HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հերթական անգամ առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած կալանավորված Վահե Մելոյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը տեղեկացնում է, որ Քրեակատարողական հիմնարկում երկարատև հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի իրավունքների ապահովման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 2-ից հացադուլ հայտարարելուց հետո Պաշտպանի հանձնարարությամբ՝ Վահե Մելոյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար մի քանի այց է իրականացվել համապատասխանաբար «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցի ընթացքում Վահե Մելոյանը հայտնել է, որ իր հացադուլը պայմանավորված է նրանով, որ ներկայում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի շրջանակում իրեն առաջադրվել է անհիմն մեղադրանք:

Նրան պարզաբանվել է, որ օրենսդրական արգելքի ուժով Պաշտպանը չի կարող միջամտել վարույթին, պարզաբանվել են նաև Պաշտպանի մյուս լիազորությունները։

Վահե Մելոյանը բարձրացրել է պահման պայմանների հետ կապված որոշակի հարցեր: Դրանց, ինչպես նաև երկարատև հացադուլով պայմանավորված նրա առողջական վիճակի առնչությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել Արդարադատության նախարարություն:

Պարզաբանումների համաձայն՝ պահման պայմանների հետ կապված հարցերը լուծվել են, ինչպես նաև Վահե Մելոյանը տվել է ստացիոնար բուժզննություն անցնելու և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հետազոտվելու համաձայնություն:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են իրականացրել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Դեկտեմբերի 6-ի այցի ընթացքում Վահե Մելոյանը եղել է անկողնային վիճակում, սակայն գիտակցությունը եղել է պարզ, հարցերին պատասխանել է հստակ: Նշել է, որ իրեն ֆիզիկապես թույլ է զգում, սակայն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը:

Դեկտեմբերի 26-ի այցի պահին Վահե Մելոյանը նույնպես եղել է անկողնային վիճակում, գիտակցությունը պարզ է եղել (գիտակցության մթագնում չի արձանագրվել), հարցերին պատասխանել է հստակ: Գանգատվել է ընդհանուր թուլությունից, որովայնի շրջանում սուր ցավերից: Ուսումնասիրվել է նրա բժշկական փաստաթղթերը, նրա առողջական վիճակը քննարկվել է բուժող բժշկի հետ:

Պարզվել է նաև, որ գանգատներով պայմանավորված՝ կազմակերպվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ, գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, ինչը հաստատել է նաև Վահե Մելոյանը: Վերջին այցի արդյունքները կամփոփվեն, և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ գրություն կհասցեագրի Արդարադատության նախարարություն:

Նշենք, որ չհայտարարված այցերի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրում հացադուլ իրականացնող անձանց մշտապես տեղեկացնում են հացադուլի բացասական հետևանքների մասին, սակայն պետք է նկատի ունենալ, որ հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի հարկադրելու կամ ստիպելու դադարեցնել հացադուլը։

Ընդ որում, ըստ գործող օրենսդրության՝ հացադուլը գիտակցված շարունակող անձի բժշկական զննությունը և հարկադիր կերակրումն արգելվում է:

«Հետքը» անդրադարձել  է Վահե Մելոյանի հացադուլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter