HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջիկայում գործելու է govtravel.am նոր հարթակը. ինչ խնդրահարույց կողմեր ունի այն այսօր

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող 4 հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչներ երկու ամիս առաջ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտահոգություններ հայտնելով govtravel.am-ի միջոցով կատարվող պետական գնումներին։ Հայաստանի պետական կառավարման մարմիններն այս կայքի միջոցով են ավիատոմսեր գնում, ամրագրում հյուրանոցային և հարակից ծառայությունները։  «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն  էլ կառավարության կողմից նշանակվել է govtravel.am ինտերնետային կայքում ինտեգրված ամրագրումների գլոբալ դիստրիբյուտիվ համակարգի օպերատոր:

Բաց նամակի հեղինակները, մասնավորապես, նշում են, որ այս համակարգը դուրս է մրցակցությունից և վերահսկողությունից: Դրա առնչությամբ նրանք ներկայացրել են մի շարք տեղեկություններ։ 

Բաց նամակի հեղինակներն են «Լևոն թրավլ» ընկերության հիմնադիր Կարպիս Թիթիզյանը, «Արմենիա Թրավել + Մ» ընկերության հիմնադիր Մարինա Կպրյանը,  «Սպուտնիկ» ընկերության ղեկավար Սուրեն Հակոբյանը և «Վիզա Կոնկորդ» ընկերության ղեկավար Արթուր Բաբայանը։ Նրանց նամակին կառավարությունից որևէ պաշտոնական պատասխան առ այսօր չի ստացվել։ «Հետք»-ը փորձել է նրանց բարձրացրած հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ «ԷԿԵՆԳ» ընկերությունից։

«Տարիների ընթացքում պարզ դարձավ, որ վերը նշված համակարգը բացարձակապես դուրս է մրցակցությունից և վերահսկողությունից: Որևէ երաշխիք չկա, որ այն տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով: Որքան մեզ հայտնի է, ԷԿԵՆԳ համակարգը նաև ենթադրում է 5 (հինգ) տոկոս հավելավճար ցանակացած դուրս գրված ավիատոմսի համար, որը ևս միանգամայն անհասկանալի է: Նաև նշենք, որ հաճախ այս համակարգով դուրս գրվող տոմսերն ավելի թանկ են, քան կարող են տրամադրել ճամփորդական գործակալությունները»,- նշված է բաց նամակում։

«ԷԿԵՆԳ» ընկերության տօրեն Լեոնիդ Ավետիսյանը հաստատում է, որ այս համակարգը ենթադրում է 5%-ի չափով գանձում՝ որպես ծառայությունների գումար։  Այս մասին նա նշել է մեր հարցմանն ի պատասխան։ «ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 982-Ն որոշմամբ օպերատորին վերապահված գործառույթները պատշաճ կազմակերպելու նպատակով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի որոշմամբ (ՀՀ կառավարության աշխատակազմ) հաստատվել է ավիատոմսերի արժեքի 5 տոկոսի չափով ծառայության գումար, որն իր մեջ ներառում է պահպանման ծախսեր, փոխհատուցման ենթակա ծախսեր (պետական այլ մարմինների փոխարեն), բանկային ծախսեր, ռիսկերի փոխհատուցում և այլն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե է վերադարձվում ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, պետական շահաբաժինը»,- նշել է «ԷԿԵՆԳ»-ի տնօրենը։

Նա հիշեցնում է, որ «ԷԿԵՆԳ»-ի բոլոր բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը, և ընկերության ամբողջ շահույթը ևս պատկանում է պետությանը.« ՀՀ պետական բյուջեի միջոցներից երբևէ որևէ գումար չի հատկացվել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին սույն գործառույթի իրականացման համար»։

Ըստ Լեոնիդ Ավետիսյանի՝ «ԷԿԵՆԳ»-ը հավելավճարի հաշվին մասնակիորեն ստանձնել է «ֆինանսական բուֆերի» դերը ավիաընկերությունների և պատվիրատուների միջև՝ ժամանակին մարելով պատվիրատուների առկա պարտքերը ավիաընկերություններին՝ գնման գործընթացը չխափանելու համար։

« «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, ամսական կտրվածքով, իր վրա է վերցնում մինչև 100 մլն դրամի պարտավորություն, որը գանձապետական փոխանցումներով հաճախ ուշանում է։ Պատվիրատուները, մեծամասամբ, ուշացնում են առկա պարտավորությունների մարումը՝ պատճառաբանելով գանձապետական համակարգի գործառույթների առանձնահատկություններով.

Բ) վերահսկում է ավիատոմսերի արժեքները՝ ժամանակ առ ժամանակ գների մոնիթորինգ իրականացնելու  միջոցով

Գ) իր վրա է կրում արտարժույթի փոխարժեքի հետ կապված ռիսկերը

Դ) իր շահույթի հաշվին փակում է պատվիրատուների քարտային վճարումների արդյունքում առաջացող

բանկային ծախսերը, որոնք տատանվում են գործարքի 1-2 տոկոսի սահմաններում

Ե) հրապարակում է դուրսգրված ավիատոմսերի վերաբերյալ հաշվետվությունները՝ ապահովելով

ձեռքբերումների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,-

նշված է ընկերության տնօրենի պատասխանում։

Ամփոփելով նա նշում է՝ կարելի է փաստել, որ այս հարթակի գոյությունը ոչ միայն լուծում է ՀՀ գնումների օրենսդրությամբ առաջադրված խնդիրները՝ հաշվի առնելով, որ «տոմսի արժեք + միջնորդավճար» գումարը, որպես կանոն, չի գերազանցում շուկայական գինը, այլ նաև ստացված ամբողջ հասույթը ուղղակի և անուղղակի կերպով վերադառնում է ՀՀ պետական բյուջե:

«Երաշխավորել, որ որևէ հարթակ միշտ կբերի շուկայում առկա ամենամատչելի տոմսերի տարբերակները, հնարավոր չէ»

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ որևէ երաշխիք չկա, որ govtravel.am-ը տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով, «ԷԿԵՆԳ»-ից հակադարձում են, որ ամենամատչելի տոմսերը միշտ չէ, որ ամենահարմարն են ուղևորի համար։ « www.govtravel.am հարթակի աշխատանքի տրամաբանությունը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի թիվ 982-Ն որոշման դրույթներից: Հիմնական սկզբունքը ամենամատչելի ավիատոմսի տրամադրումն է:

Հատկանշական է, որ ամենամատչելի (ամենաէժան) տոմսերը միշտ չէ, որ ամենահարմարն են ուղևորի համար (գիշերային ժամեր, երկար միջանկյալ կանգառների առկայություն, անհարմար նստատեղեր, փոքր բոնուսային մղոններ և այլն): Նման մոտեցումը կարող է առաջացնել որոշակի անհարմարություններ գործուղվող պաշտոնյայի համար, սակայն էապես տնտեսում է հարկատուների միջոցները»,- նշված է հարցման պատասխանում:

Ըստ «ԷԿԵՆԳ»-ի տնօրենի՝ երաշխավորել, որ որևէ հարթակ միշտ կբերի շուկայում առկա ամենամատչելի տոմսերի տարբերակները, հնարավոր չէ, քանի որ դա կախված է ավիատոմսերի շուկայի առանձնահատկություններից. « … երբեմն տարբեր գործակալությունները ստանում են տարբեր զեղչեր: Այդուհանդերձ, համաձայն վերոնշյալ իրավական ակտի դրույթների, եթե պահանջվող ուղղությամբ և անհրաժեշտ ամսաթվերով ավիատոմսի գինը շուկայում ավելի էժան է, քան www.govtravel.am հարթակում, ապա պետական մարմինը իրավունք չունի գնել հարթակի տոմսը, և պարտավոր է գնում իրականացնել ավելի էժան տարբերակ առաջարկող այլ աղբյուրից: Հետևաբար «ոչ մատչելի տոմս» հարթակից ձեռք բերելը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի վերահսկողությունից դուրս է և գտնվում է համապատասխան կառույցի պատասխանատվության տիրույթում»:

Գումարներն ուղղվում են արտերկիր

Բաց նամակի հեղինակների մյուս մտահոգությունն այն է, որ այս համակարգի շրջանակներում օգտագործվող տոմսերի մեծ մասը դուրս է գրվում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում։ «ԷԿԵՆԳ»-ից այս տեղեկությունները ևս հաստատում են։ «Հայաստանից և դեպի Հայաստան գրեթե բոլոր ավիաչվերթներն իրականացվում են օտարկերկրյա ավիաընկերությունների միջոցով, հետևաբար, անկախ ավիատոմս մատակարարող կազմակերպությունից, դրանց ձեռքբերման գումարներն ուղղվում են ավիափոխադրողներին, որոնք գտնվում են արտերկրում»,- նշված է ընկերության կողմից «Հետք-ին ուղղված պատասխան նամակում։

 2020 թվականի սկզբից գործելու է www.govtravel.am նոր հարթակը

Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկում են ավիատոմսերի ձեռքբերման համար հայտարարել մրցույթ մասնավոր հատվածի մասնակցությամբ։ «Մրցույթների անցկացման նոր համակարգը պետք է լինի մաքսիմալ բաց, որը կբացառի որևէ այլ մենաշնորհային սպասարկման գրասենյակի առաջացումը: Պետական վերահսկողությունը պետք է ուղղված լինի սրան: Իսկ առողջ շուկայական մրցակցությունը ինքնին պետք է բացառի որևէ ստվերային գործարք»,- նշված է նրանց բաց նամակում:

Ընդ որում ՝ նամակի հեղինակները կարևորում են, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները պետք է լինեն՝

  • Անդամակցությունը IATA-ին (International Air Transport Association);
  • Ֆինասական կայունությունը ապացուցող փաստաթղթի առկայությունը;
  • 5 տարվա աշխատանքային դրական փորձը;
  • 24/7 սպասարկում;
  • Աշխատանքային ուղիղ պայմանագրեր միջազգային ավիաընկերությունների հետ:

Մեր հարցին՝ կա՞ն ծրագրեր մրցույթների անցկացման նոր համակարգ ներդնելու վերաբերյալ, «ԷԿԵՆԳ»-ից պատասխանել են, որ 2020 թվականի սկզբից գործելու է www.govtravel.am նոր հարթակը. «Հարթակի սպասարկման ծառայություններն իրականացնում է հայկական ընկերությունը։ Այն բացարձակ ոչ մի կապ չունի ավիատոմսերի վաճառքի մասով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի հետ նախկինում խոշոր գործարքներ իրականացրած գործընկերների հետ»: Թե ինչ փոփոխություններ կլինեն նոր հարթակում, դեռևս չի մանրամասնվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter