HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Բուրջ Համուդի սպանդը» իրականացրած հայ եղբայրները՝ Վիեննայում․ El Mundo-ի հետաքննությունը

1985 թվականի մարտի 25-ին Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում տեղի ունեցավ Լիբանանի պատմության ամենաաղմկահարույց կողոպուտը, որի ժամանակ սպանվեց 5 մարդ։ Եղբայրներ Հրաչ, Րաֆֆի և Փանոս Նահապետյանները ներխուժեցին Հրանտ Քյուրքչյանին պատկանող ոսկյա զարդերի խանութ, սպանեցին Քյուրքչյանին և նրա 4 աշխատակիցներին, և իրենց հետ վերցնելով թանկարժեք զարդեր՝ փախուստի դիմեցին։ Դեպքից մի քանի օր անց՝ ապրիլի 12-ին, Բեյրութում ձերբակալվեցին Րաֆֆի և Փանոս Նահապետյաննրը, իսկ ապրիլի 17-ին Կիպրոսում հայտնաբերվեց և ձերբակալվեց նաև երրորդ եղբայրը։ 1987 թվականին, երբ դեռ ընթանում էր գործի քննությունը, եղբայրները կարողացան փախչել Բեյրութի բանտից։ Փախուստի օրվանից մինչև վերջերս նրանց մասին ոչ մի նորություն չկար, չնայած որ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ 1994 թվականի դեկտեմբերի 10-ին՝ եղբայրները դատապարտվեցին մահապատժի, սակայն համաներման օրենքի ընդունումից հետո մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Իսպանական El Mundo պարբերականը պարզել է, որ եղբայրները կեղծ անուններով «արժանավայել կյանք են վարել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ որպես բարեպաշտ քրիստոնյաներ»։

Հանցագործության պատմությունը

Գործի քննության ընթացքում պարզվել էր, որ 5 մարդկանց սպանությունը կատարել էր եղբայրներից ամենակրտսերը՝ Հրաչը (ծնված 1965թ․ նոյեմբերի 8-ին), որն այն ժամանակ եղել է 19 տարեկան, իսկ Րաֆֆին (ծնված 1962 հուլիսի 6-ին) և Փանոսը (ծնված 1958թ․ մարտի 30-ին) թալանել են խանութը։ Բացի խանութի սեփականատեր Հրանտ Քյուրքչյանից (ծնված՝ 1925թ․), սպանվել էին նաև Խաթուն Թեքեյանը, Մարիա Հանա Միխաելը, Ավետիս Պոյաճյանն ու Հանի Զամարը։ Եղբայրները չէին ցանկացել ոչ ոքի կենդանի թողնել, քանի որ խանութում բոլորը նրանց ճանաչում էին։ 

victims.png (179 KB)
5 զոհերը (ձախից աջ)՝ Ավետիս Պոյաճյան, Խաթուն Թեքեյան, Հրանտ Քյուրքչյան, Մարիա Հանա Միխաել, Հանի Զամար

Հետագայում պարզվել էր, որ գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներկայիս փոխարժեքներով մոտ 10 միլիոն եվրո։ Կորալյան մարգարիտներ, 3172 գրամ 18 կարատանոց ոսկի, 4200 կարատ ադամանդ, մոտ 700 հազար դոլար արժողությամբ թանկարժեք այլ քարեր, 3244 դոլար կանխիկ գումար․ սա այն ամենն էր, ինչ եղբայրները կարողացել էին իրենց հետ վերցնել։ Սպանվածների դիակները հայտնաբերվել էին դեպքի վայրում։ Ավազակային այս հարձակումը այն ժամանակ ցնցել էր ամբողջ Լիբանանը, և այն համարվում էր երկրի պատմության մեծ եղած ամենախոշոր կողոպուտը։ Հետագայում հանրության շրջանում այն տարածվեց «Բուրջ Համուդի սպանդ» անվանումով։

Ոսկերիչ Հրանտ Քյուրքչյանը և նրա գործընկեր Ռոբերտ Պողոսյանը անվանի մարդիկ էին Բուրջ Համուդում։ Քյուրքչյանի բիզնեսը ամենակենսունակներից մեկն էր հայկական թաղամասում, որտեղ ապրում էին Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդները։

bourj hammoud.jpg (97 KB)
Բուրջ Համուդ թաղամասը

Նահապետյան եղբայրները նույնպես ոսկերիչներ էին և համագործակցում էին Հրանտ Քյուրքչյանի հետ՝ նրանից տարբերի գործերի պատվերներ ընդունելով։ Եղբայրները բազմաթիվ անգամ եղել էին Քյուրքչյանի խանութում, հենց այս հանգամանքն էլ նրանց օգնել է անարգել մուտք գործել խանութ, քանի որ ոչ ոք չի կասկածել, թե ինչ են նրանք պատրաստվում անել։

Նահապետյաների ձերբակալությունն ու փախուստը

Եղբայրների ձերբակալության մեջ մեծ դեր է խաղացել Փանոս Նահապետյանի աները՝ Պողոս Բազմանյանը, որն օգնել է իրավապահներին նրանց հայտնաբերելու գործում։ Ոստիկանները առաջինը Բեյրութի իր տանը ձերբակալեցին Րաֆֆիին, ինչպես նաև հայտնաբերեցին գողոնի մեծ մասը՝ լցրած պարկի մեջ։ Դրանից ժամեր անց հանրակացարանում ձերբակալվեց Փանոս Նահապետյանը, որտեղ նա թաքցնում էր թանկարժեք իրերի իր բաժինը, իսկ երեք օր անց Կիպրոսում ձերբակալվեց նաև եղբայրներից ամենակրտսերը՝ Հրաչը, նա նույնպես իր հետ վերցրել էր թանկարժեք իրերի և գումարի իր բաժինը։ 

Հարցաքննության ժամանակ եղբայրները մեղադրել էին Քյուրքչյանի գործընկեր Ռոբերտ Պողոսյանին այն բանի համար, որ վերջինս է դրդել իրենց կատարել սպանությունները: Ռոբերտ Պողոսյանը ոչ միայն հարցաքննվել է այդ գործով՝ որպես հանցագործության հրահրող, այլ նաև 40 օր բանտում է անցկացրել։ Չնայած տարիներ անց Ռոբերտ Պողոսյանը անմեղ է ճանաչվել։ Ռոբերտ Պողոսյանը հայտնի հեռոստահաղորդավար Լեա Սալամեի պապն է, Բելգիայում և Շվեյցարիայում հայտնի գործարարներ Ալբերտ և Ժան Պողոսյանների հայրը։ 

Հանցագործությունից 9 տարի անց՝ 1994 թվականի դեկտեմբերի 10-ին, Նահապետյան եղբայրները դատապարտվեցին մահապատժի, սակայն համաներման օրենքով նրանց պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Նրանք դատապարտվեցին հեռակա կարգով, քանի որ 1987 թվականին կարողացել էին փախչել Բեյրութի Ռումիա բանտից։ 

Ոստիկանության տվյալներով՝ Նահապետյան եղբայրները, ներքնակները միմյանց կապելով, ցած էին իջել պատուհանից և փախչել, սակայն այս վարկածը զոհերի հարազատների համար արժանահավատ չէր։ Նրանց կարծիքով՝ եղբայրներին ներսից օգնող է եղել։ Մասնավորապես, զոհերի հարազատները ենթադրում են, որ եղբայրները իրենց գողոնի մի մասով, որը ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել, կաշառել են բանտապաններին և այդ ժամանկվա կոռումպացված ոստիկանության պաշտոնյաներին։ 

Եղբայրները ոսկերչությամբ են զբաղվել Վիեննայում

Փախուստից հետո մինչև օրս Նահապետյան եղբայրների հետքը չէր հաջողվել գտնել, սակայն 2019թ․ դեկտեմբերի 1-ին իսպանական El Mundo պարբերականը հետաքննություն է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպիսի ճակատագիր են ունեցել Նահապետյան եղբայրները։ Իսպանական թերթը նշում է, որ Նահապետյանները կեղծ անուններով ոսկերչությամբ են զբաղվել Վիեննայում և ապրել են որպես բարեպաշտ քրիստոնյաներ։

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանգուցյալ Հարություն Դայան Նահապետյանը, որի աճյունը թաղված է Վիեննայի Մարգարետենշտրասեի գերեզմանատանը, հանդիսանում է Րաֆիի Նահապետյանը, որը կեղծել է իր նույնականացման տվյալները։ El Mundo-ն պարզել է, որ Րաֆֆի Նահապետյանը Ավստրիա է մեկնել բանտից փախուստից ամիսներ անց՝ 1988 թվականին, և Ավստրիայի քաղաքացիություն է ստացել 1992թ․։ Կենդանության տարիներին օգտագործած անձնագրում որպես ծննդյան ամսաթիվ նշված է եղել 1950թ․ ապրիլը, սակայն գերեզմանաքարի վրա նշված է եղել 1962 թվական, իսկ մահվան ամսաթիվը՝ 2012թ․ դեկտեմբերի 12-ը։ Գերեզմանաքարի վրա նաև նկար կա, որի նմանությունը Րաֆիի Նահապետյանին կասկածների տեղիք չի տալիս, ընդգծել է El Mundo-ն։

Զոհերի հարազատները չեն կասկածում, որ Րաֆֆի Նահապետյանը մինչև իր մահը ապրել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ իրենից 12 տարի մեծ հայի կեղծ անունով։ Րաֆֆի Նահապետյանը կամ այլ կերպ ասած Հարություն Դայանը 2006 թվականին Վիեննայի Գլուկգասե փողոցում իր սեփական զարդերի խանութն է բացել։

El Mundo-ի հաղորդմամբ՝ Րաֆֆի Նահապետյանի այրին մինչև օրս ակտիվ կյանք է վարում տեղի քրիստոնեական շրջանակներում և հանդիսանում է Հովհաննես Շիրազ հայկական դպրոցի անդամ։

Մյուս եղբայրներից Հրաչ Նահապետյանը թաքնվել է Հմայակ Սերմականյան անվան տակ։ Այդ փաստը հաստատվել է նաև Ավստրիայի ոստիկանության վերցրած մատնահետքերի միջոցով։ 

Ինչպես Րաֆֆի Նահապետյանը, Հրաչը կամ Հմայակ Սերմականյանը նույնպես զարդերի իր խանութն է բացել։ Վիեննայում նա ամուսնացել է Սոնիգ Քաթուրջանի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա, որոնք կրել են Սերմականյան կեղծ ազգանունը։

Hratch Nahabedian.jpg (53 KB)
Հրաչ Նահապետյանը

Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ եղբայրներից ավագը՝ Փանոս Նահապետյանը, Վիեննայում ապրում է իր հայկական արմատներով լիբանանացի կնոջ և դստեր՝ Թալարի հետ։ Նրանք ևս մեկ դուստր են ունեցել, որը հիվանդ է եղել Դաունի համաշխատնիշով։ Վերջինիս աճյունն ամփոփված է Րաֆֆի Նահապետյանի գերեզմանից ոչ հեռու։ Փանոս Նահապետյանը Վիեննայում շքեղ զարդերի խանութ ունի՝ «Մազբանի» անունով։ Դա Մազբանյան ազգանվան կոմերցիոն տարբերակն է։ Հենց այդ ազգանունով է Վիեննայում թաքնվել Փանոս Նահապետյանը։

Փանոսը Ավստրիա է մեկնել 1988 թվականին իր կնոջ՝ Աստղիկ Մազբանյանի անձնագրով, իսկ 2005 թվականին նա իր անունը դարձրել է Ջորջ։ Ավստրիացի իրավապահները այդպես էլ չեն իմացել, որ Փանոսը օգտագործել է հայուհու անուն, և որ իսկական Աստղիկ Մազբանյանը ապրում է Բեյրութում և հանդիսանում է Փանոսի կինը։

Panos Nahabedian.jpg (50 KB)
Փանոս Նահապետյանը

Ոսկերիչ եղբայրների խանութները գտնվում էին Վիեննայի նույն թաղամասում։ Րաֆֆիի խանութը փակվել է իր մահվանից 4 տարի անց, իսկ Հրաչը 2016 թվականից հետո, երբ ոստիկանությունը հետապնդում էր նրան մեկ այլ գործով բերման ենթարկելու համար, այլևս չէր լինում այդ թաղամասում, չնայած, որ նա երբեմն հայտնվում է եղբոր՝ Ջորջ Մազբանյան դարձած Փանոս Նահապետյանի խանութում։

Փաստորեն, ինչպես ընդգծում է El Mundo-ն, Ավստրիայի իրավապահ մարմինները տարիներ շարունակ իմացել են Նահապետյան եղբայրների իրական ինքնությունը և թույլ են տվել նրանց շարունակել ապրել Վիեննայում՝ իմանալով, որ նրանք Ավստրիայի քաղաքացիություն են ստացել փաստաթղթեր կեղծելու միջոցով, և որ նրանց հայտնաբերման և ձերբակալման վերաբերյալ երկու կարմիր ծանուցում է եղել Ինտերպոլի լիբանանյան գրասենյակից։ Սակայն պարզվում է, որ կան մի շարք այլ հանգամանքներ․ օրինակ՝ քրեական հետապնդումը շարունակելու համար նրանց Լիբանանին արտահանձնել հնարավոր չէր, որովհետև Ավստրիայի և Լիբանանի միջև արտահանձնման մասին պայմանագիր կնքված չի եղել, և Նահապետյանները փախուստի համար Ավստրիան ընտրելիս իմացել են դրա մասին։ Գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վստահեցրել է, որ ինքը չի կարող նորից քրեական հետապնդում իրականացնել սպանության և կողոպուտի մեջ մեղադրվող եղբայրների նկատմամբ, քանի դեռ Լիբանանի իրավապահները չեն ուղարկել բոլոր ապացույցները, փաստաթղթերը, վկաների ցուցմունքները, որոնց հիման վրա էլ Նահապետյանները դատապարտվել են։ Տարիներ շարունակ Ավստրիայի և Լիբանանի իրավապահները փորձել են համաձայնության հասնել այս հարցում, սակայն ինչպես նշում է El Mundo-ն, երկու պետությունների միջև բյուրոկրատական քաշքշուկներից հետո էլ «Բուրջ Համուդի սպանդը» իրականացրած եղբայրները շարունակում են անպատիժ մնալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter