
2020 թվականին Հայաստանի պետական պարտքը 162 մլրդ դրամով կաճի
2020 թվականին Հայաստանը պետական բյուջեով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար 440 մլրդ դրամի պարտք է ներգրավելու։ Միաժամանակ՝ մոտ 281 մլրդ դրամ էլ ուղղելու է ավելի վաղ վերցված պարտքերի մարմանը։
Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության ներկայացրած 2020 թվականի փոխառությունների ծրագրից։ Սա երկրի համախառն ֆինանսական կարիքի չափն է եկող տարվա համար։ Դրանով լրացվելու է բյուջեի պակասուրդը, սպասարկվելու է պետական պարտքը։
Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի հաստատված ծրագրի համաձայն՝ բյուջեի եկամուտները կազմելու են 1 տրլն 695 մլրդ դրամ, որի մեծ մասը լինելու է հարկային եկամուտները։ Ծախսերը ծրագրված են 1 տրլն 855.7 մլրդ դրամ։ Արդյունքում բյուջեն ունենալու է 160.7 մլրդ դրամի պակասուրդ, որը կկազմի ՀՆԱ-ի 2.3 %-ը։
Վերևում նշված 440 մլրդ դրամից 168 մլրդ դրամն ուղղվելու է պետական պարտքի տոկոսավճարներին, 280.6 մլրդ դրամը՝ մայր գումարի մարումներին։ Զուտ ֆինանսական ակտիվների և մուրհակների մարմանը կհատկացվի 1.3 մլրդ դրամ։
Համախառն ֆինանսական կարիքի 61 %-ը նախատեսվում է ապահովել ներքին ռեսուրսների հաշվին։ Մասնավորապես, կիրականացվի 268 մլրդ դրամի պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխում, որից մուտքը կկազմի 268.2 մլրդ դրամ։ Խոսքը ներքին պետական պարտքի մասին է, որի գծով եկող տարի նախատեսվում է նաև 123.3 մլրդ դրամի մայր գումարի մարմումներ կատարել։
Ինչ վերաբերում է արտաքին փոխառություններին, ապա արտաքին վարկերի գծով կիրականացվի 171.8 մլրդ դրամի ֆինանսավորում։ Միևնույն ժամանակ, 110.9 մլրդ դրամ էլ նախատեսվում է հատկացնել արտաքին վարկերի մայր գումարի մարմանը։ Եվս 46.5 մլրդ դրամ էլ արտարժութային պարտատոմսերի մարմանն է հատկացվելու։
Այսպիսով ստացվում է, որ ներքին ու արտաքին աղբյուրներից եկող տարի Հայաստանը 440 մլրդ դրամի պարտք է ներգրավում, միևնույն ժամանակ՝ պարտքի մարումների գծով 280.7 մլրդ դրամ է հատկացնելու։ Ինչի արդյունքում էլ ստացվում է, որ պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 159.3 մլրդ դրամ։
Բացի մայր գումարները, պետությունը ևս 168 մլրդ դրամ էլ ուղղվելու է տոկոսավճարներին։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, տոկոսավճարների գումարը ներառվում է բյուջեի ծախսերի մեջ։
- Պետպարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը
Բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ Կառավարության պարտքը կկազմի 3 տրլն 419 մլրդ դրամ (7 մլրդ 177 մլն ԱՄՆ դոլար) և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով (341 մլն ԱՄՆ դոլարով):
Կանխատեսվում է, որ Կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսային կետով և կկազմի 48.2 %:
Ըստ Ֆինանսների նախարարության
Ինչպես երևում է գծապատկերում, Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ամենացածրը կլինի վերջին հինգ տարիներին։ Այն դեռևս բարձր է 2015 թվականի ցուցանիշից։
Մեկնաբանել