
Ճանապարհները դարձյալ վերածվել են մսի վաճառքի շուկայի
Ամանորին ընդառաջ՝ տոներից մոտ մեկ շաբաթ առաջ, սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերը, կարելի է ասել, զանգվածաբար խախտվում են: Հատկապես մսամթերքի շուկայում վերահսկողությունը խիստ բացակայում է: Դրա վկայությունն է նաև այն, որ փողոցների բանուկ հատվածներում՝ ցեխի, փոշու մեջ, հակասանիտարական պայմաններում միս են վաճառում, և որևէ գերատեսչություն դա չի արգելում:
Արդեն 5 օր է՝ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Պտղունք գյուղի հատվածքում մսի բացօթյա վաճառք է իրականացվում: Մսի «շուկան» ձգվում է ճանապարհի երկայնքով՝ մոտ մեկ կիլոմետր: Նման «շուկա» կա նաև Արմավիրի մարզի Ծիածան գյուղի հատվածքում:
Այս հարցին տարիներ շարունակ «Հետք»-ն անդրադառնում է, սակայն, թե ոստիկանությունը, թե տեղական ինքնակառավարման մարմիններն աչք են փակում: Այսօր ականատես եղանք, որ համազգեստով ոստիկանության մի աշխատակից այդ ճանապարհին վաճառվող մսից էր գնում:
Այս օրերին Էջմիածին-Երևան ճանապարհը դառնում է դժվարանցանելի՝ այդ թվում շտապօգնության աշխատակիցների համար: Պատճառը՝ մսի վաճառքի կետերում կիլոմետրանոց ավտոշարասյունն է:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը «Հետք»-ին փոխանցեց, որ տեղյակ են նշված ճանապարհահատվածում բացօթյա մսի վաճառքի մասին: Այդ մասին իրազեկել են նաև տեղական ինքնակառավարման մարմնին՝ համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:
Անուշ Հարությունյանի փոխանցմամբ՝ տեսչական մարմինը գործ է ունենում իրավաբանական անձի հետ, իսկ հատկապես այս օրերին բացօթյա մսի վաճառքով պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը: «Մենք ֆիզիկական անձին արգելելու լիազորություն չունենք: Իհարկե, մեր տեսուչները գնում են, խնդիրն արձանագրում են, ասում են, որ մսի վաճառք այդ պայմաններում չիրականացնեն: Հաշվի առնելով, որ պետական մարմնի ներկայացուցչի հետ գործ ունեն, այդ պահին լսում են, հավաքում են, բայց տեսուչը հենց գնում է, նորից շարունակում են վաճառքը»,-նշեց Անուշ Հարությունյանը:
Բաժնի պետը պատմեց, որ Սիսիան քաղաքում միս վաճառողները նույնիսկ ագրեսիվ դրսևորումներով չեն ենթարկվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներին և միջադեպ է գրանցվել:
Պտղունքի համայնքապետարանից փոխանցեցին, որ այդ ճանապարհին մսի վաճառքի թույլտվություն համայնքապետարանը որևէ մեկին չի տվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել