HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւելագետ. «Կարծում եմ՝ Իրանի վրեժխնդրությունն այս փուլում հրթիռակոծությամբ կավարտվի»

«Հետքի» հարցերին պատասխանում է արեւելագետ Սարգիս Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, օրեր առաջ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով հայտարարում էր սպանված գեներալի համար ԱՄՆ-ից վրեժխնդիր լինելու մասին: Սակայն Իրաքի տարածքում 2 ամերիկյան ռազմաբազա թիրախավորելուց հետո, չնայած Իրանի հոգեւոր առաջնորդը նշեց, թե դա միայն ապտակ էր, այդուհանդերձ, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք ավարտել են վրեժը գեներալ Սոլեյմանիի սպանության համար, եւ նոր ռազմական գործողություններ չեն լինելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ այս ընթացքում, Իրանն իսկապես բավարարվա՞ծ է իր տված պատասխանով, թե՞ զսպող հանգամանքներ կային:

-Կարծում եմ՝ Իրանի վրեժխնդրությունն այս փուլում հիշյալ հրթիռակոծությամբ կավարտվի: Իրավիճակը մոտ ժամանակներում կմնա անփոփոխ, սակայն լարված: Ըստ իս` Իրանը բավարարված է ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելով: Ավելին անել այս փխրուն տարածաշրջանում աշխարհի թիվ մեկ հզոր պետության դեմ վտանգներով է լեցուն:

-Ինչպես եւ որոշ փորձագետներ ենթադրում էին, Իրան-ԱՄՆ պրոքսի պատերազմը չվերաճեց լայնամասշտաբ գործողությունների: Արդյոք դրան նպաստեց նաեւ այն, որ առաջիկայում այդ երկրներում ընտրություններ են լինելու:  

-Հավանաբար, լայնամասշտաբ գործողություններ երկու երկրներն էլ չեն ուզում: Սա երկուստեք ուժի ցուցադրություն էր, որը ինչ-որ պահի պետք է ավարտվեր: Ամեն դեպքում, կողմերի միջեւ լարվածությունը կմնա, որը կպահպանվի մինչեւ ընտրություններ: Երկու կողմերը կփորձեն խաղալ այդ լարվածության վրա` օգտագործելով իրենց հասու գործիքակազմերը:

-Իրաքի խորհրդարանն օրեր առաջ կողմ քվեարկեց իր երկրի տարածքից օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան զորքերի դուրսբերմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ սպառնաց պատժամիջոցներ կիրառել, ապա հայտարարեց, թե Իրաքում ունեն չափազանց թանկ ավիաբազա, որի կառուցումը միլիարդներ է արժեցել, եւ իրենք չեն հեռանա այդտեղից, մինչեւ գումարները չվերադարձվեն իրենց: Իրաքում ամերիկյան ներկայության ի՞նչ հեռանկար եք տեսնում, Իրաքը սեփական վերահսկողության տակ պահելու համար մղվող Իրան-ԱՄՆ պայքարում ի՞նչ զարգացումներ են սպասվում:    

-Դեռեւս իրարամերժ տեղեկություններ են հասնում ամերիկյան զինուժի՝ Իրաքում մնալու կամ հեռանալու մասին: Պարզ է նաեւ, որ Իրաքի խորհրդարանը այդ որոշումը կայացրել է զգացական ֆոնի ներքո՝ առանց խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի համաձայնության: Ամերիկացիները դեռեւս ինչքան հնարավոր է կմնան Իրաքում, քանի որ դեռեւս կա իսլամական ծայրահեղականության ակտիվացման վտանգ, եւ դեռեւս Իսլամական պետությունից սպասելի են վտանգներ:

Իրաքում մենք կտեսնենք միջնորդավորված բախումներ եւ թեժ ընդհարումներ ամերիկամետ եւ իրանամետ շարքերի միջեւ: Սակայն պետք է նկատել, որ կան նաեւ չեզոք դիրքորոշման կողմնակիցներ, որոնք Իրաքը տեսնում են ո՛չ իրանական, ո՛չ ամերիկյան ազդեցության երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter