HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ճանապարհներ, ոռոգում, թոշակներ և այլն. նախարարությունները թերանում են ծրագրերի ծախսերում

Մաս 1, մաս 2 

Այս տարի պետական բյուջեն ծրագրվածից քիչ է ծախսվում։ Ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածում, տարվա ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրլն 53 մլրդ դրամ: Ծրագրվածի համեմատ` այն 17.5%-ով թերակատարվել է։ Կամ այլ խոսքով՝ մոտ 223 մլրդ դրամ ծախս չի կատարվել։ Նշված գումարից 110.3 մլրդը պայմանավորված է ընթացիկ ծախսերի թերակատարմամբ, իսկ մոտ 112 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերով։  Ընդհանուր առմամբ, ընթացիկ ծախսերը թերակատարվել են 10.1%-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ 61.1 %-ով։ Այս ծախսերի մասին նախորդ նյութում ևս մանրամասն գրել ենք և թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում ծախսերի թերակատարումը, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի, տնտեսության համար։

Այս անգամ «Հետք»-ն ուսումնասիրել է Ֆինանսնաների նախարարության տրամադրած բազաները և փորձել պարզել, թե որ գերատեսչություններն են առավել շատ թերանում ծախսերում, մասնավորապես՝ կապիտալ ծախսերում, և որ ծրագրերն են, որոնք կա՛մ կիսատ են իրականացվել, կա՛մ չեն իրականացվել։

 Պարզվում է, որ ծախսերում «կաղում» են առավելապես չորս նախարարություններ՝ Պաշտպանության նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների,  Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ ը։ Նրանց ծախսերի թերակատարմամբ էլ հիմնականում պայմանավորված է բյուջեի ծախսերի ընդհանուր ցուցանիշի թերակատարումը։ Մյուս գերատեսչությունների մասով ևս ծախսերի շեղումներ կան, սակայն կա՛մ խոսքն ավելի փոքր բյուջե ունեցող գերատեսչությունների մասին է, կա՛մ թերակատարումն այնքան մեծ չէ, որքան այս չորս նախարարությունների պարագայում է։

  

Պետբյուջեից տրամադրվող գումարների հաշվին այս տարվա ինն ամիսներին նախատեսվել էր 204 ծրագրեր իրականացել տարբեր գերատեսչությունների կողմից, այսինքն՝ ծախսերը գերատեսչություններն իրականացնում են ըստ ծրագրերի։ Փաստացի, սակայն, ծրագրերից միայն 195-ի գծով են ծախսեր իրականացվել, որի մի մասը՝ կիսատ, մնացածը ծրագրերը չեն իրականացվել։ Այդ ծրագրերով են իրականացվում ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսերը։ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է պետբյուջեի ծախսերը բոլոր գերատեսչությունների գծով՝ սկսած նախարարություններից ու Ազգային ժողովից, վերջացրած՝ մարզպետարաններով ու տարբեր պետական կոմիտեներով։ Քանի որ նրանց բոլորի ցուցանիշները հոդվածում ներկայացնելը միայն կխճճի ընթերցողին, մենք մշակել ենք տվյալները և ներկայացնում ենք միայն այն գերատեսչությունների ծախսերը, որոնք առավել մեծ թերակատարում ունեն։

Այս հոդվածով կներկայացնենք երկու նախարարությունների կատարողականը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՀՀ ՏԿԵՆ), ինչպես նաև՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։ 

ՏԿԵՆ-ը չի ծախսել ճանապարհների բարելավման, քաղաքի զարգացման և այլ ծրագրերի գումարների մեծ մասը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվությամբ այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է պետական բյուջեի 27 ծրագիր, որոնց գծով ծախսերը կազմել են 98.5 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 60%‑ը:  Այսինքն՝ նախարարությունը չի ծախսել նախատեսված գումարներից 65.7 մլրդ դրամը։

Թերացումը մեծամասամբ պայմանավորված է Ճանապարհային ցանցի բարելավման, Քաղաքային զարգացման, Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման և Ջրամատակարարման ու ջրահեռացման բարելավման ծրագրերի ցածր կատարողականով։

Մասնավորապես, ճանապարհային ցանցի բարելավմանը ինն ամիսներին պետք է ուղղվեր 41.6 մլրդ դրամ (որի մի մասը ընթացիկ ծախսերի հաշվին, մի մասը՝ կապիտալ ծախսերի), սակայն ծախսվել է ընդամենը 17.2  մլրդ դրամը։ Միայն կապիտալ ծախսերն այս ծրագրի շրջանակներում պետք է կազմեին 22 մլրդ դրամ, սակայն կազմել են 8 մլրդ դրամ։

Քաղաքային զարգացում ծրագրով նախատեսված է եղել 22.9 մլրդ դրամի ծախս, փաստացի ծախսվել է 13.7 մլրդ դրամը։ Այս ծրագրի շրջանակներում միայն կապիտալ ծախսերը պետք է կազմեին 13.6 մլրդ դրամ, մինչդեռ կազմել են 6.3 մլրդ դրամը։

Ջրամատակարարաման և ջրահեռացման բարելավում ծրագրով նախատեսված է եղել ինն ամիսներին ծախսել 8.2 մլրդ դրամ, մինչդեռ ծախսվել է 1.2 մլրդ դրամ՝ նախատեսվածի 14.4%-ը։ Ավելի քան 6 մլրդ դրամի կապիտալ ծախս այս ծրագրի շրջանակներում չի կատարվել։ 

Եվ մյուս ծրագիրը, որի շրջանակներում նախարարությունը խոշոր թերակատարում ունի,  Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է։ Նախատեսված ծախսը կազմել է 13.2 մլրդ դրամ, բայց ծախսվել է ընդամենը 2 մլրդ դրամը։ Այստեղ ևս խոսքը հիմնականում կապիտալ ծախսերի թերակատարման մասին է։

Կան այլ ծրագրեր ևս, որոնց ծախսերում նախարարությունը թերացել է։ Օրինակ՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել մոտ 3.3 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է 2.5 մլրդ դրամը։  Մեկ այլ օրինակ՝ հաշվետու ժամանակահատվածում  ոռոգման համակարգի առողջացման ծրագրին ուղղվել է 16.2 մլրդ դրամ՝ ապահովելով 77.1% կատարողական: Շեղումը, ըստ Ֆինանսների նախարարության, հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի կատարողականով, ինչպես նաև ոռոգման համակարգերի հիմնանորոգման միջոցառման համար նախատեսված միջոցները չօգտագործելու հանգամանքով: 

Այսպիսով, ՏԿԵ նախարարությունն այս տարվա առաջին ինն ամիսներին բյուջեով ծրագրված միջոցների  40%-ը չի ծախսել։ Դրանք պետք է ծախսվեին այն ծրագրերի ուղղությամբ, որոնց պատասխանատուն նշված նախարարությունն է։ 

ՏԿԵ նախարարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է ծախսերի թերակատարման պատճառները։ Սակայն նախարարության պատախանները թերի են. մանրամասնվել են միայն էներգետիկայի ոլորտի ծրագրերի թերակատարումները։ Մյուս ոլորտների մասով հստակ հիմնավորումներ նախարարությունը չի տալիս։

Մասնավորապես, էներգետիկայի ոլորտում թերակատարվել են հիմնականում այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ), Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ), ՌԴ-ից։ Նախարարությունը հիմնականում ընթացակարգային բնույթի հիմնավորումներ է ներկայացրել։ Օրինակ՝ նշվում է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում «Աշնակ» և «Արարատ-2» ենթակայանների վերակառուցման աշխատանքներում որոշակի ծավալներ են կրճատվել, գլխավոր կապալառուի կողմից կատարված շինմոնտաժային աշխատանքների դիմաց հաշիվ-ապրանքագրերը ուշացվել են՝ ներկայացնելով չորրորդ եռամսյակում, տեղի չի ունեցել մրցույթ, որի շրջանակներում պետք է ընտրվեր «Արարատ-2» ենթակայանի վերակառուցման գլխավոր կապալառու և այլն։ Կան աշխատանքներ, որոնք պետք է ավարտվեին այս տարի, սակայն երկարաձգվել են մինչև եկող տարի։

Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա նախարարությունը հստակ հիմնավորումներ չի տվել։ Հարցման պատասխանում նշված է՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների թերացումը հունվար-սեպտեմբեր ամիսներին որոշակիորեն կապված է եղել աշխատանքների ուշ սկսվելու պատճառով։ «Աշխատանքների ավարտը նախատեսված է հիմնականում դեկտեմբեր ամսին:  Ընդհանուր ծախսերի վերաբերյալ վերջնական տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել ճանապարհաշինական աշխատանքների կատարման ավարտից հետո»,- նշել են նախարարությունից:

Ջրային ոլորտում իրականացված կապիտալ ծախսերի առնչությամբ ՏԿԵ նախարարությունը նշել է, որ կապիտալ ծախսերի թերակատարումները հիմնականում պայմանավորված են տեխնիկական խնդիրներով՝ կապված մրցույթների չկայանալու հետ։ Խոստանում են առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել հունվարին։

Ինչ վերաբերում է քաղաքային ծրագրերի մասով տեղեկատվությանը, ապա՝ ըստ ՏԿԵ նախարարության այն պետք է տրամադրի ծրագրի տնօրինողը՝ Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2019 թվականի ինն ամիսների պետական բյուջեի ծախսերում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 31.4%, ունեցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերը: 

Նախարարության պատասխանատվությամբ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում իրականացվել է պետական բյուջեի 16 ծրագիր, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է 330.5 մլրդ դրամ՝ ապահովելով իննամսյա ծրագրի 95%-ը: Բոլոր 16 ծրագրերում առկա են շեղումներ: Չի ծախսվել նախատեսված միջոցներից 17.3 մլրդ դրամը։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ առանձնապես խոշոր շեղումներ են արձանագրվել կենսաթոշակային ապահովության, անապահով սոցիալական խմբերին աջակցության, սոցիալական փաթեթների ապահովման և սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ծրագրերում: Այս ծրագրերի շրջանակներում չի կատարվել ընթացիկ ծախսերի մի մասը։ 

Օրինակ՝ 2019 թվականի ինն ամիսներին Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծախսերը կազմել են 24.1 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 85.9%‑ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների կատարողականով, որոնց տրամադրվել է 23.6 մլրդ դրամ կամ ծրագրված միջոցների 85.9%‑ը՝ պայմանավորված վարչարարության արդյունքում շահառուների թվաքանակի նվազմամբ: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրված շուրջ 100 000 ընտանիքի փոխարեն նպաստ է ստացել 92 510 ընտանիք:

Նախարարությանը հատկացված միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 237.9 մլրդ դրամ, տրամադրվել է Կենսաթոշակային ապահովության ծրագրի ֆինանսավորմանը՝ կազմելով ծրագրված ցուցանիշի 97.9%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է աշխատանքային կենսաթոշակների և մասնակցի կենսաթոշակային հաշվին կուտակային հատկացումների գծով ծախսերի կատարողականով: 

Սոցապնախարարության մասով ծրագրված է եղել նաև ինն ամիսներին մոտ 1.2 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կատարել, սակայն նախարարությունը փաստացի մոտ 297 մլն դրամի ծախսեր է կատարել։ Այդպիսով, կապիտալ ծախսերը թերակատավել են 74.6%-ով։ Օրինակ՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման գծով նախատեսվել է ծախսել 714 մլն դրամ, սակայն փաստացի ծախսվել է դրա 33.5%-ը՝ 239 մլն դրամը։  

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ևս խնդրել ենք հիմնավորումներ ներկայացնել ծախսերի թերակատարման վերաբերյալ։ Նշված նախարարությունից ևս կազմակերպչական պատճառներ են մատնանշում։ Մասնավորապես կապիտալ ծախսերի՝ սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շին-վերանորոգման հարցում խնդիրներ են առաջացել մրցույթների անցկացման հետ կապված, դրանց մեծ մասը հետաձգվել է։ Հետաձգման պատճառներից մեկը, ինչպես կարելի է հասկանալ նախարարության տրամադրած բացատրությունից, կադրերի պակասն է եղել, որոնք պետք է զբաղվեին ծրագրերի ֆինանսական պլանավորմամբ և կառավարմամբ, հաշվապահական հաշվառմամբ և գնումների կազմակերպմամբ։ Նախկինում այդ գործով զբաղվել է Ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը», որը լուծարվել է։

Բացի այդ, դժվարություններ են ծագել շենքային տարածքների հատկացման հարցում, ինչպես նաև՝ ծրագրերով սահմանված չափորոշինչների փոփոխությունների։

Ի դեպ, նախարարությունների շարքում բյուջեի ծախսերի ամենաբարձր կատարողականը գրանցել է Ֆինանսների նախարարությունը։ Ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո նախատեսված 4 ծրագրերի շրջանակներում 2019 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 120 մլրդ դրամ՝ ապահովելով իննամսյա ծրագրի 99.2% կատարողական:

Հաջորդիվ կներկայացնենք Պաշտպանության նախարարության, ինչպես նաև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ծախսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter