
«Եկեք միասին պաշտպանենք». ֆլեշմոբ երևանյան մետրոյի կայարանում՝ ի պաշտպանություն կովկասյան ընձառյուծի
Այսօր Երեւանի մետրոյի Երիտասարդական կայարանում անցկացվեց ֆլեշմոբ՝ ի նշան կովկասյան ընձառյուծների պաշտպանության: Այն կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Երևանի Մետրոպոլիտենի հետ համատեղ:
Ֆլեշմոբին մասնակցում էին երևանյան բուհերի ուսանողները և Փոքր թատրոնի դերասանները: Նրանք տեղեկատվական թերթիկներ էին բաժանում ուղևորներին կովկասյան ընձառյուծի մասին: Բջջային հեռախոսի հատուկ հավելվածը մոտեցնելիս թերթիկին պատկերված կովկասյան ընձառյուծը եռաչափ պատկեր էր ստանում:
Ֆլեշմոբի 7 մասնակիցներ կրում էին Կովկասյան ընձառյուծի դիմակներ, և սա պատահական չէր, քանի որ Հայաստանի վայրի բնության մեջ մնացել է 7 կովկասյան ընձառյուծ:
Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել էր «Ընձառյուծի տարի»: Կովկասյան կամ պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) տարածաշրջանում համարվում է վտանգված կենդատեսակ:
«Ընձառույծի պահպանությունը ներկայումս ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ էկոտարածաշրջանի ամենաբարդ բնապահպանական խնդիրներից մեկն է: Այս կենդանատեսակը ներառված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում»,- ասվում է WWF-ի leopard.am կայքում:
ֆլեշմոբը մաս է կազմում արտ պրոեկտի որը հանրության դատին կհանձնվի 2 ամսից: Այս արտ պրոեկտի մտահղացման հեղինակ և իրագործողն է Caleria Projects-ը։
Մեկնաբանել