HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ալեքսան Պետրոսյանի ազատության համար նրա հարազատները պատրաստ են 20 մլն դրամ վճարել. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր քննվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը: Նշենք, որ Պետրոսյանի վերաբերյալ գործը դատարան է ստացվել 2019-ի տարեվերջին, դատավոր Վարդան Գրիգորյանն այն վարույթ է ընդունել դեկտեմբերի 27-ին:

Կալանքի տակ գտնվող Ալեքսան Պետրոսյանը դատարան չէր ներկայացվել, գրությամբ հայտնել էր, որ տեղյակ է դատական նիստի մասին, սակայն առողջական խնդիրների պատճառով ներկայանալ չի կարող: Պետրոսյանը խնդրել էր նիստն անցկացնել իր բացակայությամբ, ինչը գործի քննության այս փուլում թույլատրվում է:

ԱԺ նախկին պատգամավորը, հիշեցնենք, մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ, կալանքի տակ է 2019-ի նոյեմբերի 16-ից:

Այսօրվա դատական նիստին գործով դատախազ Հայկ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Ալեքսան Պետրոսյանին կալանավորելու հիմքերը, որոնք ներկայացվել են գործի մինչդատական վարույթում, այժմ պահպանվում են: Ըստ Հայկ Պետրոսյանի` առկա է ինչպես Ալեքսան Պետրոսյանի կողմից գործի վրա անօրինական ազդեցության, այնպես էլ քննությունից թաքնվելու ռիսկ: Պետրոսյանը հիշեցրեց, որ երեկ Վերաքննիչ դատարանը քննել է Ալեքսան Պետրոսյանի կալանքի դեմ բողոքն ու գտել, որ նրան կալանավորելու որոշումը հիմնավոր է:

Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիրքորոշում հայտնեց, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Ալեքսան Պետրոսյանը կատարել է իրեն վերագրվող փողերի լվացմանն օժանդակելու արարքը: Պողոսյանը նշեց, որ անձին փողերի լվացման հոդվածով մեղադրանք առաջադրելու համար պետք է հիմնավորել, որ նա գիտակցել է գույքի` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը և գիտակցաբար օժանդակել այն օրինականացնելու հարցում, ինչը չի հիմնավորվել:

Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ Ալեքսան Պետրոսյանի մեղադրանքի հիմքում 2011 թվականին Արամ Հարությունյանից վերցված փոխառությունն է, որն, ըստ Արամ Հարությունյանի մեղադրանքի, վերջինս Սիլվա Համբարձումյանից կաշառք է ստացել 2008-ին, այսինքն՝ Պետրոսյանի վերցրած փոխառությունից երեք տարի առաջ:

Պաշտպանը նաև շեշտեց, որ Սիլվա Համբարձումյանն Արամ Հարությունյանին կաշառք տալու մասին առաջին անգամ բարձրաձայնել է 2015 թվականին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու միջոցով, և հետևություն արեց, որ Ալեքսան Պետրոսյանը 2011-ին՝  Արամ Հարությունյանից փոխառություն վերցնելու ժամանակ, որևէ կերպ չէր կարող ենթադրել, որ վերցվող գումարը կարող է հանցավոր ծագում ունենալ:

Միհրան Պողոսյանը նշեց, որ այս քրեական գործով չկա որևէ վկա, որի վրա Ալեքսան Պետրոսյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել այն պարզ պատճառով, որ չկան Ալեքսան Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձինք, նա չի առերեսվել որևէ անձի հետ: Առհասարակ, ըստ Միհրան Պողոսյանի, Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործը ոչ թե Պետրոսյանի կողմից փողերի լվացման հանգամանքն, այլ Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու հանգամանքն ապացուցելուն է միտված:

Պողոսյանը նշեց, որ Ալեքսան Պետրոսյանի գործով ընդամենը երկու անձ է հարցաքննվել՝ Սիլվա Համբարձումյանը և «ՄԱՊ» ընկերության աշխատակից Անդրանիկ Խաչատրյանը, իսկ դատակոչում եղած մյուս վկաները, որոնք հարցաքննվել են ավելի վաղ, քան Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք առաջադրելը, առհասարակ չեն ճանաչում Պետրոսյանին:

Անդրադառնալով դատախազի նշած հանգամանքին, թե առկա է նաև Ալեքսան Պետրոսյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգ, Միհրան Պողոսյանը հիշեցրեց, որ քրեական գործով մեղադրյալ է նաև Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը:

«Ալեքսան Պետրոսյանը կարող է որդուն թողնել Հատուկ քննչական ծառայության «գերության» մեջ ու թաքնվե՞լ»,- հարցրեց Միհրան Պողոսյանը` դա անտրամաբանական համարելով:

Պաշտպանը նաև նշեց, որ մինչև 2018-ի ապրիլ (ամենայն հավանականությամբ նկատի ունի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը-հեղ.) չի եղել դեպք, որ նույն արարքի համար հայր և որդի զրկվեն ազատությունից, բայց Հատուկ քննչական ծառայությունն այդ գիծը ևս անցել է ու Ալեքսան Պետրոսյանի հետ ձերբակալել նաև նրա որդուն՝ Մակար Պետրոսյանին: Նշենք, որ այժմ Մակար Պետրոսյանն ազատության մեջ է, ձերբակալումից հետո նա ազատ է արձակվել, սակայն մեղադրյալի կարգավիճակ ունի:

Պաշտպանը նաև նշեց, որ Ալեքսան Պետրոսյանը 63 տարեկան է, «ՄԱՊ» խոշոր ընկերության բաժնետեր, իրականացնում է դրա փաստացի կառավարումը, 14 տարի եղել է ԱԺ պատգամավոր, իր խնամքին է չաշխատող կինը, նախաքննական մարմնի ամեն զանգով պատշաճ ներկայացել է: Պողոսյանն ասաց, որ Ալեքսան Պետրոսյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնց համար նախկինում պարբերաբար բուժում է ստացել Բեռլինում: Ըստ պաշտպանի՝ Պետրոսյանն առաջին ատյանի դատարանում իր խափանման միջոցի գործով դատական նիստին չի թույլատրել խոսել խնդիրների մասին, բայց հիվանդության մասին փաստաթղթերը ներկայացվել են քննիչին:

Այսպիսով, պաշտպանը խնդրեց վերացնել Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պողոսյանը նաև շեշտեց, որ այն դեպքերում, երբ ինքը գտնում է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ իր պաշտպանյալները կատարել են իրենց վերագրվող արարքները, ինքը գրավի միջնորդություն չի ներկայացնում, սակայն, հաշվի առնելով Ալեքսան Պետրոսյանի առողջական խնդիրները և նրան անհրաժեշտ հետագա բուժումը, ստիպված է նաև նման միջնորդությամբ հանդես գալ: Պողոսյանը նշեց, որ թեև Ալեքսան Պետրոսյանի և նրան  պատկանող ՄԱՊ ընկերության գույքը կալանքի տակ է, նրա հարազատները պատրաստ են 20 մլն դրամի չափով գումար փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին:

Դատախազ Հայկ Պետրոսյանը, արձագանքելով Միհրան Պողոսյանի խոսքին, թե ՀՔԾ-ն հատել է կարմիր գիծը, նշեց, որ կարմիր գիծը գուցե խախտված լիներ, եթե Ալեքսան Պետրոսյանի որդին` Մակար Պետրոսյանը, նույնպես կալանավորվեր, ինչը չի արվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ որդին չի կարող գործի վրա այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպիսին Ալեքսան Պետրոսյանը:

Մեղադրող Պետրոսյանը նաև մեջբերեց հատված Ալեքսան Պետրոսյանի ցուցմունքից, որում վերջինս հայտնում է, որ 2011 թվականի սեպտեմբերի սկզբներին հանդիպել է Արամ Հարությունյանին, և նա ասել է, որ ցանկանում է դրսում ունեցած իր անձնական գումարը փոխանցել Հայաստան, առաջարկել, որ Պետրոսյանը գումարը կանխիկացնի և տա իրեն:

«Այստեղ ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Ասում է, որ Արամ Հարությունյանն ինձ առաջարկել է իր գումարները փոխանցել Հայաստան իմ կազմակերպության միջոցով, որը գրանցված է օֆշորում»,- նշեց Հայկ Պետրոսյանը: Նշենք, որ խոսքը օֆշորում գրանցված «Տառասկո» ընկերության մասին է: Ըստ քրեական գործի` Ալեքսան Պետրոսյանին պատկանող այս ընկերությունից փոխանցում է կատարվել նրա որդուն պատկանող ՄԱՊ ընկերությանը, ապա գումարը վերադարձվել Արամ Հարությունյանին:

Ավելի ուշ Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը մեկ այլ հատված մեջբերեց նրա տված ցուցմունքից: Դրանում Ալեքսան Պետրոսյանը հայտնում է, որ ինքը շատերից է ընկերության կարիքների համար գումար խնդրել և վերադարձրել: Այդ անձանց մեջ եղել է նաև Արամ Հարությունյանը:

«Ինձ իմ խնդրանքից որոշ ժամանակ անց Արամ Հարությունյանն առաջակեց, որ ժամանակավորապես կարող է պարտքով գումար առաջարկել, որն իր բիզնեսից առաջացած գումարն է»,- մեջբերեց Միհրան Պողոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Պետրոսյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղը՝ հունվարի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter