HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակում ոստիկանության գործողությունների իրավաչափությունը

Մաշտոցի այգին տոնավաճառի վերածելու` Երեւանի քաղաքապետարանի անօրինական ծրագրի դեմ հասարակության բողոքի ձայնը հերթական անգամ փորձ արվեց ճնշել սովորական ոստիկանական բռնի մեթոդներով: Հասարակությունը ի սկզբանե միտված էր խնդրի իրավական ճանապարհով լուծմանը եւ այժմ էլ իր գործողությունները ունեն նույն խաղաղ, օրինական բնույթը: Սակայն, ինչպես հետեւում է գործընթացների բովանդակությունից, քաղաքապետարանն ընտրել է իր ապօրինի որոշումը ոստիկանական անօրինական բռնաճնշումների միջոցով կյանքի կոչելու ճանապարհը:

Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները վկայում են այն մասին, որ ոստիկանությունը կարծես թե ձգտում է լինել բարեկիրթ, ակնհայտ կոպիտ իրավախախտումների չգնալ, գոնե ձեւականորեն պահպանել օրենքի տառը:

Սակայն այս ամենով հանդերձ ոստիկանության աշխատակիցների գործողությունները շարունակում են լինել անօրինական, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք «հասարակական կարգի պահպանման» կլիշեի տակ, ըստ էության, փորձում են ապահովել բացարձակ անօրինական մի որոշման իրականացումը:

Ընդ որում` ոստիկանության գործողություններին վերաբերող հարցին պետք է մոտենալ երկու ուղղությամբ: Առաջինն այն է, որ ոստիկանները չեն ներկայացրել շինարարության օրինականությունն ապացուցող թույլտվություն, թեեւ քաղաքացիները դա պահանջում էին:

Սա արդեն իսկ ոստիկանության գործունեությանը վերաբերող մի շարք իրավական ակտերի խախտում է, ինչի համար առանձին ոստիկաններ պետք է առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկվեն:

Սակայն այստեղ կա շատ ավելի խորքային հիմնախնդիր. արդյոք ոստիկանությունը պարտավո՞ր է առանց առարկությունների եւ խնդրո առարկայի ուսումնասիրման կատարել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրահանգներն ու ցուցումները:  

Ահա այստեղ արդեն մի շարք հարցադրումներ են առաջանում: Իր գործողությունների օրինականությունը հիմնավորելու համար ոստիկանությունը հղում էր կատարում քաղաքապետարանից ուղարկված ինչ-որ փաստաթղթի վրա, որով ոստիկանությանը պահանջ է ներկայացվել ապահովելու Մաշտոցի պուրակում իրականացվող շինարարական աշխատանքների բնականոն ընթացքը: Արդյոք այդ փաստաթուղթը կարո՞ղ է բավարար լինել` դրանում ներկայացված պահանջը առանց քննարկման իրականացնելու համար:

Այստեղ պետք է պարզել, թե ի՞նչ իրավական փաստսթղթերով է կարգավորվում քաղաքապետարան-ոստիկանություն հարաբերությունները` կա՞ն արդյոք ընթացակարգեր: Ի՞նչ հիմնավորումներ պետք է ներկայացնի քաղաքապետարանը կամ այլ պետական մարմինը, որպեսզի ոստիկանությունը ներգրավվի իր որոշումներն իրականացնելու համար: Կա՞ արդյոք այդպիսի հիմնավորումների հաստատված ցանկ:

Քանի որ առաջանում է պատասխանատվության խնդիր, կարեւոր է նաեւ հասկանալ, թե ոստիկանությունում ինչպե՞ս են որոշումներն ընդունվում, ի՞նչ ընթացակարգով:

Կարո՞ղ է որդյոք վիճարկվել քաղաքապետարանի պահանջը ոստիկանությանը ներգրավելու հարցում, կարո՞ղ է ոստիկանությունը համարել, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն: Առկայության դեպքում՝ մատչելի՞ է արդյոք այդ ընթացակարգը հանրությանը և այլն:

Ահա այս հարցերի պատասխաններն են, որ պետք է ոստիկանության համար լինեն հրատապ կարգով քննարկման առարկա, այլապես հասարակական ընկալման մեջ ոստիկանությունը ներկայանում է որպես պետական տարբեր կառույցների անօրինական գործողությունները պաշտպանող պատժիչ մեքենա, եւ ոչ թե իրավապահ մարմին:

Հասարակական կարգի պահպանությունը չի կարող դիտվել որպես բացարձակ եւ անվերապահ հիմնավորում անօրինական գործողությունների իրականացումը երաշխավորելու համար: Դրանով արժեզրկվում է ոստիկանության իմաստը` որպես իրավապահ մարմին: Այսպիսի գործելաոճով ոստիկանությունն ըստ էության իր վրա է վերցնում այն հարվածը, որն ուղղված է այլ պետական կառույցներին:

Հասկանալի է, իհարկե, որ խնդիրը պետք է դիտարկել իր համակարգային ամբողջության մեջ, քանի որ ոչ իրավական պետության պայմաններում ոստիկանությունը չի կարող էականորեն այլ վարքագիծ դրսեւորել, քան պետական մյուս մարմինները:

Այնուհանդերձ, հաշվի առնելով այն իրողությունը, որ հասարակությունն այլեւս չի պատրաստվում հանդուրժել պետական տարբեր տրամաչափի չինովնիկների անօրինականությունները եւ դրանք պաշտպանող ոստիկանական բռնաճնշումները, կարծում եմ` ժամանակն է լուրջ քննարկման առարկա դարձնել ոստիկանության-պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերությունները եւ հասարակության կարծիքը հաշվի առնել այդ հարաբերություններում:

Արթուր Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter