HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգենտինական ֆուտբոլից մինչև վրացական գինին

Թբիլիսահայ Վալերի Աղաջանովի հետ պատահական ծանոթությունը վերածվեց վրացական գինիների համտեսի։ Իրար հետևից շշերն առաջ բերելով՝ Վալերին սկսեց պատմել դրանցից յուրաքանչյուրի մասին։

Կարմիր գինու տարիքը ինչպես է որոշվում, սպիտակ գինու որ համը կարելի է մսի հետ վայելել, որ գինին ինչ ջերմաստիճանի տակ պետք է խմել և ինչպես համն ու հոտը առավելագույնս «բացել», որ գինու տեսակը ինչպես է ձևավորվել, կորիզների հետ շփումը որքան է եղել, որպեսզի տվյալ գույնն ու համը ստացվի, այս բոլոր հարցերին Վալերին և’ բացատրություններ, և’ հստակ պատասխաններ ունի։

Սակայն գինեգործությունը, պարզվում է, նրա մասնագիտությունը չի եղել, թեպետ գործը սկսելուց առաջ նաև այդ մասնագիտության նրբություններին է ծանոթացել:

Վալերին ֆուտբոլիստ է եղել: «Առաջ ասում էի` եթե ֆուտբոլ չխաղամ, չեմ կարողանա ապրել, հիմա ուրիշ ձևով եմ դրան նայում` խաղ է, բայց կյանք չէ իմ համար»,- պատմում է Վալերին: 

Ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ Արգենտինայում ֆուտբոլային կարիերան թողել և վերադարձել է Վրաստան։ «Ավելի հետաքրքիր բան է կատարվում աշխարհում, մենակ ֆուտբոլը չէ»,- ավելացնում է նա։

Այնուհետև մեկնել է Միացյալ Նահանգներ, բնակվել այնտեղ։ Սակայն շուտով հասկացել է, որ Ամերիկան նույնպես իր երկիրը չէ։ Երկրորդ տարին է՝ վերադարձել է Վրաստան։ Գինիների նկատմամբ հետաքրքրությունն այնքան է խորացրել, որ որոշել է լրջորեն զբաղվել դրանով։

Վրաստանում տուրիզմի և գինու նկատմամբ աճող պահանջարկը նրան «ստիպել» է գտնել գործընկեր և նրա հետ բացել հազվագյուտ գինիների հավաքածու-խանութ սրահ, որտեղ ոչ միայն կարելի է գնել, այլ նաև համտեսել և մեկիկ-մեկիկ իմանալ յուրաքանչյուր գինու ստացման պատմությունը։

«Կա գինու մշակույթ և ավանդույթ: Ինչը որ մեզ ավանդույթը բերել է, մշակույթ է դարձել»,- ասում է Վալերին:

Նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Վրաստանը տուրիզմի լայն հնարավորություններ ունի, որտեղ հատկապես գինու ոլորտը գայթակղիչ է և հեռանկարային։

«Գինին սիրում եմ։ Վրաստանում գինին մեծ պատմություն ունի։ Վրացիք էդ են պատմում, որ ամենհին երկիրն են, որ գինի են սարքում»,- ասում է Վալերին։

Կարմիր, թե սպիտակ գինի՝ հարցին, դժվարանում է պատասխանել․ «Կարմիրն էլ եմ սիրում, սպիտակն էլ, գինի եմ սիրում։ Միշտ փորձում եմ տարբեր, նոր գինիներ»,- ասում է նա։

Չնայած համտեսելու համար բոլոր հարմարություններն ու հնարավորությունները սրահում կան, այնուամենայնիվ, Վալերին խոստովանում է, որ գինին պետք է օդի «շփում» ունենա, որ համը իրական լինի։ «Երբ նստում ես ու նույն գինին ես խմում, ամեն 10 րոպեն մեկ գինին փոխում է իր համը»,- մանրամասնում է նա:

Գինիների մեջ մասնագիտացած ֆուտբոլիստն ասում է, որ վրացական սպիտակ գինին պետք է ավելի տաք ջերմաստիճանի ներքո խմել, քան եվրոպականները: Վրացական համով գինու և գինու գույնի գաղտիքներից մեկն էլ այն է, որ գինեգործները կորիզների հետ են թողնում թրմվի այն։

Վալերին իր խանութում հավաքել է հատուկ գինիներ, որոնք այլ տեղերում կամ չեն ճարվում, կամ հատ ու կենտ են։ Բոլորն ինչ-որ մրցանակներ և պատվոգրեր են շահել, լավագույնն են իրենց տեսակով, քիչ քանակով շշալցված:

Վալերին խոստովանում է, որ վրացական գինիների նկատմամբ արգելքները և Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումներն ազդում են գինեգործության վրա, սակայն կարծում է, որ «խաղադրույքը» ոչ թե Ռուսաստանի, այլ տարբեր երկրների վրա պետք է դնել, գայթակղել եվրոպական երկրների զբոսաշրջիկներին: Այս տարի իրենք էլ փորձելու են արտահանման վրա աշխատել, որպեսզի հազվագյուտ գինիները հասցնեն աշխարհին:

Գինի Աղաջանովների ընտանիքն էլ է սարքել։ Ավելին, նրանց տանը դեռ պահվում է 25 տարվա գինի, որը պատրաստվել է այն ժամանակ, երբ Վալերին երեխա է եղել։ Այն պետք է բացվի Վալերիի ամուսնության առթիվ։

«Բայց խարաբ է էղնում արդեն, շատ ուշացա ես»,- ծիծաղում է Վալերին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter