
Դատավոր Սամվել Ուզունյանի՝ սահմանը հատելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանի պետական սահմանը հատելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութությունը):
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Հայաստանի Հանրապետության տարածքից Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում վերջինիս կողմից ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու դրդչության փորձի և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու գործով մեղադրյալ, դատավոր Սամվել Ուզունյանն, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն էր տվել Բարձրագույն դատական խորհուրդը, լքել է ՀՀ պետական սահմանը:
ԲԴԽ կողմից դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:
Ապա դատարանը բավարարել էր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և ոստիկանությանը հանձնարարվել էր նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ էին ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը:
Դատավորն այժմ գտնվում է հետախուզման մեջ:
Մեկնաբանել