HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սերգո Կարապետյանի և ևս երկու անձի գործով նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է: «Հետքի» հետ զրույցում Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ այս պահին իրենց տրամադրվել են գործի նյութերը` ծանոթանալու համար:

«Իրավական գործընթացների մասին վերջնական կարող ենք խոսել գործի նյութերին ծանոթանալուց հետո, բայց արդեն իսկ հպանցիկ ծանոթանալով գործի նյութերին` կրկին վերահաստատում եմ մեր այն դիրքորոշումը, որ գործն ամբողջությամբ շինծու է, և պարոն Սարգսյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդմանն ուղղված գործողություն է»,- ասաց Ամրամ Մակինյանը: Պաշտպանը նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ որևէ նոր քննչական գործողություն չի կատարվել:

Մակինյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ բողոք են ներկայացրել դատախազություն․ դեռևս պատասխան չունեն:

«Այն հիմնավորումները, որոնք դրվել են պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու հիմքում, ամբողջությամբ անհիմն են»,- ասաց Ամրամ Մակինյանը:

«Հետքի» հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ բացի Սերժ Սարգսյանից քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի ևս 4 անձ, որոնց թվում՝ Բարսեղ Բեգլարյանը:

«Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնի է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց ծանոթանալու համար»,- ասաց Մարինա Օհանջանյանը:

Իրավապահ համակարգում «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ` գործով մեղադրյալներից մեկն էլ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է, սակայն վարույթն իրականացնող մարմինը դրա վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 4-ին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ կառավարությունը հաստատել է  հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է  մարզպետարանների և  գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Ըստ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Բարսեղ Բեգլարյանին, որ մեղադրյալ են նաև Սերգո Կարապետյանն ու այլ անձինք, որոնց ինքնությունն այս պահին մեզ հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter