HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախարարությունն ընդունել է, որ Մնջախաղի թատրոնի նախագիծը «լավը չէ»․ ինչու են մասնագետները դեմ այդ նախագծին

Դեկտեմբերի 12-ին «Մուրճի հարվածով» Գևորգ Քոչար 21 հասցեում ազդարարվեց Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը։

Սակայն «Մուրճի հարվածը» միանշանակ չընդունվեց հասարակության մի հատվածի կողմից, հատկապես՝ ճարտարապետների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների։ Նրանք քննադատեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում գրանցված «Գրապալատի շենքը» ձևափոխելու և դրանում Մնջախաղի թատրոնը տեղավորելու որոշումը։ Ստեղծվեց «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խումբ։

Խմբի անդամներն այսօր հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանին։ Նախաձեռնության անդամ, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախարարության ներկայացուցիչները ևս ընդունել են, որ շենքի այս նախագիծը լավը չէ և այն պետք է վերանայվի․«Այս պահին նախարարության հետ ունենք համաձայնություն, որ նախագիծը պետք է առավել ներառական լինի, պետք է գործընթաց սկսենք լավագույն ճարտարապետական լուծումը գտնելու համար»,- ասաց Սարհատ Պետրոսյանը։

Խմբի անդամները նախարարությանը հայտնել են, որ կան կոպիտ խախտումներ նաև ամրակայման գործընթացում, և այն պետք է կատարվեր Կառավարության որոշումով։ Նրանք առաջարկել են դադարեցնել այժմ ընթացող ամրակայման աշխատանքները, սակայն նախարարության հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։

Շենքի նորոգման և Մնջախաղի պետական թատրոնի տեղակայման ծրագիրը սկսվել էր դեռևս 2017 մայիսին, երբ Կառավարությունը որոշեց «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ին ամրացված 971 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Երևանի մնջախաղի պետական թատրոնին։ 

Սակայն ծրագիրը մինչ օրս չէր իրագործվել, քանի որ, նախարարության հաղորդմամբ, ներկայացվել էին հուշարձանի փոփոխման նախագծի մի շարք տարբերակներ, որոնց դրական եզրակացություն չի տվել: Այս տարվա սեպտեմբերի 13-ին արդեն նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացություն տվեց լրամշակված մի նախագծի, որի հիման վրա թույլատրվեց իրականացնել աշխատանք:

Մշակույթի նախկին փոխնախարար ճարտարապետ Տիգրան Գալստյանը դեմ է պատմության և մշակույթի հուշարձան համարվող «Գրապալատի շենքի» փոփոխության այս նախագծին։

Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ներկայացված նախագծով «Գրապալատի շենքը» վերակառուցվում է, ոչ թե վերականգնվում, ինչն օրենքի խախտում է. «Գրապալատի շենքը խորհրդային վաղ շրջանի Երևանի ամենակարևոր, ամենատիպիկ շենքերից մեկն է։ Նրա պահպանությունը շատ կարևոր է Հայաստանի, Երևանի մշակութային ժառանգության շերտը պահելու համար։ Ես համաձայն եմ, որ պետք է այնպես արվի, որ այդ շենքի բոլոր հատվածները օգտագործվեն, որովհետև եթե հուշարձան շենքը չի օգտագործվում, ժամանակի ընթացքում ավերակի է վերածվում։ Փոփոխություններ կարելի է անել, բայց այն պետք է բխի հուշարձանի շահերից, չխաթարի դրա ճարտարապետական արժեքը»,- նշեց Գալստյանը։ 

Ըստ շենքի մակետի՝ շինարարական պաստառին փակցված, շենքին մեկ հարկ է ավելանալու։ Ճարտարապետ Տիգրան Գալստյանի համար և՛ ճարտարապետական, և՛ հուշարձանի արժևորման տեսանկյունից այդ հարկի ավելացումն անհասկանալի է։ Ասում է՝ այդ կերպ շենքի արտաքին տեսքը խաթարվում է, ճարտարապետական տրամաբանությունը փոխվում է։ Գալստյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու է որոշվել թատրոնի տարածքը տեղակայել շենքի երրորդ հարկում, քանի որ ճարտարապետական տեսանկյունից այն ամենաանհարմար տեղն է։

Բացի ճարտարապետական խնդիրներից, Տիգրան Գալստյանն առանձնացրեց նաև իրավական այն թերությունները, որոնք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թույլ է տվել՝ հուշարձան համարվող շենքում շինարարություն կատարելով։

Որպես առաջին խախտում նշում է Կառավարության որոշման բացակայությունը, որով պետք է թույլատրվեր «Գրապալատի շենքում» շինարարություն սկսել, քանի որ այն հանրապետական նշանակության հուշարձան է։ Ասում է՝ սա չի արվել, և նախարարությունը խոստացել է, որ այդ որոշման նախագիծը շուտով կլինի։

Երկրորդ իրավական խնդիրը համարում է այն, որ թեև Երևանի քաղաքապետարանը հատկացրել է շինարարական թույլտվություն, սակայն շինթույլտվություն ստանալու համար պետք էր Կառավարության որոշում։ Ասում է՝ թեև շինթույլտվություն կա, սակայն Կառավարության որոշումը չկա։ 

Տիգրան Գալստյանը հիշեցնում է՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը թատրոնի շենքի նույն նախագիծը հանրությանը ներկայացրեց, այն հանրության կողմից խիստ դժգոհության առաջացավ, դրա իրագործումը հետաձգվեց: Այժմ այդ նախագծից հանված է միայն արտաքին աստիճանավանդակ/վերելակը: 

Գիտամեթոդական խորհրդի անդամը «Ֆեյսբուք»-ից է տեղեկացել նիստին մասնակցելու մասին

Ինչպես արդեն նշեցինք՝ «Գրապալատի շենքի» նախագիծը սեպտեմբերի 13-ին դրական եզրակացություն է ստացել գիտամեթոդական խորհրդի նիստին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նիստին ներկա են եղել խորհրդի 12 անդամներ։ Սակայն ճարտարապետ Արտակ Ղուլյանը նշեց՝ թեև ցանկում նշված է նաև իր անունը, բայց ինքը չի մասնակցել այդ նիստին։ Անգամ միացել է «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնող խմբի սկսած շենքի փրկության ստորագրահավաքին և հաջորդ օրը պատահաբար տեղեկացել, որ ինքը մասնակցել է գիտամեթոդական խորհրդի նիստին և դրական եզրակացություն տվել Մնջախաղի թատրոնի նախագծին։

Ղուլյանի խոսքով՝ բարձրացված աղմուկից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է, որ վրիպակի արդյունքում է նրա անունը հայտնվել նիստի մասնակիցների ցանկում։

«Ինձ համար ամենակարևոր խնդիրն այդ վատ նախագիծն է։ Իմ կարծիքով շատ անթույլատրելի նախագիծ է։ Նույնիսկ եթե շենքը հուշարձան չէ, ինձ՝ որպես ճարտարապետի, անընդունելի է այդ մոտեցումը։ Թատրոնը կարևոր մշակութային օջախ է, որի ճարտարապետությունը քաղաքում լինում է ամենալավերից մեկը։ Բայց հիմա ինչ-որ շենքի բերել, հարմարացնել ինչ-որ ցածրորակ վերակառուցման... իմ դժգոհությունը եղել է դրա դեմ»,- ասաց Արտակ Ղուլյանը։

Արտակ Ղուլյանը դեկտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ դադարեցնում է մասնակցությունը Գիտամեթոդական խորհրդի և Փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներում:

Ճարտարապետը իր գործունեության դադարեցումը չպայմանավորեց տեղի ունեցած միջադեպով, ասաց այն համընկավ իր որոշման հետ։ Նշեց, որ դուրս է գալիս Գիտամեթոդական խորհրդի և Փորձագիտական հանձնաժողովի կազմից, քանի որ գերադասում է իր ազատությունը և այդ ազատությունում գոցե կարողանա առավել օգտակար լինել. «Անկեղծ ասած հուշարձանների պահպանության ոլորտի պետական կառավարման համակարգումը այս ձևով ինձ չի բավարարում, չափազանց թույլ օղակ է։ Ես այնտեղ չեմ տեսնում իմ օգտակարությունը»,- նշեց ճարտարապետը։

Արխիվային լուսանկարը՝ Հովհաննես Մարգարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter