HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար․Անդրանիկ Հարությունյան

«Մարդը ցանկացավ իրեն ճանաչել՝ հորինեց թատրոնը», Սոս Սարգսյանի խոսքերն են, որ վերաբերում է Անդրանիկ Հարությունյանին, իրավմամբ, որն իր դերակատարումներով նորովի էր իրեն ճանաչում ու հանդիսատեսին ճանաչելի դարձնում՝ ինչպիսին որ կա, կուռ, անթափանց, փոքր ինչ տրագիկ․․․

Ընդհանրապես, գոյություն ունի Արտիստի մի կերպար, որ զուտ մարդկային է՝ բուն մարդ-մտավորականից բխող, որին  հակացուցված է  դ ե ր ա ս ա ն ու թ յ ու ն   ա ն ե լ՝ զուտ  մի ինչ որ հերթական դեր խաղալու համար։ Այսպիսիք ավելի շատ հոգեղեն կյանքով ապրող արտիստներն են․ Անդրանիկ Հարությունյանը ապրում էր նաև հողեղեն կյանքով, նվիրումով և պատասխանատու ու պարտ էր ամեն մի դերի, բեմերից հնչեցրած ամեն մի խոսքի նկատմամբ։ Ընկերության, մտերմիկ շրջանակներում նույնպես այդպիսին էր՝ ազնվաբարո,  արտիստիկ կերպարով, կերպընկալմամբ։ Եւ գրեթե սակավախոս, կյանքի, կենցաղի ավելորդաբանություններից զերծ ու չհանդուրժող։

Տարիներ շարունակ ճանաչում էի, դիտել տարբեր ներկայացումներ․ Նոդար Դումբաձեի «Սպիտակ դրոշակներ» հեռուստաթատրոնի իր դերակատարումից տպավորված կարծես թե «փնտրում էի» իր հերթական դերը․ որտե՞ղ, ո՞ր թատրոնում կամ ներկայացման մեջ կարող էի տեսնել նրան։ Այս մասին հետագայում իրեն ասել եմ, երբ որոշակի մտերմություն էր ստեղծվել մեր միջև, երբ Կամերային երաժշտության տան տնօրենն էր ու հաճախ էինք հանդիպում գրական-երաժշտական միջոցառումների ժամանակ, և որպես կանոն իր աշխատասենյակում զրուցում էինք, տարբեր խնդիրներից ու անպայման մեր խոսակցությունը «շրջում էի» Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան ինձ համար կարոտաբաղձ ԷՐԳՐԱԿԻՐՆԵՐԻ «ուղղությամբ»․ հիշողություններից չէր «խուսափում» և իր սակավախոսությունը տեղի էր տալիս ու ես մշտապես գոհունակության պահեր էի ապրում։

2005 թվականն էր․ Վահան Տերյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը։ «Հեռավոր հոգի» վերտառությամբ կազմակերպել էի գրական-երաժշտական եկեկո։ Ասմունքող Աիդա Ասատուրյանի առաջին մենահամերգն էր։ Անդրանիկին խնդրել էի, որ անպայման ներկա գտնվի, իր կարծիքն ինձ համար չափազանց կարևոր էր՝ Աիդայի ոչ միայն բեմասացության, այլ նաև բեմական կեցվածքի առումով: Սրահի վարձակալության խնդիրը լուծելուց հետո զարմանքախառն ասաց․ «Մեկուկես ժամ Տերյա՞ն, մի քիչ անհավատալի է, Սուսիկը այդքան չէր դիմանա»։ Նկատի ուներ Սուսաննա Գաբրիելյանին։ Հետո մի պահ հապաղելով․ «Անպայման կգամ, ինձ ավելի շատ հետաքրքրում է քո վստահությունը, որ էդ աղջկան հավատում ու հավանում ես»։ Ծիծաղելով ծոր տվեցի․ «Առ այժմ հավատում եմ ոչ թե իրեն, այլ ի ծնե թավշաձայնին, հավանելը թողնենք հետագային»։

Երեկոն աննախադեպ էր, երկու օր դահլիճը լեցուն։ Ներկա էր և արտիստուհու ուսուցիչը՝ Վլադիմիր Աբաջյանը, որը տպավորված էր իր սանուհու ելույթով։ Մեր հետագա հանդիպումների ժամանակ Անդրանիկը նույնպես չէր մոռանում տերյանական երեկոն, ինքը նույնպես տպավորված էր․ «Ինձ շատ դուր եկավ Աիդայի ռիսկը, իր թեթև ուսերին շատ ծանր բեռ էր վերցրել, բայց հետաքրքրեց մի ուրիշ բան, ինքը բեմի վրա ապրել գիտեր, փորձի բացակայությունը չզգացվեց, դու էլ ապրես, որ մեր էս մշակույթի չինովնիկներին հիշեցրիր, որ Վահան Տերյան կա»։

Երբեմն մտածում եմ ընդհանրապես որևէ մշակույթի գործչի հեղինակության մասին, գրող, արտիստ, ճարտարապետ, միևնույն է, ու միշտ այն կարծիքին եմ, որ նրանք որոշակի հեղինակություն անպայման պետք է, որ իրենց «վերապահեն»։ Արտիստի համար սա պարտադիր նախապայման է, քանի որ իրենք անմիջնորդ են  հարաբերվում հանդիսատեսին, իրենց ստվերոտ կամ լուսավոր «կողմերը» անմիջապես է նկատելի- զգայելի։ Անդրանիկ Հարությունյանն ուներ հեղինակության իր արժանավայլ  գիտակցումը, մանավանդ, Սասնա ծռեր էպոսն ասացողաբար մեկնաբանելիս։ Ընդերքային ձայնով ու էպոսի կերպարների ներաշխարհ ներխուժելու առումով նրանց խոսքը շիտակ ու չգունազարդված ներկայացնելու տոհմիկ կրքով։

Մեր վերջին հանդիպումը Ազգային գրադարանում էր․ նշվում էր լուսահոգի հրապարագակիր, խմբագիր Սասունիկ Թորոսյանի ծննդյանի 70-ամյակը։ Ինձ վիճակվել էր օրվա բանախոս լինելու ոչ դյուրին պարտականությունը։ Ներկաներից բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը Անդրանիկին խնդրեց կարդալ գրողի «Ափնարոտիկ» ժողովածուից հատվածներ։ Անսպասելի և կտրուկ հրաժարվեց։ Ձեռքը մեկնելով իմ կողմը՝ ասաց․ «Թող կարդա․ Տերյանի նամակներից կկարդա, Սասունիկից մի բան չի՞ կարդա»։ Նրա խոսքից շատերը շվարուն նայեցին ինձ՝ ոչինչ չհասկանալով։ Հետո ժպտալով շարունակեց․ «Տերյանի երեկոն էր տարիներ առաջ։ Նամակներից հատվածներ էր ձայնագրել, պաուզաների ժամանակ կուլիսներից հնչում էր, շատերը կարծել էին Տերյանի ձայնը պահպանվել է․․․» և բազմանշանակ լռեց։ Ես, իհարկե, կարդացի որոշ հատվածներ՝ երկյուղելով Անդրանիկ Հարությունյանի ներկայությունից, և գոհունակություն նկատեցի նրա դեմքին ։

Միշտ, երբ «Սասունցի Դավիթ» էպոսի ասացողներին եմ հիշում, որոնց շնորհիվ սերունդներին անխաթար ժառանգվեց մեր ազգային հարստության ամենանշանակալի էջերը, Անդրանիկ Հարությունյանին առանձնապես եմ հիշում, էպոսի մեր ամենավերջին ասացողին, Սասնա խաս-խաս վարպետների խոսքի հմայքը անխաթար մեզ փոխանցած Արտիստին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter