
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, րոպեներ առաջ բավարարել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունն ու մերժել նրան ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Թավադյանը ձերբակալվել է դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով և միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորվեց, մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:
Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեկնաբանել