
Դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի՝ «Ֆրանկլին Գոնսալեսի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբաններից Արթուր Պիվազյանը։ Վերջինս այս պահին քրեական գործի այլ մանրամասներ չի հայտնում:
Հիշեցնենք, որ միջնորդության քննությունը դատարանում սկսվել է այսօր։ Նարեկ Սարգսյանն, ով հետախուզման մեջ էր, հայտնաբերվել է Պրահայում, Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին։
Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ հարուցված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Սարգսյանը Պրահայում հայտնաբերվել է 2018-ի դեկտեմբերին՝ ըստ ոստիկանության հաղորդման՝ «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ կեղծ անձնագրով, և մեկ տարի անց, փաստորեն, արտահանձնվել Հայաստանին։
Մեկնաբանել