HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը լրացուցիչ արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը

Կառավարությունն այսօր լրացուցիչ արտոնություն տվեց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր ու Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիների «Անիտեքս» ընկերությանը։

Գործադիրի որոշմամբ «Անիտեքս» ընկերությունը Հայաստան կներմուծի հավելյալ 2.8 միլիարդ դրամի սարքավորումներ Չինաստանից, Թուրքիայից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից՝ առանց ներմուծման մաքսատուրքը վճարելու։

Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ «Անիտեքս» ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որի համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ դրամ: Սակայն այժմ անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ «Անիտեքս» ընկերությանն ընդհանուր առմամբ տրվել է մաքսատուրքից ազատման 972 միլիոն դրամի արտոնություն։

Ընկերությունը նախարարությանը հայտնել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696 միլիոն դրամի ներդրում:

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- գործադիրին հայտնել էր Էկոնոմիկայի նախարարությունը:

«Անիտեքս» ընկերությանը տրված առաջին արտոնության մասին «Հետքը» գրել էր դեռևս 2018 թվականին։ Հայտնել էինք, որ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Անիտեքս»-ը գրանցվել է 2017թ․ օգոստոսին։ Ընկերությունների հիմնական բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է:

Կիպրոսի ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Նաթքոմ լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերի 40 %-ը Աստղիկ Ալեքսանյանինն է, 30-ական տոկոս բաժնետոմս ունեն Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարի Նազարեանները: Եղբայրները Լիբանանի քաղաքացիներ են:

Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից (Նիկոլ Փաշինյանի այցը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter