HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Կարծում եմ՝ Վաշինգտոնն այսօր նպատակ է դրել տարբեր գործողությունների, ճնշումների ուժեղացմամբ Իրանում իրականացնել հեղաշրջում»

Հարցազրույց տարածաշրջանային փորձագետ, արեւելագետ Կարեն Վերանյանի հետ

-Պարոն Վերանյան, այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում մի քանի գրառում է կատարել՝ նշելով, թե իրենց թիրախում իրանական 52 օբյեկտներ են, որոնցից մի քանիսը մեծ կարեւորություն ունեն Իրանի եւ իրանական մշակույթի համար: Թրամփը շեշտել է նաեւ, որ իրենց հարվածները լինելու են շատ արագ եւ ծանր: Ասվածից արդյոք կարող ենք հետեւություն անել, որ լայնամասշտաբ էսկալացիան այլեւս անխուսափելի է, թե ԱՄՆ նախագահն առայժմ բազուկներ է ցույց տալիս՝ փորձելով հետ պահել Իրանին գեներալ Սոլեյմանիի մահվան համար վրեժից:

-Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կողմերն, այդուհանդերձ, կխուսափեն գնալ լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով՝ հաշվի առնելով դրանց անդառնալի հնարավոր հետեւանքներն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության ու կայունության պահպանման վրա: Հասկանալի է, որ Իրանի ռազմական պոտենցիալը քանիցս զիջում է ԱՄՆ ռազմական կարողություններին, սակայն ուղիղ ու լայնածավալ ռազմական առճակատումից կխուսափի առաջին հերթին Վաշինգտոնը. նախ այն պարզ պատճառով, որ նման սցենարի զարգացման դեպքում բախումները շատ արագ կերպով ցանցային ճանապարհով կընդգրկեն ողջ Մերձավոր Արեւելքը: Սա իր հերթին կհանգեցնի տարածաշրջանի ռազմաքաղաքական ու անվտանգային իրադրության վերահսկողությունից դուրս գալուն:

Միեւնույն ժամանակ նշեմ, որ չի բացառվում, որ Իրանի ուղղությամբ Թրամփի որոշումների ընդունման հարցում մեծ դեր ունենան իսրայելական կողմի տրամադրած հետախուզական տվյալները: Ավելին՝ Սոլեյմանիի չեզոքացման Թրամփի որոշումը միանշանակ չի ընդունվել նաեւ ԱՄՆ գործադիր ու օրենսդիր ինստիտուտներում: Իհարկե, այս ամենի հետեւանքով կարելի է սպասել տարածաշրջանում լարվածության նոր աճի՝ պրոքսի եւ հիբրիդային պատերազմներին բնորոշ գործողությունների տեսքով:

-Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների միջեւ: Երկու օր առաջ մեր ԱԳՆ-ն բավական չեզոք հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց չցավակցելով իրանական կողմին, ինչը, սակայն, վերջին հեռախոսազրույցում արել է Զոհրաբ Մնացականյանը: Հնարավո՞ր է, որ հունվարի 3-ին արված հայտարարությունը, այսպես ասած, չի բավարարել իրանական կողմին:

-Չեմ կարծում, որ խոսքը վերաբերում է հայկական կողմի հայտարարության՝ Թեհրանի համար բավարար կամ ոչ բավարար լինելուն: Խնդիրն ավելի շուտ նրանում է, որ Իրանը ձգտում է ստեղծված լարված իրավիճակում գնահատել ներքին ու արտաքին ռեսուրսները, մարտահրավերները, հասկանալ տարածաշրջանում տիրող տրամադրությունները՝ փորձելով հնարավորինս իր շուրջը մոբիլիզացնել տարածաշրջանային տարբեր երկրներին եւ ուժեր: Իսկ մեր ԱԳՆ հայտարարությունը տրամաբանորեն բխում է մեր ազգային ու պետական շահերից՝ փորձելով հավասարակշիռ դիրքորոշում որդեգրել կողմերի միջեւ հակամարտությունում:

-Հայաստանը հայտնվել է երկու բարեկամ երկրների առճակատման արանքում այն իմաստով, որ կա՛մ պետք է ընտրություն կատարի, կա՛մ խուսափի որեւէ մեկին որեւէ կերպ, այդ թվում՝ հայտարարություններով, աջակցելուց: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտական կորպուսի աշխատանքը:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշոր հաշվով Հայաստանը չունի ուղիղ միջամտություն կամ ներգրավվածություն ԱՄՆ-Իրան հակամարտությունում, անշուշտ, ստեղծված բարդ իրադրությունում հայկական կողմին մնում է հանդես գալ հավասարակշռող եւ անկողմնակալ հայտարարությամբ ու դիրքորոշմամբ: Բացի դրանից՝ հակամարտող կողմերից որեւէ մեկի օգտին հնարավոր հայտարարությունը նախ կսահմանափակեր Հայաստանի քաղաքական, դիվանագիտական հնարավորությունները, երկրորդ՝ ուղղակիորեն կներքաշեր մեր երկիրը այդ հակամարտության մեջ, ինչից պետք է հնարավորինս խուսափել:

Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ԱԳՆ աշխատանքն, անշուշտ, դրական եւ համարժեք եմ գնահատում: Մեր դիվանագիտական կորպուսում տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքի ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ կուտակված հարուստ փորձը հնարավորություն է տալիս հստակ գնահատել տարբեր իրադրություններ՝ ելնելով մեր երկրի ազգային ու պետական շահերից:

-Ի վերջո, տարիներով շարունակվող ԱՄՆ-Իրան լարվածությունը հնարավո՞ր է առաջիկայում հանգեցնի պատերազմի եւ տարածաշրջանային լուրջ ճգնաժամի, թե՞ դրա նախադրյալները գոնե առայժմ տեսանելի չեն:

-Եթե փորձեմ վերաձեւակերպել Ձեր հարցադրումը, ապա մենք տարիներ շարունակ գործ ունենք ԱՄՆ-Իրան ոչ թե լարվածության, այլ հենց պատերազմի հետ: Ուղղակի խնդիրն այն է, որ մերօրյա ժամանակներում պատերազմներն այլեւս չեն ընթանում լայնածավալ գործողությունների տրամաբանությամբ: Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունն ընթանում է պրոքսի եւ հիբրիդային ռազմական գործողություններին հատուկ տրամաբանությամբ, այն է՝ կողմերը գտնվում են պատերազմական իրադրությունում, սակայն փոխվել են պատերազմի վարման մեթոդները, ռազմավարությունը, մարտավարությունը: Այս առումով տարածաշրջանը տարիներ շարունակ գտնվում է պատերազմի մեջ՝ ժամանակ առ ժամանակ ունենալով ավելի սուր եւ ճգնաժամային փուլեր:

Կարծում եմ, որ Վաշինգտոնն այսօր նույնպես նպատակ է դրել պրոքսի, տեղեկատվական-հոգեբանական պատերազմական գործողությունների, տնտեսական եւ այլ տեսակի ճնշումների ուժեղացմամբ ոչ թե Իրանի դեմ հրահրել բացահայտ լայնածավալ ռազմական գործողություններ, այլ Իրանի ներսում հակաիշխանական հասարակական տրամադրությունների ալիքի ընդլայնմամբ իրականացնել հեղաշրջում: Միգուցե սխալվեմ, բայց կողմերի միջեւ լայնածավալ ռազմական գործողությունների նախաձեռնման հավանականությունը գնահատում եմ ցածր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter