HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաներին

Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաներին: Թեհրանը հայտարարել է, որ սա գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության վրեժխնդրությունն է:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ, ԱՄՆ պաշտպանության նախարարի հանրության հետ կապերի գծով օգնական Ջոնաթան Հոֆմանը նշել է, որ Ալ Ասադում և Էրբիլում գտնվող ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է տասից ավելի բալիստիկ հրթիռ:

«Ակնհայտ է, որ հրթիռները արձակվել են Իրանի տարածքից, և ուղղված են եղել իրաքյան երկու ռազմաբազաներին, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի ռազմական և կոալիցիոն անձնակազմը»,- ասել է Հոֆմանը:

Իրանական մամուլը հաղորդում է, որ ամերիկյան ռազմաբազաների վրա արձակվել է մոտ 30 հրթիռ: Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա, սակայն իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ արձակված հրթիռային հարվածներից զոհվածների թիվը հասնում է 80-ի: Այնուամենայնիվ, այս ինֆորմացիան չի հաստատվել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաները հարվածների են ենթարկվել գեներալ Սուլեյմանի սպանության վրեժխնդրության համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, Իրանը խոստացել էր կոշտ պատասխան տալ Վաշինգտոնին:

«Իրանը համաչափ միջոցներ է կիրառել ինքնապաշտպանության նպատակներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ հարձակման ենթարկելով այն բազան, որտեղից վախկոտ հարձակումներ են արվել մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի կամ պատերազմի, բայց կպաշտպանվենք ցանկացած ագրեսիայից»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: 

Թեհրանը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս հանել իր զորքերը տարածաշրջանից, որպեսզի խուսափի զինվորականների կորուստներից: Իրաքում 5 հազար ամերիկացի զինվոր կա: 

Հարձակման առթիվ Վաշինգտոնում խորհրդակցություն է անցկացվել պաշտպանության նախարար Մարկ Էսփերի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ: «Թվիթերում» գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ամեն ինչ լավ է: Հրթիռները արձակվել են Իրանից՝ Իրաքում տեղակայված երկու ռազմաբազաների ուղղությամբ: Հիմա զոհերի և վնասների գնահատում է կատարվում: Ամեն ինչ նորմալ է ընթանում: Մենք ամենահզոր և լավ համալրված բանակն ունենք աշխարհում: Վաղը առավոտյան ես հայտարարություն կանեմ»,- գրել է Թրամփը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter