HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել». Մարինա Թաշչյանը՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին

«Այսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում չէի տեսել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մարինա Թաշչյանը, որի թեկնածությունը հանվել էր, քանի որ նրան առաջադրած «Նորացված Փյունիկ» ակումբի անդամությումը ՀՖՖ-ին կասեցվել էր։ «Նորացված Փյունիկ»-ը պատկանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին։

«Ամեն ինչ նախապես պայմանավորված է եղել։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի իմ թեկնածությունը հանվի՝ կասեցնելով «Նորացված Փյունիկ»-ի անդամությունը»,- ասաց Թաշչյանը:

Խոսելով ՀՖՖ նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի ընտրության մասին՝ Մարինա Թաշչյանը նշեց, որ այսպիսի վիճակում հայկական ֆուտբոլը չի կարող զարգանալ։

«Շատ լավ խոսում է, շատ գեղեցիկ խոսում է։ Մնում է տեսնել, թե գործի վրա ինչ է անում։ Կներեք, բայց այդքան գումար յուրաքանչյուր մարդ կարող է բերել ու տալ, բերել տեխնիկական տնօրեն, մրցավարական բաժնի ղեկավար։ Այդ ամենը կարող էին անել տեղի կադրերով»,- նշեց Մարինա Թաշչյանը։

Նրա կարծիքով՝ ընտրարշավի օրերին Արմեն Մելիքբեկյանը ֆեդերացիան դարձրել էր իր անձնական շտաբը, և հանդիպումներ է ունեցել ՀՖՖ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մինչդեռ, ըստ Թաշչյանի, նա պետք է արձակուրդ վերցներ և այդ ընթացքում զբաղվեր իր քարոզարշավով։

Հարցին, թե նրա տեղեկություններով Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի հավաքականի արտագնա խաղերին իր հարազատներին նույն ինքնաթիռով տարե՞լ է, Մարինա Թաշչյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ վերջին՝ Իտալիա կատարած ուղևորության ժամանակ, ինքը հետաքրքրվել է, թե ինչպես են այդ մարդիկ մեկնել իրենց հետ, և Թաշչյանին պատասխանել են, որ նրանք վճարել են ուղևորության համար և եկել են որպես տուրիստներ:

«Հավաքականի ֆուտբոլիստը օդանավում ցանկանում է հանգիստ նստել և ուղևորության ընթացքում ազատ լինել, կուզենա ոտքերը կբարձրացնի, կուզենա կպառկի, կուզենա ինչ-որ արտահայտություն անել: Երբ որ օտար մարդիկ են լինում օդանավի մեջ, պարզ է, որ այդ ֆուտբոլիստը իրեն ազատ չի զգա»,- ասաց Մարինա Թաշչյանը:

Հարցին, թե մտավախություն չունի, որ իր հայտարարությունները կարող են օգտագործվել իր որդու՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի դեմ, Մարինա Թաշչյանը նշեց հետևյալը.

«Ֆեդերացիան Հենրիխի դեմ թող օգտագործի, արդեն օգտագործել են: Չեմ ցանկանում այս ամեն ինչը Հենրիխի հետ կապել: Եթե կգտնեն, որ նրան չպետք է հրավիրեն հավաքական, թող չհրավիրեն: Խոսակցություններ եղել են Հենրիխին հավաքական չհրավիրելու վերաբերյալ: Նրանք մարզական շտաբի վրա էլ երևի թե ազդեցություն ունեն»,- եզրափակեց Մարինա Թաշչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter