HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատրանքներ եւ իրականություն: Դիցմայրիի տեսլականը

«Ձմեռվա կեսին եկան, լույսը անջատեցին. Ո՞ր մեկ թուրքն էդպես կըներ՞,- հարցնում է Բեյրութից 1999-ին Դիցմայրի տեղափոխված Նազոն' Նազարեթ Լիպարիտյանը:

Ինձ թվաց, որ Նազոն երբեւէ այսքան հուսալքված չի եղել, որովհետեւ նրա աչքերն այդ պահին լցվեցին. «Ամեն ինչ կորած է, հույս չկա»,- ասում է Նազոն:

Ղարաբաղի էլեկտրացանցերը հոսանքազրկել էր Դիցմայրի գյուղը պարտքի պատճառով, իսկ պարտքը կազմում էր մոտ երկու հազար դոլար:
«Բոլորին խառնել էինք' կուսակցությանը, կառավարությանը: 9 ամիս 10 օր տեւեց, մինչեւ միացրին հոսանքը»,- ասում է դաշնակցական Նազոն: Ստեղծված վիճակի համար նա նաեւ իր կուսակցությանն է մեղադրում:

Դիցմայրին գտնվում է Քաշաթաղի շրջանի հարավում' Կովսական քաղաքից 8 կմ հեռավորության վրա:

Դիցմայրիի բնակեցումը ստանձնել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: 1999 թվականին Լիբանանից եւ Սիրիայից մոտ երեք տասնյակ երիտասարդներ, գեներալ Նարեկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, որոշել էին վերաբնակեցման ծրագիր սկսել Քաշաթաղում: Առաջին գյուղը Դիցմայրին էր:

Եկածներից գյուղում մնաց միայն Նազարեթ Լիպարիտյանը:

Տարբեր դաշնակցականների հետ ազատագրված տարածքների մասին խոսելիս ես նրանց միշտ օրինակ եմ բերում Դիցմայրիի տապալված ծրագիրը: «Ծովից ծով Հայաստան»-ի մասին խոսող կուսակցությունը չի կարողացել նույնիսկ մի գյուղ վերաբնակեցնել. սա է փաստը, եւ կուսակցության' այս տարածքների մասին խոսելն ընդամենը ՙտեսլական՚ է: Մեզ առայժմ չի հաջողվել պարզել, թե ինչ միջոցներ են ծախսվել այս ծրագրի վրա: Ծախսված գումարների չափը պարզելու մեջ շահագրգիռ են նաեւ կուսակցության անդամները, նրանք, ովքեր նվիրատվություններ են արել այդ ծրագրի համար:

Դիցմայրիի բնակեցումը սկսվել է 1998-ին: Հենց այստեղ է հասնում Ծավ գյուղից սկսվող սոսիների պուրակը: Դիցմայրիում այսօր 70 մարդ է ապրում: Արցախյան պատերազմի մասնակից, 1999-ին այստեղ եկած Մհեր Առաքելյանը երեք տարի է Դիցմայրիի գյուղապետն է: Մինչ այդ նա մեկ տարի եղել է նախկին գյուղապետի օգնականը: Մհերը նաեւ մասնակցել է տասնհինգ փայտե տնակների տեղափոխմանը Հայաստանից Դիցմայրի:
«Շրջաբերական ստացա կուսակցական խողովակով, ասացին, որ էստեղ գյուղ են վերաբնակեցնում: Եկա ու մնացի այստեղ, իսկ մինչ այդ որոշել էի Մարտակերտի շրջան գնալ»,- ասում է Մհերը: Մհերն այստեղ է իր ընտանիքով:

«Էս հոսանքը շատ մեծ պրոբլեմ է, ժողովուրդը դժվարանում է վճարել: Նախկինից գոյացած պարտքեր կան: Հիմա ստիպում են, որ միանվագ վճարվի, ինչն անընդունելի է: Որովհետեւ դրանք բնակիչների մեղքով չեն եղել, նրանց չեն զգուշացրել, որ հոսանքը վճարովի է դարձել, չի ասվել, որ նրանք պետք է ինչ-որ տեղ տանեն հոսանքի վարձ վճարեն: էստեղ էդպիսի տեղ էլ չկա, դա տրամաբանությունից դուրս է: Մարդիկ որտե՞ղ պետք է գնան հոսանքի վարձ վճարեն, մոտակայքում նման տեղ չկա: Այդպես պարտքեր են գոյացել: Հիմա ամսավճարները էս գյուղը 99 տոկոսով վճարում է, հիմա եկել-ասում են' հին պարտքեր կան, պիտի անջատենք, մինչեւ չվճարեք: Իհարկե, դեմը առնում ենք, չենք թողնում եւ չենք էլ թողնի»,- պատմում է Մհերը:

Ի տարբերություն Դիցմայրիի, հարեւան գյուղերում էլեկտրաէներգիան պարտքերի պատճառով պարբերաբար անջատում են: Վերաբնակները, ովքեր տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի վարձ չեն վճարել, այսօր մեծ խնդրի առաջ են կանգնել: Նրանք փող չունեն այդ վճարումները կատարելու համար: Էլեկտրաէներգիայի պատճառով բազմաթիվ ընտանիքներ հավաքել են իրենց իրերը եւ հեռացել այս տարածքներից:

Յոթ տարի Դիցմայրիում ապրող Մհերը գտնում է, որ այսպիսի կյանքը հեռանկար չունի. «Այստեղ ապագա չկա, գոնե մոտակա 15-20 տարիների համար չկա: Ժողովրդի հիսուն տոկոսի համար միեւնույն է' այս հողերը կհանձնվե՞ն, թե՞ ոչ: Իրենց համար տարբերություն չկա, թե որտեղ կապրեն: Էստեղ էլ ապրելու պայման չունեն, Հայաստանում էլ չունեն, իրենց համար միեւնույն է: Այսինքն' այդ մասը գաղափարի համար չէ, որ եկել է այստեղ: Մեծ մասն այնտեղ ապրելու տեղ չի ունեցել, եկել է: Մնացած 50 տոկոսից մի 20 տոկոսը գաղափարական հիմք ունի, բնական է' չի ուզի հողերը տան: Նրանք կամ մասնակցել են ազատագրական պայքարին, կամ ինչ-որ առնչություն են ունեցել, կամ որեւէ կուսակցության անդամ են, քաղաքական հոտառություն ունեն: 30 տոկոսն էլ պարզապես հայրենասիրական մղումներով չի ուզենա, որ էս հողերը հանձնվեն: Հողերը հետ տալու մասին միանշանակ տեսակետ չկա բնակչության մեջ եւ չի էլ կարող լինել: Խուճապ չկա, մարդիկ գիտեն, որ եթե հողերը հանձնվեն, մի երկու ամիս ունենալու են իրենց տնտեսությունները տեղափոխելու համար: Բնակչության մոտ այդ մտքերը միշտ էլ եղել են' թաքուն կամ բացահայտ: Չես կարող մարդուն ստիպել, որ չմտածի այդ մասին: Քանի Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, բնական է, որ մարդիկ պիտի մտածեն»,- բացատրում է գյուղապետը:

Գյուղը կտրված է հիմնական ճանապարհներից, այստեղ հեռախոս չկա:

«Եթե էս գյուղում ուզենաս ներդրում անել, մենակ այդ ճանապարհի պատճառով անկարելի է: Էստեղով կողմնակի մարդ չի անցնում, որ գոնե մի բան գնի գյուղացուց: Ամենաշատը Կովսականում է հնարավոր մի բան անել, որովհետեւ ճանապարհն այդտեղով է անցնում: Բայց դա էլ մեծ ռիսկի հետ է կապված: Մարդիկ, ովքեր ուզում են գալ այստեղ ներդրում անել, ինձ մոտ մարդիկ կան նրանց մեջ, ասում են' մի պայմանով. եթե հողերը ետ տան, իմ փողերը պիտի վերադարձնես: Այսինքն' երաշխիք են ուզում, եւ դա նորմալ է: Հոսանքն անկայուն է, ցանկացած պահի կարող են գալ, անջատել, մեկ ամիս չես ունենա: Պետությունը բնակչին այստեղ պահելու համար ծախսեր չի անում: Անէական արտոնություններ է տալիս, որոնք եղած, կամ չեղած' միեւնույն է: Դա գյուղացու կենսակերպին որեւէ էական բան չի ավելացնում: Ասենք' կապիտալ շինարարություն չի անում: Չնչին չափի անասնավարկ են տալիս:
Տասը տարվա ընթացքում բնակիչը էդ փողը պիտի մարի: Բայց էդ անասունը չկա, մարդը ստացել է, նույնիսկ չի էլ գնել, էդ փողով սնունդ է առել, որովհետեւ դատարկ էր եկել այս բնակավայր: Մարդն ուզում է գոնե տանելի կենցաղային պայմաններ, դրանից հետո միայն հնարավոր կլինի բնակչին համոզել էստեղ մնա»,- պարզաբանում է գյուղապետը:

Քաշաթաղ- Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter