HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են դադարեցնել Դալմայի այգիներում ընթացող կառուցապատումը

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ն, «Դալմա-Սոնա» հիմնադրամը, «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն և «Հայկական հասարակական տեխնոլոգիական ակադեմիա» ՀԿ-ն նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը: 

Նամակի մեջ մասնավորապես նշված է.

«Ներկա պահին Երևանի Դալմայի այգիներում ընթանում է կառուցապատում, ՀՀ կառավարության 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման հիման վրա:

Սույնով Ձեզ խնդրում ենք անհապաղ կասեցնել այդ շինարարության ընթացքն անորոշ ժամանակով, ներքոնշյալ պատճառներով:

Վերջին ժամանակներս, հանրությանը հայտնի դարձավ, որ տվյալ տարածքում առկա մի քանի պատմական հուշարձաններից մեկը, որոնք հանիրավի և դիտավորյալ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, շինարարների կողմից հողին է հավասարեցվել:

Այս մասին Հանրային խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, 02.12.2019թ. տեղեկություն ստանալու հարցմամբ արդեն իսկ իրազեկել է ՀՀ գլխավոր դատախազին, որ նոյեմբերի 16-ից սկսած ՀՀ գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտարարել են այն մասին, որ Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի գինու հնձան է քանդվել: Ըստ լրատվականների հաղորդման՝ «ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակութային արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար»: Այս ամենի արդյունքում ենթադրվում էր, որ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175 և 176 հոդվածների, դատախազությունն ահնապաղ ձեռնամուխ պետք է լիներ քրեական գործեր հարուցելուն.

ա) պատմական հուշարձանի ոչնչացման,

բ) 1000-ամյակների պատմություն ունեցող լանդշաֆտի և պատմամշակութային հուշարձանի առկայության պայմաններում շինթույլտվություն տալու,

գ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջի խախտմամբ՝ ոչ ճշգրիտ և/կամ թերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցկացնելու և դրական եզրակացություն տալու,

դ) ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականի հունվարի 9-ին տրված Փորձաքննական եզրակացության մեջ ներառված՝ հուշարձան հայտաբերվելու դեպքում շինարարությունը կասեցնելու պայմանը խախտելու /թիվ ԲՓ01 01.09.2019/,
ե) հուշարձանի վայրում կառուցապատում թույլատրելու գործերով:

  1. Կառավարության վերոնշյալ 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման 8.2 կետով սահմանված էր, որ «Պարկ Գրուպ» ՍՊ ընկերության կողմից պետք է փոխհատուցվեին «սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի նկատմամբ սահմանված կարգով օգտագործման իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև հողամասի փաստացի օգտագործողները:

Ներկա պահին այդ կետը լիարժեք չի իրականացվում: Իրենց հողատարածքներում հողօգտագործողների կողմից կառուցված շենք-շինություններն առանց տերերի գիտության և ներկայության քանդվում են (հիմնականում ոչ աշխատանքային օրերին և ժամերին), տնային իրերը դուրս են շպրտվում, չպահպանելով ոչ մի օրենք և կարգ: Իրենց հողատարածքները և տները կամավոր լքել չցանկացող հողօգտագործողներին ահաբեկում են, եղել է նաև մեքենայով հողօգտագործողի վրա քշելու փորձ, ինչի առիթով Մալաթիայի ոստիկանությունում գործ է հարուցված:

Կառավարության հենց նույն որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթների խախտմամբ, որոնցից նշում ենք առայժմ միայն երկուսը.

ա. Ըստ ՀՀ օրենսդրության /ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքեր/, ինչպես նաև միջազգային պարտավորությունների (Օրհուսի կոնվենցիայով ստանձնած, որին Հայաստանը միացել է դեռևս 2001 թվականից), հողօգտագործողներին փոխհատուցելու խնդիրը պետք է կարգավորված և ավարտված լիներ նախքան կառավարության կողմից որոշումը կայացնելը: Ընդ որում՝ փոխհատուցումը պետք է կատարվեր՝ ելնելով միասնական, բոլորի համար ընդունելի սակագնով /ոչ պակաս՝ քան կադաստրային արժեքը/, և ոչ թե՝ կամայական, ինչպես որ արվել է որոշ հողօգտագործողների դեպքում:

Ըստ ՀՀ օրենքների և ՀՀ միջազգային պարտավորությունների (Օրհուսի կոնվենցիա)՝ այդ որոշման ընդունմանը պետք է նախորդեր ոչ միայն հողօգտագործողների արդարացի, համարժեք և լիարժեք փոխհատուցումը, բնականաբար՝ նաև նրանց հասցվելիք վնասի նախնական հաշվարկը, նրանց ունեցած տարածքների վրա առկա ծառերի, բուսատեսակների, շենք-շինությունների գույքագրումը. գնահատումն ու հաշվառումը, որից ելնելով էլ պետք է հաշվարկվեր կառուցվելիք շինության, նախատեսվող գործունեության հեռանկարային տնտեսական օգուտի և վնասի փոխհաշվարկը, այլև շահագրգիռ հանրությունը պետք է որոշման ընդունման ամենավաղ փուլից ակտիվ և գործուն մասնակցություն ունենար այդ որոշման կայացմանը: Ինչն, ավաղ, չի արվել:

բ. Վերոնշյալ 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշում ընդունվել է ՀՀ օրենքների կոպիտ խախտումով, առանց նախնական ՇՄԱԳ և ՇՄԱՓ փաստաթղթերի, առանց տվյալ տարածքը որևէ նպատակով օգտագործելու համար հիմք հանդիսանալիք Պետական ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ /դրական/ եզրակացության:

Այդ եզրակացությունը կազմվել է ՀՀ կառավարության որոշումից ուղիղ մեկ տարի անց՝ 09.01.2019թ., /այն էլ՝ թերի ու բազմաթիվ օրենքների խախտմամբ/:

  1. ՀՀ Ազգային ժողովի 2004թ. մարտի 9-ի որոշմամբ, Հայաստանը վավերացրել է Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան` սկիզբ դնելով Հայաստանում բնական և ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացի իրականացմանը՝ և, ի թիվս Եվրոպայի Խորհրդի 37 անդամ երկրների, պարտավորվելով իրագործել Կոնվենցիայով սահմանված դրույթները: Հնագետների պնդմամբ Դալմայի այգիներում կա առնվազն 3000-ամյա խաղողի այգիների լանդշաֆտ, որը մասամբ արդեն ոչնչացվել է, մնացածն էլ ոչնչացման եզրին է: Հետևապես խախտվել են այս կոնվենցիայի դրույթները:
  2. Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության 1.12.2019թ. թիվ 34/14-1/29043-19 գրության՝ ԿԳՄՍ Աշխատանքային խումբը վիճարկվող տարածքում իրականացրել է դաշտային աշխատանքներ և հետազոտություններ, ինչի արդյունքում փաստել են, որ նշված տարածքում առկա են պատմական, հնագիտական, ազգագրական և ճարտարապետական արժեք ունեցող օբյեկտներ, որոնց կապակցությամբ առաջարկ է ներկայացված՝ կազմել այդ շինությունների վկայագրերը դրանց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու նպատակով: Այնուհանդերձ, շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, և պատմական արժեքները շարունակում են ոչնչանալ:
  3. Պետական փորձաքննական եզրակացության (թիվ ԲՓ01 01.09.2019) Փորձաքննական պահանջներ բաժնի 4-րդ պարբերության մեջ ամրագրված է, որ «Ծրագրի» շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում՝ հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի՝ հնագետի եզրակացությունն ստանալուց հետո: Ինչը նշանակում է, որ շինարարական աշխատանքները պետք է դադարեցվեին, մինչև հնագետի կողմից եզրակացություն ստանալը:
  4. ՀՀ Հողային օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանության, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանների զբաղեցված հողամասերը համարվում են պատմական և մշակութային հողեր: Եվ այդպիսի հողամասերի վրա արգելվում է դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:

Ելնելով վերոգրյալից՝

խնդրում ենք Ձեր անմիջական և արագ միջամտությունը նշված տարածքում շինարարությունն անհապաղ կասեցնելու համար, մինչև բարձրացված խնդիրների կարգավորումը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ կառավարության նոր որոշման կայացումը և դատախազության կողմից քրեական գործի հարուցումը»:

Պետական կառույցների ղեկավարներին նամակ ուղարկելու որոշումը կայացվել է դեկտեմբերի 19-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցած «Հանրային դատավարությունը որպես սոցիալ-էկոլոգիական խնդիրների բարձրաձայնման և մեղավորներին պատասխանատվության կանչելու նոր մեխանիզմ» թեմայով քննարկման ժամանակ»: 

20.12.2019թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter