HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պայթուցիկի պատճառով վնասվածք ստացած 10-ամյա Տավրոսն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

Տավրոս Մկրտչյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, անցկացրել էր տատիկի և պապիկի տանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: Շենքի հարակից խանութից գնել էր պայթուցիկներ տոնական հրավառություն անելու համար, Ամանորի գիշերը շենքի պատշգամբից պայթուցիկները պայթեցնելիս վնասել է ձեռքի մատները, նրան տեղափոխել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղ նա ստացել է առաջին բուժօգնություն, իսկ այնտեղից տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Այդ առիթով այսօր՝ հունվարի 8-ին, հանդիպում էր կազմակերպվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Կենտրոնի պլաստիկ կոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը պատասախանեց լրագրողների հարցերին:

Վնասվածք ստացած 10-ամյա Տավրոսը պատմում է, որ պայթուցիկները գնել է մենակ, երկրորդ դեպքն է, որ պայթուցիկ է պայթեցնում, դրանցից օգտվել սովորեցրել է հայրիկը:

«10 հատ էր իրա մեջ, 3 հատը պայթեց, բայց 4-րդը ձեռքիս մեջ պայթեց, ինձ արագ տեղափոխեցին հիվանդանոց հետո բերեցին ստեղ, բժիշկն ասաց, որ վիրահատությունից հետո արդեն նորմալա»,- ասում է Տավրոսը:

Տավրոսը իր հասակակիցներին խորհուրդ է տալիս չօգտվել պայթուցիկներից:

«Ես չեմ ուզում, որ էլ դրանք ծախեն, ես խորհուրդ կտամ, որ էլ ոչ մեկ չառնի դրանցից, ու արգելեն ներմուծումը Հայաստան»,- ասում է նա:

Բժշկական կենտրոնի պլաստիկ կոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունյանը նշեց, որ դեկտեմբերից մինչ այսօր պայթուցիկների հետևանքով վնասվածք ստացած 6 քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն, 2-ը հոսպիտալացվել են, մնացածը ստացել են առաջին բուժօգնություն, նրանց հետագա բուժումը իրականացվել է տնային պայմաններում: Բժշկի խոսքով՝ դեկտեմբերից մինչ այսօր գրանցված ամենածանր դեպքը Տավրոսինն է:

«Ամանորի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում, Թալինի բժշկական կենտրոնից մեզ մոտ է տեղափոխվել 10-ամյա պատանի, աջ դաստակի պայթունային վնասվածքով: Այնտեղ ցուցաբերվել էր առաջին բուժօգնություն, վերքը կարվել էր և ուղարկվել մեզ մոտ: Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք՝ աջ դաստակը ամբողջովին լուրջ վերքերով էր, ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատի ոչ լրիվ անդամահատում: Ցավոք սրտի, երկրորդ մատի անդամահատված սեգմենտը վերականգնման ենթակա չէր, բայց մեզ հաջողվեց վերականգնել առաջին և երրորդ մատները: Երեխան ուներ նաև բազմաթիվ կոտրվածքներ, ձեռքի մեջ օտար մարմին ու ձեռքի մկանների ջնջխում: Ժամեր անց երեխային վիրահատել են, ընդհանուր անզգայացմամբ, վիրահատությունը տևել է 3 ժամ»:

Տավրոսը այսօր դուրս կգրվի բժշկական կենտրոնից, բայց 1.5 ամիս դեռ չի կարողանա օգտագործել ձեռքը: Բժշկի խոսքով՝ սա միակ դեպքը չէ, հիմնականում վնասվածք ստացածները երեխաներ են, բժշկական կենտրոնում օգնություն է ստացել մեկ մեծահասակ: Նա նշեց նաև, որ նախորդ տարիների համեմատ վնասվածք ստացած երեխաների թիվը նվազել է:

Դեկտեմբերի 17-ին պայթուցիկների հետևանքով առաջացած վնասվածքների վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը Առողջապահության նախարարությունը պատասխանել էր, որ նախարարության կողմից տեղեկատվություն չի հավաքագրվում:

«Վնասվածքները հավաքագրվում են՝ ըստ դրանց բնույթի և առաջացման պատճառների, որոնց թվում պայթուցիկները ներառված չեն:

Նախատեսվում է 2020 թվականին պայթուցիկները ներառել վնասվածքների առաջացման պատճառների ցանկում»,- նշված էր նախարարության պատասխանում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter