
Ծերության թոշակ. խիստ խնայողության պարտադրանքը
«Մսեղեն համարյա չեմ օգտագործում, կարագ չեմ օգտագործում, որովհետեւ դա որ օգտագործեմ, թոշակը չի հերիքի, բավականին գումար գնում է դեղերի վրա, եւ մի կերպ ծայրը ծայրին եմ հասցնում»,- ասում է 88-ամյա միայնակ թոշակառու Գուրգեն Տեր-Ավագյանը, ով 37 տարի աշխատել է Մերգելյանի անվան Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Նա ամսական ստանում է 47 հազար դրամ կենսաթոշակ:
Հայաստանում 2018 թ. տարեվերջին կենսաթոշակառուների թիվը 462 հազար էր (խոսքը բոլոր խմբերի թոշակառուների մասին է): Կանխատեսվում է, որ հաջորդ տարվանից նրանց թիվը կգերազանցի կես միլիոնը: Այս մասին 2020 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ինչպես հայտնի է, ներկայում թոշակները գոյանում են աշխատողների վճարումներից, այսինքն՝ գործում է սոցիալական համերաշխության սկզբունքը, սակայն 2014-ից Հայաստանն անցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ըստ որի՝ 1974 թ.-ից հետո ծնվածները մինչեւ թոշակային տարիքի հասնելը կուտակում են իրենց ապագա թոշակը պետության համաֆինանսավորմամբ:
Թոշակառուների 69 տոկոսը տարիքային թոշակ է ստանում
Մեր երկրում գործում է կենսաթոշակի երկու տեսակ՝ աշխատանքային եւ զինվորական: Սրանցից ամեն մեկն իր ենթատեսակներն ունի: Տարիքային կենսաթոշակն աշխատանքային կենսաթոշակի ենթատեսակներից մեկն է, որն ավագ սերունդը ստանում է աշխատանքային ստաժի տարիների հաշվարկով: Գործող օրենքով՝ տարիքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: 63 տարին լրացած անձին այս կենսաթոշակը նշանակվում է նաեւ այն դեպքում, երբ նրա աշխատանքային ստաժը 25 տարուց պակաս է, սակայն ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
2018-ի տարեվերջին Հայաստանի կենսաթոշակառուների թիվը եղել է 462 հազար (աշխատանքային եւ զինվորական թոշակառուներ), որոնցից 318.347-ը կամ 69 տոկոսը եղել են տարիքային կենսաթոշակառու:
Աշխատանքային թոշակի չափը հաշվարկվում է օրենքով հաստատված հատուկ բանաձեւով՝ հիմնական կենսաթոշակին (ներկա պահին 16 հազար դրամ է) գումարվում է կենսաթոշակի աշխատանքային մասի գումարը: Բնականաբար, որքան շատ են ստաժային տարիները, այնքան մեծ է աշխատանքային մասի գումարը: Միեւնույն ժամանակ գոյություն ունի նվազագույն շեմ (նվազագույն կենսաթոշակ), որից ցածր չի կարող լինել կենսաթոշակը: Հայաստանում այս տարվա հունվարից նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամից դարձել է 25.500 դրամ, ինչի համար կառավարությունը հաշվի է առել պարենային աղքատության գիծը: Մեր երկրում նվազագույն կենսաթոշակ ստանում է 17.500 հոգի:
Այդուհանդերձ, մեր զրույցները թոշակառուների հետ ցույց են տվել, որ տարիքային թոշակով, որպես կանոն, հնարավոր չէ հոգալ բոլոր ծախսերը, եթե այն ապրուստի միակ միջոցն է:
Բարեգործական ճաշարանը՝ ծախսերը թեթեւացնելու միջոց
Տարիքային թոշակառուների մի մասն օգտվում է բարեգործական ճաշարաններից, որտեղ շաբաթվա մեջ 5 օր տաք կերակուր է տրվում: Պատահականության սկզբունքով այցելել ենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպության՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող բարեգործական ճաշարան:
Ճաշարանի նախասրահում՝ սեղանի շուրջ, խմբվել էին գրական խմբակի տարեցները, որոնց մեծ մասը կազմակերպության շահառուներն են: Իմ զրուցակիցները հնամաշ վերարկուներով, հոգսաշատ դեմքերով նախկին ուսուցիչներ էին, բուժքույրեր, օդերեւութաբաններ, խոհարարներ, դերձակներ, այլ մասնագիտության մարդիկ: Նրանք ժամանակին աշխատել են՝ թերևս, չմտածելով, որ մի օր հայտնվելու են սոցիալական ծայրահեղ պայմաններում՝ սահմանափակ թոշակի եւ մեծ ծախսերի արանքում:
Էմմա Գրիգորյանը 39 տարի ուսուցիչ է եղել: Ամսական ստանում է 48 հազար դրամ: «Ոչ մի բանի չի բավականացնում: Նախկինում բոլորս էինք աշխատում, իսկ հիմա երեխաներն էլ են մնացել մեր հույսին, որ մենք պետք է նրանց պահենք»,- ասում է նա:
Մարգարիտա Լեւոնյանը նախկին բուժքույր է. «Ամսական ստանում եմ 43 հազար դրամ թոշակ: Աշխատել եմ բուժքույր, խոհարար: Սովետական տարիներին շատ լավ էինք ապրում, ամուսիններով աշխատում էինք, ամեն ինչի հասել ենք: Երեք երեխա ենք մեծացրել: Հիմա մենակ ենք մնացել: Թոշակը սահմանափակ է, որը հազիվ բավականացնում է ամսական 4-5 ձեւի ոչ թանկանոց դեղեր գնելուն, կոմունալ փակելուն, սննդին: 9 թոռնիկ ունեմ, երկուսը Ռուսաստանում են ապրում, 7-ը՝ այստեղ, ամեն ամիս ծնունդ եմ ունենում, գլուխս կախում եմ, 1000 դրամ եմ տալիս, լացում եմ, ասում եմ՝ ա՛յ մարդ, ամոթ չի՞, բա ես տատի՞կ եմ: Հագնում ենք հին շորեր՝ սովետական ժամանակից առած, որոնք թարմ են մնացել: Սիրելիս, կարագը, մսեղենը, վերջապես քաղցրեղենն այնքան թանկացրին, չենք հասցնում առնել, երեխաներս էլ հազիվ են հասցնում, չեմ կախվելու նրանցից»:
Վիկտորիա Անդրեասյանը վերահսկիչ է եղել հաշվիչ մեքենաների բաժնում. «Թոշակառուներն ամեն տարի չեն կարողանում գնալ հանգստանալու, թեկուզ Սեւան գնալ կամ ինչ-որ հանգստյան տուն: Իսկ դա, պարզ է, որ ազդում է առողջության վրա: Ամսական ստանում եմ 37.600 դրամ թոշակ: Դա օրվա ծախսն է, կոմունալ ծախսերն են, մանավանդ ձմռանը պետք է պլիտա միացնենք, ծախսը շատանում է: Տաք կրկնակոշիկներ չունեմ, վերարկու չեմ կարողանում առնել, սա էլ ուրիշն է տվել: Իսկ պատգամավորներն էլ ասում են, որ իրենց փողը չի հերիքում, որ ընտանիքով գնան հանգստանան»:
Թագուհի Պետրոսյանը Հալեպից է: Ամուսնու հետ Հայաստան են տեղափոխվել 2014 թ.: Հալեպում ապրելու տարիներին դերձակ է աշխատել, ամուսինը՝ վարսավիր: Երկուսն էլ թոշակառու են, ամսական յուրաքանչյուրն ստանում է 25.500 դրամ: Ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է: «Շատ լավ էինք ապրում, հիմա որ եկանք էստեղ, արդեն չենք հասցնում»,- ասում է Թ. Պետրոսյանը, ով օրական երկու երթուղային է փոխում՝ ճաշարան հասնելու եւ տուն սնունդ տանելու համար: Ամուսիններով բնակվում են Քանաքեռում գտնվող գետնահարկ բնակարանում, որի համար վճար չեն տալիս: Թագուհին ասում է, որ շատ գոհ է դրա համար, սակայն թոշակի մեծ մասը ծասխում են տունը ջեռուցելու համար:
Ինչպես ասվեց, կառավարությունը նվազագույն թոշակը 16 հազարից դարձրել է 25.500 դրամ, որը պարենային զամբյուղի միջին ամսական արժեքից (ներկա պահին՝ 24.500 դրամ) 1000 դրամ է բարձր: Պարենային զամբյուղի արժեքը 1 ամսում սպառված սննդամթերքի արժեքն է մեկ շնչի հաշվով, սակայն պետք է նկատել, որ այդ զամբյուղը մեկ մեծահասակի հաշվով կազմում է 27.300 դրամ: Սրանք վիճկոմիտեի պաշտոնական տվյալներն են: Պարենային զամբյուղի մեջ մտնում է հաց, միս, ձուկ, կաթ, ձու, յուղ ու ճարպ, բանջարեղեն, շաքար, ոչ ալկոհոլային խմիչքներ, այլ սննդամթերք: Հայտնի է, սակայն, որ շատ թոշակառուների, հատկապես՝ նվազագույն թոշակ ստացողների համար նշված ապրանքների մի մասն ուղղակի շքեղություն է:
Սնունդը՝ թոշակով, դեղերը՝ մուրալով
Նադեժդա Ղարաքեշիշյանի դեղերով լի տոպրակը կախված է աթոռի հենակից, իսկ աթոռին էլի դեղեր են դրված: Նա հատ-հատ վերցնում է դրանք, թվարկում գներն ու ինքնաբերաբար կրկնում. «Շատ թանկ դեղեր են»: Սենյակում մերթընդմերթ լսվում է ճարճատող փայտի ձայնը: 67-ամյա միայնակ թոշակառու կինը մեր գալուց առաջ է վառել վառարանը: Փայտը նվեր է ստացել նախորդ տարի ու խիստ խնայողությամբ է օգտագործում:
Պատին հենած փոքր սեղանին ռուսերեն գրքեր են դրված: Տիկին Նադեժդան 5 տարի աշխատել է ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ամուսնանալուց հետո, սակայն, չի աշխատել: Աշխատանքային քիչ ստաժի պատճառով ստանում է ընդամենը 25.500 դրամ թոշակ եւ 18 հազար դրամ աղքատության նպաստ: Ամսական 43.500 դրամը նա պետք է ծախսի սննդի, կենցաղային իրերի, կոմունալ վճարների եւ դեղերի վրա, այնինչ դա բավականացնում է միայն սննդի ու կենցաղային մանր-մունր ապրանքների համար, այն էլ՝ չափազանց տնտեսելու դեպքում: Իսկ ահա դեղերը գնելու համար տիկին Նադեժդան ամեն ամիս ողորմություն է խնդրում Երրորդ մասի գետնանցումի տակ: Ասում է՝ հենց դեղերի գումարը հավաքում է, փողոց դուրս չի գալիս: «Պետությունը մեղավոր չէ, որ ես այսպես եմ ապրում, ոչ ոք մեղավոր չէ սրա համար»,- ասում է նա՝ ավելացնելով, թե «մարդ դժվարությունների միջով պետք է անցնի, որ գնահատի կյանքը»:
Նվազագույն թոշակը կբարձրանա
Հաջորդ տարվանից կես միլիոնի շեմը հատող թոշակառուները նվազագույնը կստանան ոչ թե 25.500, այլ 26.500 դրամ թոշակ: Դրա բաղադրիչներից հիմնական թոշակը եւս կբարձրանա՝ 16-ից դառնալով 18 հազար: Սակայն նույնիսկ այս դեպքում մենք դեռ հեռու ենք այն երազանքից, որ Հայաստանում ապրող թոշակառուն իր թոշակով կարող է մեկ ամբողջ ամիս ապրել արժանավայել կյանքով: Ներկայում հատկապես ձմռանը մեր թոշակառուների պարզ ցանկությունը կոմունալ ծախսերի բեռը թոթափելն է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել