 թ.-ի փետրվարի 1-ի որոշումով ավագանին հաստատել է  «Աբովյան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը»:

Ավագանու որոշումների հիման վրա Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով է ստեղծել, որում կարող են ընդգրկվել՝ ավագանու անդամներից, համայնքապետարանի աշխատակազմից, Աբովյանի ՀՈԱԿ-ների աշխատակիցներից, համայնքապետարանի սոցիալական աշխատողը, նաեւ՝ քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ:

Ավագանու որոշումներով սահմանվել են դրամական աջակցություն տրամադրելու դեպքերը՝
    1. համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին,
    2. բարձր առաջադիմություն ունեցող, անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում,
    3. ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների անապահով ընտանիքներին եւ այլն։

Դրամական օժանդակությունը տրամադրվում է սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Ավագանու ընդունած որոշման համաձայն՝ կամավոր խնդիրների իրականացման համար համայնքի բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների չափը չի կարող գերազանցել  այդ տարվա համայնքի բյուջեով նախատեսված սեփական եկամուտների 2%-ը: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է մինչեւ 50 000 դրամի չափով։ Մեկ բյուջետային տարվա ընթացքում միեւնույն անձը (ընտանիքը) սոցիալական աջակցությունից կարող է օգտվել մեկ անգամ: Բացառիկ դեպքերում՝ արտակարգ կամ չնախատեսված իրավիճակների առաջացմամբ պայմանավորված, հրատապ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում, կարող է տրամադրվել մինչեւ 200 000 դրամի չափով աջակցություն:

Սոցիալական աջակցությունից չեն կարող օգտվել համայնքի ղեկավարը, ավագանու անդամը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը, համայնքային ենթակայության կազմակերպության ղեկավար պաշտոններում աշխատողները, ինչպես նաեւ վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձիք (ծնող, ամուսին, զավակ, թոռ, եղբայր, քույր), եթե նրանք վարում են համատեղ տնտեսություն:

Համայնքի ավագանին սահմանել է նաեւ սոցիալական աջակցություն տրամադրելու չափորոշիչները, հաստատել է աջակցություն ստանալու համար դիմած անձի կարիքների գնահատման միավորները եւ գնահատման թերթիկի ձեւը: Ըստ այդմ՝ աջակցությունը ցուցաբերվում է այն անձին, ով կարիքավորության գնահատման արդյունքում կստանա նվազագույնը 5 միավոր: Քննարկման արդյունքներով հանձնաժողովը կազմում է եզրակացություն, այն ներկայացվում է համայնքի ղեկավարին՝ աջակցություն ցուցաբերելու վերջնական որոշում կայացնելու համար։

Ավագանու սահմանած այս կարգը ու չափորոշիչները կիրառելու արդյունքում, 2019 թ.-ին դրամական աջակցություն է ստացել 13 հոգի: Հատկացված գումարը տատանվել է 10 000-30 000 դրամի սահմաններում, գումարը տրվել է բանկային փոխանցումով:

Տարեկան բյուջեով առողջապահությանը հատկացվել է 1 մլն դրամ, որից 5 քաղաքացու հատկացվել է  570 000 դրամ: Գումարները փոխանցվել են այն բուժհաստատությունների հաշվեհամարներին, որտեղ բուժվելու կամ հետազոտվելու են բնակիչները:

Բյուջեի «Բարձրագույն կրթություն» տողով ուսանողների կրթական վճարները մասնակի փոխհատուցելու համար նախատեսված 3 մլն դրամից ոչ մի ուսանողի գումար չի տրվել: Նախորդ տարիներին երեք տասնյակից ավելի ուսանողների է գումար հատկացվել եւ այն էլ՝ մեկ միասնական ցուցակով:

Աբովյանում կիրառված չափորոշիչները եւ ընդունած սոցիալական օգնության կարգը այն ճիշտ մոտեցումն է, որ պետք է կիրառեն բոլոր համայնքները դրամական օգնություններ տրամադրելու դեպքերում: Այդ դեպքում կբացառվեն 10 մլն եւ ավելի գումարների վատնումները սոցիալական օգնության անվան տակ: Այդ մասին «Հետքը» գրել է տարիներ շարունակ՝

Մեկնաբանություններ (1)

Ռուզան Թադևոսյան
Բարև ձեզ,մենր միավորը 37.5 է. Ես ուզում եմ իմանալ իմ ընտանիքին այդ օգնությունը հասնում է թե ոչ?սիրով կսպասեմ ձեր պատասխանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter