Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ դեկտեմբերի 22-ին։ Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատարանից։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։
Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և Քննչական կոմիտեի վարույթ փոխանցված քրեական գործի շրջանակներում Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որի քննությունը սկսվել էր երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ապա հետաձգվել ու շարունակվել այսօր։
Մինչ դատական նիստի մեկնարկը Ռազմիկ Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ ծննդատները որևէ կապ չունեն քննվող քրեական գործի հետ, ինչպես նաև հայտնել, որ իրեն վատ է զգում, առողջական խնդիրներ ունի։
Մեկնաբանել