HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քրեակատարողական ծառայությունը չի տրամադրում այն ընկերությունների ցանկը, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացրել ՔԿՀ-ներում

Քրեակատարողական ծառայությունից այդպես էլ չկարողացանք ստանալ տեղեկատվություն, թե 2013-2018թթ. և 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում որ ընկերություններն են իրականացրել կամ իրականացնում ՔԿՀ-ների վերանորոգման շինաշխատանքները: 54 օր սպասելուց հետո ստացել էինք թերի տեղեկատվություն:

«Քրեակատարողական հիմնարկների վերանորոգման վերաբերյալ ամբողջ փաստաթղթերը մինչև 2016թ. ՀՀ քննչական մարմինների կողմից առգրավված են, ուստի ֆինանսական տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն 2017-2019թթ. վերաբերյալ»,-պատասխանել են Քրեակատարողական ծառայությունից՝ այդպես էլ չտրամադրելով որևէ տեղեկատվություն ՔԿՀ-ներում շինաշխատանքներ կատարած կազմակերպությունների վերաբերյալ:

Հեռախոսազանգերը, բանավոր զրույցները ՔԿԾ կենցաղային ապահովման բաժնի աշխատակից Ասատուր Ասատրյանի հետ, ում անունը պատասխան գրության մեջ նշված էր որպես կատարող, ինչպես նաև Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, ևս արդյունք չեն տվել, և մինչ օրս այդ մասով տեղեկատվություն չի տրամադրվել:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել է ՔԿՀ-ների շենքային պայմաններին, վերջին տարիներին իրականացված վերանորոգման աշխատանքներին ու տիրող անմխիթար վիճակին:

Առգրավված փաստաթղթերի վերաբերյալ գրավոր հարուցում էինք ուղարկել Գլխավոր դատախազություն: Հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ հայտնի չեն տվյալներ Արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկների վերանորոգման վերաբերյալ մինչև 2016թ. ամբողջ փաստաթղթերն առգրավվելու, նման հանգամանքների կապակցությամբ հարուցված և քննվող քրեական գործի վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են նաև, որ դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում  (ներկայումս՝ ՀՔԾ միչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն) 2019թ. սեպտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ: Այն վերաբերում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2007թ-ից մինչև 2016թ. հունվարի 20-ն իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում այդ աշխատանքներն իրականացրած ընկերության աշխատակիցների կողմից առերևույթ խարդախությամբ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դեպքին: Նույն գործի շրջանակներում իրականացվում է քննություն նաև քրեակատարողական վարչության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, դրա արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ:

Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում առգրավվել են «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: Մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ դեռևս չկա:

ՀՔԾ-ում մեկ գործ էլ քննվում է «Աբովյան» ՔԿՀ-ում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների մասով: Մեղադրյալ դեռևս չկա:

Ինչպես փոխանցում են Գլխավոր դատախազությունից, այս տարվա մայիսի 25-ին ևս մեկ գործ է հարուցվել «Արմավիր» ՔԿՀ-ի վարչական մասնաշենքի դիմաց գտնվող ավտոկայանատեղիի տարածքում 15x19,5 մետր մակերեսով 4x2 մետր խորությամբ ձագարաձև իջվածքի առաջացման, դրա հետևանքով այդ հատվածում կայանված ավտոմեքենաների վնասման դեպքի առթիվ:

Նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում: Նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Այս քրեական գործով ևս մեղադրյալ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter