HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մանե Թանդիլյան. «Կառավարության տնտեսական բլոկը չի իրականացնում քաղաքացիների ակնկալիքներին համահունչ քաղաքականություն»

«Հետքի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

2019 թ․-ին ի՞նչ աշխատանք է կատարել Ձեր ղեկավարած հանձնաժողովը:

-Մեր հանձնաժողովը ամենածանրաբեռնվածներից է, եթե չեմ սխալվում նախորդ նստաշրջանում երրորդն էր Տնտեսական և Պետաիրավական հարցերի հանձնաժողովներից հետո: Նստաշրջանի ընթացքում իրականացրել ենք 21 նիստ, հանձնաժողովը գլխադասային է նշանակվել 55 օրենքի նախագծի և 4 համաձայնագրերի համար, արդեն իսկ 35 նախագիծ քննարկել ենք: Ըստ էության հանձնաժողովը բավական ծանրաբեռնված է աշխատում: Համագործակցության հուշագիր ենք ստորագրել 9 կազմակերպությունների հետ, բոլոր նախագծերը ուղարկում ենք իրենց, ստանում վերջիններիս կարծիքը: Ինտենսիվ աշխատել ենք GIZ-ի հետ` Հաշվեքննիչ պալատի աշխատանքները բարելավելու ուղղությամբ: Այս ընթացքում Հաշվեքննիչ պալատի երկու զեկույց ենք քննարկել:

Դուք, ինչպես նաև Ձեր խմբակցության մյուս անդամները նախորդող նստաշրջանում դժգոհել եք  ֆինանսների նախարարի աշխատանքից, անվստահություն եք հայտնել Շրջակա միջավայրի նախարարին, եթե ամփոփենք Կառավարության այս տարվա տնտեսական քաղաքականությունը, ինչքանո՞վ էր արդյունավետ, գո՞հ եք ներդրումների ցուցանիշներից:

-Ես կարծում եմ, որ Կառավարության տնտեսական բլոկը չի իրականացնում հետհեղափոխական Հայաստանում քաղաքացիների ակնկալիքներին համահունչ քաղաքականություն, ինչու դա ինձ չի զարմացնում, որովհետև Կառավարության տնտեսական բլոկում որևէ ըստ էության փոփոխություն չի եղել` ոչ կադրային, ոչ էլ մոտեցումների: Հետևաբար ակնկալիքները բարձր չէին էլ կարող լինել, բայց դա իմ ակնկալիքները չէին, այլ հասարակության, և դրա համար է մեր քննադատությունը, որ տնտեսական բլոկը չի իրականացում այն քաղաքականությունը, ինչն ակնկալվում էր: Ներդրումներն ակնհայտորեն ավելին կարող էին լինել, Հայաստանի տնտեսական պոտենցիալը հեղափոխությունից հետո ավելին է, քան այսօր իրականանում է: Երբ որ թվեր են բերում ու համեմատում, դա ինձ համար համադրելի չէ, որովհետև այն ժամանակ Հայաստանում կոռուպցիան վխտում էր, այս ոգևորությունը չկար, հետևաբար այս պոտենցիալն էլ չկար, իսկ չօգտագործել այս պոտենցիալը և ցույց տալ, որ փոքր թվային փոփոխություններ են եղել, ընդհանրապես ճիշտ չէ:

Պետք է համեմատել այսօրվա հնարավորության, պոտենցիալի հետ, որքանո՞վ է իրացվել հեղափոխությունից հետո մեր տնտեսական  պոտենցիալը ներդրումների մասով, ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներ չեն լինում այնքան, որքան ակնկալվում է, այլ Կառավարությունն ինքը կապիտալ ծախսերն է թերակատարում, որը նույնպես ներդրում է և վտանգում է տնտեսական կայուն զարգացումը:

Ըստ Ձեզ կապիտալ ծախսերի թերակատարումն ինչո՞վ է պայմանավորված:

-Իրենք տարբեր բացատրություններ ունեն, որոնցից մեկն ինձ համար ուղղակի զավեշտալի է. ասում են ճանապարհը բանուկ է, դժվար է այնտեղ իրականացնել շինարարական աշխատանքներ: Այսինքն աշխատանքները արդյունավետ կազմակերպելու խնդիր ունեն: Մյուս կողմից ես ընդունում եմ, որ կոռուպցիոն սխեմաներ են գործել, և դա պետք էր դադարեցնել, սակայն դա չես կարող անել երկու տարի շարունակ: Կոռուպցիայի դեմ պայքարելով պետք է կարողանաս նաև աշխատանքներ իրականացնել, մեկը մյուսին չպետք է խանգարի: Բացի այդ` կար բավական ժամանակ դա անելու:

Իհարկե որոշ ճանապարհներ բարեկարգվում են, որոշ աշխատանքներ կատարվում են, երբ դա ինձ ասում են, ասում եմ այո, նախատեսվածի 30-40 տոկոսի չափով: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր քաղաքացիների ոգևորությանը, որ որոշ աշխատանքներ կատարվում են, և դա նկատելի է, բայց նկատելի է նաև չարվածը:

Վարչապետն ասում է` պետական ապարատը դիմադրում է հեղափոխությանը:

-Վարչապետը կարող էր ասել երկու տարի առաջ, ես կլսեի ու կհամաձայնեի, երբ երկու տարի ղեկավարում ես կառույցը ու խոսել այն մասին, որ որևէ մեկը դիմադրում է, դա այն դեպքում, երբ այդքան լծակներ ունես ռեֆորմներ անելու, կներեք, դա արդարացում չէ: Նույնը կարող է հայտարարել 3 տարի անց, իսկ ո՞վ է պատասխանատու դա փոխելու համար: Ինչքա՞ն ժամանակ են ուզում` հինգ տարի, տաս տարի, մեկ տարի, թող ասեն իմանանք, ես գտնում եմ, որ երկու տարին  ավելի քան բավարար էր այդ դիմադրությունը վերափոխելու համար:

Փոփոխություններին սովորաբար բոլոր մարդիկ դիմադրում են, որովհետև փոփոխությանը պետք է ադապտացվել, բայց պետք էր աշխատել այդ մարդկանց հետ, ում որ նկատի ունի ասելով դիմադրում են: Իսկ եթե իր նշանակած պաշտոնյաներին նկատի ունի, կներեք, ո՞վ է մեղավոր: Հետևաբար եթե քո խոսքը որպես վարչապետ չի իրացվում, էստեղ որևէ այլ տեղ մեղավոր փնտրելու, քան սեփական աշխատելաոճն է, ուղղակի տեղին չէ:

Խորհրդարանի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ձեր գործընկեր Բաբկեն Թունյանն էլ հակադարձում է` նվազագույն աշխատավարձն է բարձրացվել, կենսաթոշակները, ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը, ընդդիմությունը դա չի՞ նկատում: 

-Իհարկե նկատում ենք, ես չեմ նսեմացնում այդ գործությունները, գիտեմ կարևորությունը, բայց երբ նույն իմ գործընկերը նվազագույն աշխատավարձի նախագծի քննարկմանն ասաց, թե արդյոք 25500 դրամը բավարա՞ր է այդ խնդիրը լուծելու, ես համաձայնեցի որ իհարկե ոչ:

Իհարկե այն մարդու համար, ով 16000 դրամ էր ստանում, ակնհայտ է` փոփոխություն կա, բայց երկու-երեք օր անց դա նույնպես քիչ է թվալու: Այն ինչ բարձրացվում է, քիչ է, բայց ես դա որևէ կերպ չեմ քննադատում, ես ասում եմ, որ այդ բարձրացումները պետք է լինեն տնտեսական փոփոխության արդյունք, եկամուտները ոչ թե արհեստական ավելացումներով պետք է ավելանան, այլ որպես հետևանք:

Այլապես դրանք միշտ ունենալու են կարճաժամկետ ազդեցություն, մարդկանց բարեկեցություն ու գոհունակություն չեն պատճառելու, ակնհայտ է, որ 50 հազար ստացողի համար 10 տոկոսը լավ թիվ է, բայց երբ դառնում է 55 հազար, էական ոչինչ մարդու կյանքում չի լինում:

Կառավարությունը կապիտալ ծախսերով պետք է ապահովեր տնտեսական երկաժամկետ զարգացում, ինչի արդյունքում մարդկանց եկամուտները կավելանային:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter