HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2019-ին Հայաստանում գրանցվել է բնակչության ամենացածր թիվը

2019 թվականին արձանագրվել է նորանկախ Հայաստանի բնակչության ամենացածր թիվը՝ 2 մլն 965 հազար մարդ։ Սա Ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի վերջին տվյալն է։

Կոմիտեն հրապարակել է հանրապետության բնակչության թվաքանակը 1990 թվականից սկսած։ Տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1992-ից սկսած՝ բնակչության թիվը սկսել է նվազել։ Սակայն, բնակչության ամենացածր թվաքանակը հաշվառվել է 2019 թվականին։

Եթե 1992-ին, ԱՎԿ-ի տվյալներով, Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019-ին այս թիվը նվազել է 668 000-ով։

Համեմատելով 2018-2019 թվականների պաշտոնական վիճակագրությունը՝ նկատում ենք, որ բնակչության թիվը նվազել է հանրապետության բոլոր մարզերում, բացի Կոտայքից։

Ամենախիտ բնակեցվածը Երևանն է․ մայրաքաղաքում բնակվում է 1 մլն 81 հազար մարդ։ Բնակչության թվով երկրորդ մարզն Արմավիրն է։ Այստեղ հաշվառված է 263 հազար մարդ։

2019 թվականի դրությամբ՝ հանրապետությունում բնակվող կանանց թիվն ավելի մեծ է, քան տղամարդկանց թիվը։ Նախորդ տարի Հայաստանում հաշվառված է եղել 1 մլն 401 հազար տղամարդ (47.3 %) և 1 մլն 563 հազար կին (52.7 %)։ Տղամարդկանց եւ կանանց թիվը 2018-ի համեմատ 2019 թվականին նվազել է՝ համապատասխանաբար 6400-ով և 1000-ով։ Այսպիսով, 2019-ին տղամարդկանց թիվը եղել է 1 մլն 393 հազար 600, իսկ կանանց թիվը` 1 մլն 562 հազար:

Ինչու է նվազել Հայաստանի բնակչությունը․ մեկնաբանում է մասնագետը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը «Հետքի» հետ զրույցում բնակչության թվաքանակի նվազումը պայմանավորեց արտագաղթով, ոչ բարվոք սոցիալ-տնտեսական իրավիճակով և երկրում նախկինում հաստատված քաղաքական այն համակարգով, որը, ըստ նրա, չէր նպաստում ո՛չ տնտեսական զարգացմանը, ո՛չ մարդկանց առաջխաղացմանը։

«Մարդիկ իրենց հույսը կտրել էին Հայաստանի ապագայի նկատմամբ։ Իրենք իրենց չէին տեսնում այստեղ»,- ասաց նա։

Ժողովրդագրագետը, անդրադառնալով հետհեղափոխական Հայաստանում բնակչության թվաքանակի նվազմանը, նշեց, որ դա պայմանավորված է վերջին 27 տարիներին ձևավորված արտագաղթի ցուցանիշներով։

«Որովհետև մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից ունեցել ենք մոտավորապես 1 մլն 100 հազարից ավելի արտագաղթած մարդ, և այդ տանող գործոնները կան։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գնացել են, իրենց քույր-եղբայրներին իրենց հետ տանում են»,- ասում է Արտակ Մարկոսյանը։

Արտակ Մարկոսյանը իրատեսական է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մինչև 2050թ. Հայաստանի բնակչությունը դառնալու է 5 մլն։

«Այնպես չէ, որ 27 տարի հետո միանգամից պետք է վերականգնվի բնակչության թիվը։ Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև այնքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այնքան մեծ է եղել արտագաղթը, որ միանգամից հուսալ, թե այն պետք է կանգ առներ և սկսեին հետ գալ, չէր կարող լինել։ Ժամանակ է պետք՝ 4-5 տարի, որպեսզի մարդկանց հասկանալի լինի՝ ինչ գործընթացներ են լինում, ինչ ուղղությամբ ենք գնում, որ դրսի մարդը հասկանա՝ վերադառնալու պարագայում այստեղ ինչ պետք է անի»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը։

Լուսանկարը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (1)

HAGOP
YES! THIS IS NOT NEW PROBLEM!!! 30 YEARS WASTED! 30 YEARS OF MONEY STOLEN! ARMENIANS GO TO GLENDALE. SECTION 8! WELFARE! MERCEDES!!! NO NEED TO WORK!!! WHY STAY IN ARMENIA POOR AND COLD WHEN FREE MONEY, APARTMENT AND MERCEDES IN GLENDALE!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter