HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ. «Իրանը հապճեպ գործողություններ չի իրականացնելու, մշակվելու է որոշակի պլան»

Հարցազրույց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ

-Իրանն արդեն հայտարարել է, որ ամենաբարձր մակարդակով վրեժ է լուծելու հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ ամերիկյան ուժերի կողմից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Ի՞նչ է ենթադրում այդ վրեժը, ի՞նչ հնարավոր հակագործողությունների է անցնելու Իրանը:

-Դուք իրավացի եք՝ սկսած հոգեւոր առաջնորդից, նախագահով եւ զինված ուժերի որոշ դեմքերով հայտարարել են, որ վրեժխնդիր են լինելու, եւ դա սպասելի էր, որովհետեւ Ղասեմ Սոլեյմանին իրական լեգենդ էր, գիտենք, որ բավական հաղթանակներ ուներ իր թիկունքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին, այս դեպքում ճիշտ կլինի ասել ԻՀՊԿ-ին եւ «Ղոդսին» մեծ հաղթանակներ էր բերել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում մի շարք ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու ժամանակ: Նման բարձր մակարդակով հայտարարությունները վրեժխնդիր լինելու մասին, կարծում եմ, այլ տարբերակ չունեին: Ի՞նչ պետք է աներ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ կա՛մ պետք է աչքերը փակեր, որն անհնար էր այս պարագայում, կա՛մ պետք է որոշակի գործողություններ իրականացնի:

Կարծում եմ, որ նա կընտրի երկրորդ տարբերակը, որոշակի գործողություններ կիրականացնի, որոնք կթիրախավորեն Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների հետաքրքրությունները, շահերը կամ ռազմավարական օբյեկտները, ավելի կոնկրետ կարելի է ասել՝ ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան որոշակի սպաների, այսինքն՝ Իրանը կփորձի գտնել այն աստիճանը, որը համապատասխանում է Սոլեյմանիին եւ կփորձի որոշակի գործողություններ իրականացնել: Թե ինչքանով կստացվի դա, ցույց կտա ժամանակը, բայց որ ԱՄՆ-ն էլ կպատասխանի Իրանի այդ քայլին, կասկած չունեմ: Խնդիրն այն է, որ ԻԻՀ-ն պետք է այնպիսի ռազմական գործողություններ իրականացնի, որպեսզի չներքաշվի ավելի խորը ճգնաժամի մեջ, այսինքն՝ չներքաշվի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեջ: Ինչքան էլ որ գիտակցում ենք, որ տարածաշրջանում ԻԻՀ-ն բավական ազդեցիկ եւ ուժեղ է, ԱՄՆ զինված ուժերի հետ համադրելու դեպքում, ըստ իս, կասկած չկա, թե որ երկրի զինուժն է ավելի հզոր, եւ, կարծում եմ, ԻՀՀ-ն նման խորը ճգնաժամի մեջ չի ներքաշի երկիրը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մենք մի քանի ժամ առաջ տեսանք Դոնալդ Թրամփի հայտարարությունը եւս, որ իրենք պատերազմ չեն ցանկանում, պարզապես փորձել են կանխարգելել Սոլեյմանիի առաջիկա ծրագրերը. նա Սիրիայից ժամանել էր Իրաք, որպեսզի իրականացներ հակաամերիկյան որոշակի գործողություններ, եւ, ըստ նախագահի, նրանք հետագայում էլ կանխարգելելու են բոլոր այն գործողությունները, որոնք դեմ են լինելու ԱՄՆ-ի զինված ուժերին կամ իրենց զինվորներին եւ վտանգելու են նրանց կյանքը:

-Թրամփն իր թվիթերյան էջում գրել էր, որ Իրանը երբեք պատերազմ չի հաղթել, բայց բանակցություններում էլ չի պարտվել: Արդյոք սա ակնարկ էր Իրանի հետ բանակցություններ սկսելու մասին:

-Սա համագործակցության կոչ էր, որպեսզի նստեն բանակցությունների, այսինքն՝ հստակ ուղերձ էր, որ եթե պատերազմել սկսենք, հաղթող դուրս չես գալու, բայց բանակցությունների դեպքում հնարավոր է շահես: Այստեղ խնդիրն այն է, որ Իրանը չի կարող միանշանակ նստել բանակցությունների, որովհետեւ ԱՄՆ-ի կողմից հարված է հասցվել ԻԻՀ-ին, եւ հիմա նրան նստեցնել բանակցությոսւնների սեղանի շուրջ, կարծում եմ, փոքր-ինչ սխալ պատկերացում է ԱՄՆ-ի կողմից: Միեւնույն ժամանակ նշենք, որ նախագահ Թրամփը վերջին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ ԻԻՀ-ին տարբեր ձեւաչափերով առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ, բայց այդ հրավերն արվել է բավական կոշտ եղանակներով, սպառնալիքների համատեքստով, եւ, բնականաբար, ԻԻՀ-ի պես երկիրը չէր կարող այդ կոշտ հրավերին ընդառաջ գնալ ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա է տարբերությունը:

Կարծում եմ՝ ԱՄՆ-ում կա՛մ ճիշտ չեն պատկերացնում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության որոշ դրույթներ, կա՛մ ճիշտ չեն հասկանում նրանց մենթալիտետը: Եթե ինչ-որ գործընթացներ հնարավոր էր իրականացնել Կորեայի հետ, Կորեայի ղեկավարին ինչ-որ սպառնալիքների ճնշման տակ նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ապա, ըստ իս, դժվար թե նույնը կարողանան անել ԻԻՀ-ի հետ:  

-Կարծիք կա, որ այս սրումը կհանգեցնի նրան, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Իրաքից: Կարելի՞ է ասել, որ առաջիկայում Իրաքը հայտնվելու է Իրանի ազդեցության գոտում:

-Ոչ թե առաջիկայում Իրաքը հայտնվելու է Իրանի ազդեցության գոտում, այլ արդեն մեկ տարի է՝ այդ երկիրը ԻԻՀ-ի ազդեցության գոտում է, եւ այս ամբողջ գործողությունները հենց սրան են միտված: Եթե ուշադրություն դարձնեք տարածաշրջանի վերջին զարգացումներին, բավական հակաիրանական քաղաքականություն է իրականացվում, որի թիկունքում գոնե ես նկատում էի ԱՄՆ-ի ձեռքը: Օրինակ՝ Պաղեստինի առաջնորդը գրեթե մեկ ամիս առաջ ԻԻՀ-ին հորդորեց, որպեսզի չխառնվի իրենց ներքին գործերին, Լիբանանում տեղի են ունենում հակաիրանական ցույցեր, Իրաքում մեկ ամիս առաջ հարձակվեցին ԻԻՀ-ի հյուպատոսության վրա եւ այրեցին այն, այսինքն՝ տեսնում ենք, որ տարածաշրջանում փորձ է արվում հակաիրանական գործողություններ իրականացնել, եւ սրանց հետեւում ես տեսնում էի ԱՄՆ-ի ձեռքը: Ի պատասխան սրան՝ Իրանն էլ որոշակի գործողություններ է իրականացնում ընդդեմ ամերիկյան շահերի. դեկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հետեւում, ամերիկյան տեղեկատվությամբ, կանգնած էր ԻԻՀ-ն, այսինքն՝ տեսնում ենք, որ պրոքսի-պատերազմ է ընթանում ԱՄՆ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ այլ երկրների տարածքում, որոնք բազմազան են՝ ոչ միայն Իրաքը, Սիրիան են, այլեւ Եմենը եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ զորքերի դուրսբերմանը, ապա նշեմ, որ Իրաքի պառլամենտում այս հարցը քննարկվում է, որ թույլ չտան իրենց երկիրը դարձնեն պատերազմական գործողությունների թատերաբեմ:

-Բայց, կարծես, երկու կողմերն էլ խուսափում են լայնամասշտաբ պատերազմից, չնայած Քիրքուքում եւ Բաղդադում տեղի ունեցած գործողությունները, ըստ էության, փխրուն իրավիճակի էսկալացիա էին: Ի՞նչ պետք է սպասել Սոլեյմանիի սպանությունից հետո, առհասարակ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այդ միջադեպը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի համար:

-Այս պահին լարվածությունն, իսկապես, ժամ առ ժամ մեծանում է, բայց պետք է մի քանի փաստ արձանագրենք. ԱՄՆ զորքերը տարածաշրջանում, հատկապես՝ Իրաքում, հասցվել են մոբիլիզացման ամենաբարձր մակարդակի, այսպիսի բարձր մակարդակի զորքերը եղել են 2011-ի ահաբեկչությունից հետո, այսինքն՝ ԱՄՆ-ն հստակ հասկանում է, որ ԻԻՀ-ն առանց պատասխանի չի թողնելու այս գործողություննեը, ԻԻՀ-ն էլ, կարծում եմ, չի շտապելու, հապճեպ որոշումներ չի կայացնելու, հապճեպ գործողություններ չի իրականացնելու, մշակվելու է որոշակի պլան:

Տարածաշրջանում լարվածությունը պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն եկել որոշակի կետի եւ չեն կարողացել բանակցել այդ կետի շուրջ կամ երկուսին չեն կարողացել նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ հանդարտեցնել իրավիճակը:

Միակ կետը, որ ինձ հույս է ներշնչում, որ էսկալացիան այդքան էլ չի մեծանա, այն է, որ դա չի բխում Թրամփի շահերից: 11 ամիս հետո նա փորձելու է վերընտրվել ԱՄՆ նախագահ, եւ որքան տեսնում ենք, նրա վարկանիշը բավական բարձր է, սակայն գոնե կարճաժամկետ էսկալացիայի պարագայում նա չի կարող հաշվարկել, թե ԻԻՀ-ն ինչպիսի քայլեր կիրականացնի, եւ ԱՄՆ զինուժը որքան զոհ կտա, արդյոք ԱՄՆ քաղաքացիները կներեն Դոնալդ Թրամփին այդքան զոհերի համար, արդյոք նրան կվերընտրեն նախագահի պաշտոնում: Այս ամենը, կարծում եմ, բավական լավ հասկանում են ԱՄՆ-ում հատկապես Դոնալդ Թրամփի կողմնակիցները, եւ նրան թույլ չեն տա լայնամասշտաբ խնդիրների մեջ ներքաշվել գոնե առայժմ:

Իմ ելույթներում միշտ ասում եմ՝ Թրամփի երկրորդ ընտրությունից հետո կարող ենք ակնկալել ավելի սուր, լարված իրավիճակներ, իսկ մինչեւ ընտրությունները դա, կարծում եմ, չի բխում նրա շահերից:

-Ամեն դեպքում, արդյոք ԱՄՆ նախագահի այս տարվա ընտրություններից առաջ Թրամփը փորձում է կոշտացնել իր արտաքին քաղաքականությունը՝ շահելով ընտրողների համակրանքը հնարավոր իմպիչմենտի ֆոնին: Ընդ որում՝ նույն բանի մեջ Թրամփը ժամանակին մեղադրում էր Օբամային:

-Թրամփն ավելի շատ ոչ թե կոշտացնում է քաղաքականությունը, այլ փորձում է ցույց տալ, որ ինքը կանգնած է զինված ուժերի թիկունքին, եւ եթե որեւէ զինվոր զոհվի, անպատասխան չեն թողնելու, սակայն եթե սա շատ խորանա եւ վերածվի տարածաշրջանային բախումների, հեշտությամբ չի ներվելու Թրամփին, որովհետեւ որեւէ մեկը չի կարող հաշվարկել, թե այդ բախումների հետեւանքով ԱՄՆ-ն ինչքան զոհ կունենա: ԻԻՀ-ն, ի վերջո, անցել է իրանաիրաքյան պատերազմ եւ, կարելի է ասել, նաեւ հենց ԱՄՆ-ի «ջանքերով» բավական ծանր օրեր է ունեցել, բայց, այնուամենայնիվ, իրանցիներն ավելի պատրաստ են այդ իրավիճակին, քան ԱՄՆ քաղաքացիները: Իմ կարծիքով՝ ԱՄՆ քաղաքացիները պատրաստ չեն այն զոհերի քանակին, որ լայնամասշտաբ խնդիրների հետեւանքով կունենա Միացյալ Նահանգները:

Իրականում Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ չեմ կարծում, թե որեւէ հարց է կարգավորվել տարածաշրջանում: Արդեն գիտենք, որ նրա փոխարեն «Ղոդսի» նոր ղեկավար է նշանակվել, եւ այստեղ հարցն այն է, որ ոչ թե Սոլեյմանին իրականացնում էր իր ծրագրերը, այլ նա կատարում էր ԻԻՀ-ի բարձրագույն ղեկավարի որոշումները, այսինքն՝ այն գիծը, որ ԻԻՀ-ն ունի: Այժմ դա իրականացվելու է «Ղոդսի» մեկ այլ ղեկավարի կողմից: Այստեղ միգուցե պետք է հռետորական հարց հնչեցնել ԱՄՆ ղեկավարությանը. այժմ ավելի անվտա՞նգ է լինելու տարածաշրջանը, կամ այժմ ավելի անվտա՞նգ են լինելու տարածաշրջանում ամերիկյան զինվորները, քան Ղասեմ Սոլեյմանիի կենդանության օրոք: Այսինքն՝ Սոլեյմանին իսկապե՞ս սպառնում էր ԱՄՆ զինված ուժերին, որոնք գտնվում են տարածաշրջանում, թե՞ այս պահին, երբ նա զոհվել է, Իրանն էլ խոստանում է վրեժխնդիր լինել այդ նույն զինված ուժերի նկատմամբ, ավելի անվտանգ իրավիճակ է ԱՄՆ-ի համար: Սա հարց է, որ, կարծում եմ, ԱՄՆ-ում էլ բավական բարձրացվում է, թե ինչ են իրենք շահելու:

-Տիկին Իսկանդարյան, երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ի՞նչ եք ակնկալում Հայաստանի դիվանագիտական կորպուսից այս իրավիճակում:

-Իրականում բավական լուրջ իրավիճակ է Հայաստանի համար այն առումով, որ ե՛ւ ԻԻՀ-ի, ե՛ւ ԱՄՆ-ի հետ ունենք բավական լավ, ջերմ հարաբերություններ, եւ որեւէ մեկի կողմը բռնելու պարագայում ստացվում է, որ ակամայից ներքաշվում ենք մյուս կողմի խնդիրների մեջ: Ի սկզբանե ՀՀ-ն՝ ե՛ւ մասնագետները, ե՛ւ ղեկավարությունը, բազմիցս նշել են, որ Իրանի եւ ԱՄՆ-ի խնդիրը մեր խնդիրը չէ, եւ մենք չենք կարող ներգրավվել այդ խնդիրների մեջ: Իհարկե, որպես բարի կամքի դրսեւորում, կարող ենք աջակցել որեւէ կողմի, եթե մեր կարիքն ունենան այս պարագայում, բայցեւայնպես, Իրանի համար եղել է բավական ծանր հարված, որից հետո ՀՀ-ն անում է այդ հայտարարությունը: Ի՞նչ կարող էր անել Հայաստանի Հանրապետությունը՝ կա՛մ պետք է ցավակցեր, ինչպես Ռուսաստանի Դաշնությունն է արել, կա՛մ չցավակցեր, փորձեր չեզոք դիրք գրավել՝ փորձելով խուսանավել բարդ իրավիճակում հայտնվելուց: ՀՀ-ի ղեկավարությունը, արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել նման հայտարարությամբ հանդես գալ: Կարծում եմ՝ այն ամրագրված է որոշակի քննարկումներով եւ մասնագետների խորհրդատվությամբ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Մեկնաբանություններ (3)

Գագիկ Կարապետյան
Իրանի եւ ԱՄՆ-ի խնդիրը մեր խնդիրը չէ. արտահայտությունը տվյալ պարագայում ընդունելի չեմ համարում, որովհետեւ դա կարող է դառնալ նաև մեր խնդիրը: Մեզ պետք են հզոր դիվանագետներ, որովհետև սա ճգնաժամ է, իսկ ճգնաժամից խելացիները կարող են շահած դուրս գալ: Դիվանագիտական լուրջ ճիգեր են պահանջվում:
ՍԵՎԱՆ
Հայի դարդը ավելի պակաս չէ այս աշխարհում ու բերենք մեզնից խոսենք, քիչ ուրիշին սովորեցնենք թե ոնց անեն կամ ինչ անեն, կամ այսպես կլինի թե այնպես կլինի, հերիք է վերջը տվեք։
ՍԵՎԱՆ
Ես կխնդրեմ մեր լրատվական դաշտին ավելորդ հարցազրույցներ չվերցնեն այս կամ այն ուղությամբ ավարտած, բայց և ամենակարևորը իրանկանում չպատկերացնող մեր ազգային շահը ու դրած խոսում են ուրիշի լեգենդից դրան գումարած իրենց կարծիքը հայտնում, որը մեզ հեչ հետաքրքիր չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter