HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Զարեհ Խրախունի

...դիմանկարների, ինձ համար թանկ մարդոց պատկերասրահում շրջելիս ունկերումս հնչում են սովետական պոեզիայի տրուբադուրներից Ռոբերտ Ռոժդեստենսկու տողերը,- չնայած այլ նպատակով և այլ հանգամանքներում մտահղացած,- «Դա մեռածներին պետք չէ, ես գիտեմ, բայց ապրողներին շատ է հարկավոր»։ Ապրողների, հատկապես այն սերնդին, որոնք ժամանակի առումով անհաղորդ եւ անծանոթ մնացին նրանց մարդկային նկարագրին։ Խորին խոնարհումով անկարող եմ չվկայակոչել նրանց՝ իմ մտերմության «ծիրին մեջ» չպարփակելով, ովքեր ինչ-ինչ առումով կազմավորեցին իմ տեսիլքներն ու թրծեցին ձևավորվող իմ գեղագիտական ճաշակն ու ընդհանրապես պատուհաններ բացեցին իրականությունից դուրս դեպի այլ հոգևոր իրականություն... մասնավորաբար, սփյուռքյան գրողների հետ ունեցած իմ շփումներով նաև համագործակից մտերմությամբ ձևավորվեց այն, ինչ կոչում են ներաշխարհային գեղագիտություն...

Այս մտածումները ստամբուլահայ բանաստեղծ Զարեհ Խրախունուն (Արթո Ճյումայուշյան) վերաբերում է այնքանով, որքանով նրան ճանաչել ու նրա ստեղծագործության նկատմամբ ունեցել եմ ուրույն վերաբերմունք... նրա՝ բանաստեղծի, արվեստաբանի, ներհուն գրականագետի համբավը վաղուց էր ինձ ծանոթ. մեր առաջին հանդիպման ժամանակ (2009 թվական, Ստամբուլ) մեզ ծանոթացրեց «Մարմարա»ի խմբագիր Ռոպեր Հատտեճյանը՝ օրաթերթի խմբագրատանը. «Զարեհ, Արթուրին պետք է որ ճանչնաս, Սփյուռքի գրականության ջատագովներեն է, երբ հանդիպինք Մնձուրիեն կհարցնե...»։ Խրախունին ժպտալով մեկնեց ձեռքը. «Անշուշտ, գիտեմ, լսած եմ, նույնիսկ իրմե քերթվածներ ու գրադատականներ կարդացած եմ»։ Այնուհետև ասաց. «Բարով եկար, առաջին անգամ է կարծեմ Ստամբուլ կուգաս»։ Ինձնից անկախ, ինքնաբերաբար ասացի՝ «Պոլիս»։ Ժպտաց։ Հասկացավ՝ Դուրյանի,  Ինտրայի, Եղիայի, Մեծարենցի, Վարուժանի ոտնահետքերով քայլել ցանկանալու բաղձանքս։ Եւ շարունակեց՝ դիմելով Հատտեճյանին. « Ըսել կ՛ուզե, եկած եմ անոնց սիրույն»։ Մի պահ լռություն տիրեց, տխրահունչ լռություն, որով տևապես համակվեցինք։ Բայց իմ ցանկությունը Խրախունու հետ խոսելն էր, տարիներ շարունակ ինձ որոշ հարցեր էին հուզում, ուզում էի նրանից անմիջնորդ լսել։ Ու հանկարծ. «Պարոն Խրախունի, ինչպե՞ս պատահեցավ, որ ստեղծեցիք «ԹՕ» գրական հանդեսը, որ շատ ալ նորարարական բնույթ ու հանդգնություն ուներ»։ Հարցումս անսպասելի էր. միանգամից պատասխանեց. «Աղետեն ետք մեր բանաստեղծությունը նորոգումի պետքն ուներ»։ Հետո մի տեսակ ինքնագոհ շարունակեց. «Եթե չեմ սխալի»։ Իրոք, այդպես էր և համահայկական առումով ու նշանակությամբ...

Վաղամեռիկ Կարպիս Ճանճիկյանի, Զարեհ Խրախունու, Զահրատի շնորհիվ սփյուռքյան բանաստեղծության մեկ այլ ճյուղավորում,- որ ընդունված է անվանել իստամբուլահայ,- նոր ներշնչումների ու հոգեբանության, ձևաբովանդակային բարեփոխումների «կարոտ» էր, և «ԹՕ» հանդեսը, ինչպես նաև Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթը ժամանակին ծառայեցին հենց այս նպատակներին։ Եւ ոչ միայն Զարեհ Խրախունին իր բանաստեղծությունների «Տոնակարգ» (1973) ժողովածուի հրատարակումից մինչև շուրջ երկու տասնյակի հասնող ժողովածուներով, գրադատական հոդվածներով, արվեստաբանական ուսումնասիրություններով ու ֆրանսիական պոեզիայից կատարած թարգմանություններով լրացրեց այն բաց տարածքը, որ նոր ավիշ ու կենսունակություն հաղորդեց ընդհանրապես Հայ գրական Մտքին, մտածողական կերպընկալմանը։ Բայց ապրել օտարերկրյա պայմաններում և «օրենքներով» ու չունենալ մանկավարժի,- այս պարագային ուսուցանողի,- կամայնություն ու կենսադիրքորոշում, առ նվազն տարակուսելի է ու անտրամաբանական, մանավանդ Խրախունու պարագային։ Ավարտելով Վիեննայի Մխիթարյան վարժարանը, այնուհետև Կ.Պոլսի համալսարանը, բնականաբար իր իմացությունը անկարող էր չհաղորդել նորեկ սերնդին, մանավանդ այն սերնդին, որոնց նախահայրերը ապրել էին մեծ եղեռն, իսկ իրենք շարունակում էին ապրել արևմտահայության, «սուրի ու սովի» մղձավանջի վերհուշներով՝ գրեթե կամ ուղղակիորեն ուծացման եզրերին՝ հայամտածությունից և հայերեն մտածողությունից հեռացած...

Զարեհ  Խրախունին այս ամենը չէր կարող անտեսել և տարիներ շարունակ պաշտոնավարելով Էսայան և Կեդրոնական վարժարաններում, շարունակում էր իր մեծ նախորդներին՝ Եղիազար Մուրատյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Թեոդիկի և այլ երախտավորների ավանդները՝ դասավանդելով գրականություն, փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն։ Սրանք սոսկ առարկաներ չէին, այլ սերնդի մեջ հայեցի մտածողություն սերմանելու առարկայական միջոցներ... Եւ ով որ քիչ թե շատ ծանոթ է Խրախունու ստեղծագործության հիմքը կազմող պոեզիային, անկարող է չընկատել նրա բանատողերում ներթափանցած փիլիսոփայական խոհականությունն ու հորդահոս զգայնություններով ողողված բառամթերքի գեղանկարչական հմայքը, նրբագեղությունը՝ արևմտաեվրոպական բանաստեղծության մտահայեցողությունների տեղայնացմամբ. ասել է, թե հայերենի անթափանցիկ շեշտադրումներով։

Զարեհ Խրախունու հետ հանդիպման շուրջ երկժամյա ընթացքում բազմաթիվ խնդիրներ շոշափվեցին, հատկապես խնդրո առարկա էր թուրքական նորագույն շրջանի բանաստեղծությունը. ի զարմանս իր, ես որոշակիորեն տեղյակ էի, հատկապես ինձ համար նախընտրելի բանաստեղծներից էի հետաքրքրվում, Օրհան Վելի, Ֆազիլ Դաղլարջա, Մեսութ Ռըֆաթ, որոնք, իր հավաստմամբ որոշակի ազդեցություն ունեցել են Զահրատի, Կարպիս Ճանճիկյանի, իր բանաստեղծական նկարագրի ձևավորմանը։

Դիմանկարների իմ «պատկերասրահում» Զարեհ Խրախունին ունի իր ուրույն տեղը, և ինչու չէ, նաև դեը, և ինձ ստիպում է վերհիշել հին իմաստնախոսությունը. «Մենք մեր ողջ կյանքի ընթացքում կամ երազում ենք կամ հիշում». գուցե և... ավելի ազնիվ – զգացմունքային ապրելու համար, իսկ ապրելն արդեն նույնահունչ է արարելուն՝ նվիրաբերմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter