HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Վարուժան Նալբանդյան

․․․երկրորդ անգամ եմ գրում Վարուժան Նալբանդյանին հիշում եմ վերստին ու շարունակ հիշելու եմ մինչև այն պահ ու ժամանակ, քանի դեռ«չեմ հասկացել» մեր կողքին նրա ապրելու անլիարժեքության գաղտնիքը կամ իբրև մա՞րդ էր ապրում, թե՞ գրող, թարգմանիչ, բնավ չխորշելով մեզ համար անսովոր իր կենսարկերպը՝ ապրելու միակ պայմանի «օրենքներին» մեզ պարտադրելուց՝ չափազանց անփույթ ու հիգիենայի սահմաններից անդին, տարրական հիգիենայի՝ գրեթե ամենքի համար վրդովեցուցիչ։ Բայց նրա այս կերպն ինձ ամենևին չէր վանում գիտեի, որ Վարուժանն է, հենց այսպիսին պետք է լիներ, ինչպես կար ու դրանով էր ներկայանալի շուրջ երեսուն տարի շարունակ, ինչպիսին նրան տեսել ու ճանաչել եմ երևանյան սրճարաններում, որպես «տեղական» մշտական այցելու կամ խմբագրություններում ու գրողների միությունում, իսկ փողոցում քայլելիս՝ չափազանց ինքնարձակ էր, իրականությունից դուրս։ Չնայած իր համար կար միայն մեկ իրական աշխարհ՝ իր ներաշխարհը, որտեղ ոչ ոք «մուտք ու ելք» չուներ՝արգելված էր իր սահմանած օրենքների ողջ խստությամբ, իր անխոսությամբ երբեմն ցինիկ արտահայտություններով, ինքնապաշտպանվելով․․․

Եգիպտոսում ծնված լինելու և 40-ականների վերջերին հայրենադարձվելու հանգամանքը շատերի համար ոչ այնքան զարմանալի էր, որքան իր կյանքի երևի թե ամենապատահական դիպվածներից, այլ խոսքով՝ ճակատագրական։ Ընտանիք, տուն, կենցաղ հասկացությունները մեր օրերի դերվիշի համար կարծես թե գոյություն չի ունեցել․․․ իր ծննդյան օրից։ Որտեղ էլ աշխատելիս լինեի,- «Սփյուռք» հրատարակչություն, «Նորք» հանդես, «Գրական թերթ»,- Վարուժանի այցերը միշտ սպասելի էին ներս էր մտնում խոժոռադեմ և միանգամից տարատեսակ փիլիսոփայական «երեք անհայտներով հավասարումներ» շաղ տալիս հենց դռան սեմին։ Ես սովորություն էի «ձեռք բերել» երբեմն նրա ուշադրությունը շեղելով այս կամ այն հարցի շուրջ՝ փարձում էի Վարուժանին պահել իր «դիրքերում», որ խոսի, իսկ ես իրենից թաքուն երբեմն գրառում էի նրա թևավոր սյուրռեալիստական վերացարկումները։

Վարուժանի հերթական այցն էր, ինչպես միշտ իր արդեն սովորական դարձած ներխուժումին, ես դիմավորեցի «կազմ ու պատրաստ» և նախահարձակ եղա «Ինչ կա, թրջվե՞լ ես, անձրև է գալիս»։ Ուրիշ բան չունեի հարցնելու։ Ու ինքն անդավաճան իր բնույթին հերթական անգամ անակնկալի բերեց «Կանանց մասին ես միշտ հիշում եմ անձրևի տակ թրջվելուց հետո, իմ ցանկությունները նման են կանանց՝ ֆրանսիացի հոմանուհիներին, որոնք միշտ ոտքերը լայն բացած հրավերի են սպասում․․․» և ակամա հնչեց հռհռաձայն ծիծաղը։ Իսկ խոսքի շարունակությունն ավելի քան սյուրռեալիստական էր «Եթե քո կյանքում հանդիպեն կանայք, որոնք իրենց սավանները չեն ճմռթել իմ ծիծաղի բանականությամբ, չտխրես, քարերը հավաքելու և սավանները փոխելու ժամանակը դեռ չի եկել»։ Այսպատառիկները՝ վարուժանյան բանավոր խոսքարվեստի տարբեր թղթերի վրայից «ծիկրակում են» և մինչև հիմա ի պահ է տրված ինձ»։ Երբեմն վերընթերցում եմ և ափսոսանք ապրում, որդրանց միակ ընթերցողն եմ։

Հաճախ ինձ թվում էր թե իր չափազանց այլաշխարհային պատմվածքներից, էսսեներից կամ ֆրանսիական աբսուրդի թատրոնի հեղինակներն են՝ (Սարտր, Ադամով) բանավոր խոսքն «ընդմիջում» և նրանցից արված մեջբերումներով է իր խոսքին էքսցենտրիկ երանգավորումներ տալիս։ Հիմա նույնիսկ չգիտեմ, այդպես էր, թե ոչ։ Բայց իր ինքնակերպությունը կարծում եմ որևէ փոփոխության չէր ենթարկվում և իրեն շրջապատող միջավայրը, հասարակությունը,- որի նկատմամբ մի տեսակ ներքին չարությամբ էր լցված,- իրեն որոշապես ներում էին, սա անառարկելի փաստ է։

Հերթական վարուժանական այց զայրացած էր,-  ինչպես միշտ,- չորս կողմը նայելով ներս մտավ «Նորք» հանդեսի իմ աշխատասենյակ, և միանգամից «Ֆրանսիացիներն ասում են՝ գրողի մեջ երկու մարդ պետք է լինի, բայց ես ունեմ իմ բացատրությունը», կարճատև հռհռաց ու շարունակեց «Ի՞նչ է պետք գրողին իր մեջ երկու մարդ ունենալու համար, դա շատերին չի վերաբերում, որովհետև նրանցից շատերը նախ մարդ չեն, և երկրորդ՝ մարդ փնտրելու ժամանակ չունեն․․․ Գոդոյին սպասելիս կամ սպանելիս․․․», և հռհռոցը սենյակից դուրս տարածվեց։

Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսի պայմաններում է ծնվել, ինչպիսին է եղել երիտասարդական տարիներին՝ մինչհայրենադարձվելը։ Հարցեր, որոնց պատասխանը վստահ եմ ինքն էլ չի ունեցել կամ իրեն չի հետաքրքրել։ Բայց ինձ միշտ մի սևեռուն միտք է հարցապնդել ու կարծես թե հավատացել եմ այդ մտքի, գուցե իրողության իսկությանը, որ ինքը ծնողազուրկ երեխա է, և այդ ներքին, անպարագծելի ատելությունը շրջապատի, նույնիսկ ինքն իր նկատմամբ որոշակի ոխակալությամբ է  պարուրել նրան ողջ կյանքի ընթացքում։ Իր համար ամեն ինչ սևով էր պատկերված՝ հալածյալ էր, անտեսանելի ոլորտներից հետապնդումների էր ենթարկվումահավասիկ իմ ճանաչած միակ գրողը, թարգմանիչը, որի կյանքն ու ստեղծագործությունը հոգեվերլուծաբանության պետք է ենթարկվի, չմոռանանք նշել նաև տաղանդավոր մտավորականը՝ իր կենսակերպով որքան էլ շատերի համար մերժելի, ի սպառ անընդունելի։ Բայց այսպիսին էր Վարուժան Նալբանդյանը, այլ կերպ չէր կարող լինել, ու այսպես էլ ապրելով մնաց անճանաչելի ՝ ցմահ այդպես էլ անտեղյակ մնացինք՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում մահացավ, և ի վերջո կա՞ր մեկը, որ սգար նրա կորուստը, իր իսկ բառերով «Իմ շուրջը տիրում է սահմանափակ պատասխանատվությամբ ամենագիտություն»․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter